ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման հարցին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց նախարարին՝ ի՞նչ է արվել առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման համար, երբվանի՞ց է ներդրվելու համակարգը։
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կառավարության ներսում եւ ԱԺ-ում օրենսդրական փաթեթը շատ ինտենսիվ քննարկվում է։
«Եվ, այո, վստահաբար գնալու ենք ներդրման ուղիով։ Քննարկում ենք ճանապարհները եւ փուլայնության հետ կապված որոշակի հատվածներ։ Այո, սա շատ մեծ բարեփոխում է, իր մեջ ներառում է բազմակոմպոնենտ հատվածներ։ Ժամկետների առումով էլ, մենք օրենսդրական նախագիծն այնպես ենք շարադրել, որ ընդունելուց հետո վեց ամսվա ընթացքում այն հնարավոր է գործարկվի։ Բայց մենք հիմա գտնվում ենք ինտենսիվ քննարկման փուլում, եւ հուսով եմ, որ առաջիկայում կառավարության շրջանակներում կամփոփենք մեր դիրքորոշումները եւ շատ ավելի մշակված, պատրաստված ու ընդհանրական ձեւով կգանք Ազգային ժողով»,- ասաց Ավանեսյանը։
Կարդացեք նաև
Ավանեսյանն ասաց նաեւ, որ Հայաստանում մահացության առաջին տեղում սիրտանոթային հիվանդություններն են։ Եվ այս հետազոտությունը հիմք է հանդիսացել նաեւ ապահովագրական փաթեթի մշակման համար։ «Մենք ավելի ու ավելի շատ գումարներ պետք է ծախսենք կանխարգելման վրա՝ հաշվի առնելով նաեւ մեր դեմոգրաֆիական տենդեցները։ Մենք ծերացող հասարակություն ենք, սա նշանակում է, որ առաջիկա տարիներին առողջապահական ծախսերն աճի տենդենց են ունենալու։ Եվ եթե այսօր կառավարենք այդ հիվանդությունները, միանշանակ, ծախսերը կկրճատվեն»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ