Լրահոս
Օրվա լրահոսը

Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին

Հունիս 11,2025 21:03

11 հունիսի, 2025թ, Երևան․ Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական ամենամեծ համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային մեգանախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը:

ՀՀ կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական նորարարությունները արագացնելու և տարածաշրջանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքներ ներդնելու նպատակով Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ:

Հայաստանի Հանրապետության, IT և տեխնոլոգիական տեղական և միջազգային անվանի ընկերությունների այս ռազմավարական համագործակցությունը վճռորոշ դեր կունենա երկրի տեխնոլոգիական հուսալի ապագայի կառուցման համար:

NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նշում է՝ արհեստական բանականության գործարան-կենտրոնները 21-րդ դարի ենթակառուցվածք են. «Մեր համագործակցությունը Հայաստանի հետ կօգնի զարգացնելու արհեստական ​​բանականության հիմնարար կարողությունները և ողջ տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի նորարարության և տնտեսական աճի համար»:

Team ընկերությունների խումբը, կառավարելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Team Telecom Armenia և իռլանդական Imagine Broadband ընկերություններն ու հանդիսանալով վրացական SkyTel ընկերության բաժնետեր, կծառայեցնի իր փորձագիտական ռեսուրսներն ու տարածաշրջանում կապի եզակի ենթակառուցվածքները մեր երկրում այս հսկայածավալ նախագիծը կյանքի կոչելու նպատակով:

«Պատիվ ունենք մասնակցելու այս ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ նախաձեռնության իրականացմանը՝ ներդնելով տեխնոլոգիական ոլորտում մեր բազմամյա փորձն ու ռեսուրսները։ Մեր մասնակցությունը արտացոլում է Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական ​​բանականության լուծումների և թվային ապագայի գլոբալ կենտրոն դարձնելու պատրաստակամությունը»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Firebird-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը նշում է՝ այս մեգանախագիծը Հայաստանից մինչև աշխարհ նորարարության համար մեկնարկային հարթակ ստեղծելու մասին է:

«Մենք ներդրումներ կկատարենք նորարարական մոդելների, ռոբոտաշինության և գիտության մեջ՝ համագործակցելով աշխարհի առաջատար համալսարանների հետ: Սա նաև կնպաստի Հայաստանում նորարարության ոլորտում գործունեություն ծավալող սերնդի ձևավորմանն ու ոլորտի խթանմանը»,-նշում է նա:

Ներդրումային այս նախագծին որպես  Firebird-ի հիմնադիր գործընկեր և ռազմավարական խորհրդատու է միացել նաև Flagship Pioneering-ի գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը. «Տեխնոլոգիական առաջատար ոլորտում Հայաստանի զարգացումը կկառուցվի գլոբալ համագործակցության և երկարաժամկետ ներդրումների միջոցով: Արհեստական ​​բանականության ոլորտի զարգացումը Հայաստանի և տարածաշրջանի համար համարձակ քայլ է երկիրը համաշխարհային արհեստական ​​բանականության ոլորտում դիրքավորելու ճանապարհին»,-նշում է Աֆեյանը։

«Մենք ոգևորված ենք տեխնոլոգիաների արտահանման և արհեստական բանականության ոլորտում ԱՄՆ-ի առաջնորդության ներուժով, որի շնորհիվ կարող ենք Հայաստանում խթանել նորարարությունը՝ ի նպաստ մեր երկրների: Ամերիկյան այնպիսի ընկերությունները, ինչպիսին է NVIDIA-ն, շարունակում են առաջարկել աշխարհում առաջատար հաշվարկային և ԱԲ լուծումներ, և մենք հպարտ ենք, որ հենց նրանք են դառնում հայկական կողմի գործընկերները»,-նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Այս մասշտաբային նախագիծը փաստում է պետության, տեխնոլոգիական ու թվային ոլորտի ընկերությունների արդյունավետ համագործակցությունն ու տարածաշրջանում Հայաստանը որպես տեխնոլոգիական ազդեցիկ կենտրոն դիրքավորելու` մասնակից բոլոր կողմերի հանձնառությունը:

 

Team ընկերությունների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30