Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ապրեսյան. «Ջալալ Հարությունյանի քրգործի շրջանակներում բազմաթիվ ապացույցներ են խեղաթյուրվել եւ դատարանը հետազոտված ապացույցներին հակասող եզրահանգման է եկել»

Հունիս 11,2025 22:35

«Վերաքննիչ դատարանում առաջին դատական նիստի ժամանակ ինքնապաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործով հանրային մեղադրողի նկատմամբ: Դատարանը քննարկեց այդ միջնորդությունը եւ մերժեց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը:

«Այսօր քննարկում էինք Ջալալ Հարությունյանի գործով վերաքննիչ բերված բողոքներից մեկը: Վերաքննիչ բողոքի շրջանակներում քննարկման արդյունքում պաշտպանական կողմի դիրքորոշումը, մոտեցումն այն է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սույն գործով օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն չի իրականացրել, դատարանի եզրահանգումները չեն բխում քրեական գործով ձեռք բերված ու հետազոտված ապացույցներից: Մասնավորապես, այդ քրեական գործի շրջանակներում բազմաթիվ ապացույցներ խեղաթյուրվել են, դատարանը բառացիորեն քրեական գործով հետազոտված ապացույցներին հակասող եզրահանգման է եկել եւ գնահատել է, որ Ջալալ Հարությունյանը մեղավոր է քր. օրենսգրքի նախկին 376 հոդվածի 3-րդ մասով այն պարագայում, որ նրան մեղսագրվում է մի արարք, որը չի կատարել:

Մասնավորապես գործի փաստական կողմը: Ջալալ Հարությունյանին մեղսագրվում է, որ երբ Ջուվարլու կոչվող հրետանային դիտակետից կապ են հաստատել բանակի խորացված հրամանատարական կետ եւ տեղեկացրել են մոտեցող խմբավորման վերաբերյալ: Դրանք հակառակորդ, թե յուրային խմբավորումներ են, Ջալալ Հարությունյանի պատասխանն, իբր, ազդել է, որի արդյունքում այդ ստորաբաժանումը կորցրել է զգոնությունը:

Պաշտպանական կողմը անկախ հանգամանքից, թե Ջալալ Հարությունյանը ինչպիսի պատասխան է տվել՝ հստակ է պատասխանել, որ յուրային զորքեր են, թե ոչ, թե հավանականության առումով է պատասխանել, պաշտպանական կողմը գտնում է, որ դա բացարձակապես որեւէ հետեւանք, մասնավորապես, Ջալալ Հարությունյանի պատասխանի եւ առաջացած հետեւանքի միջեւ չի կարող առաջացնել: Դա չի կարող պայմանավորված լինել Ջալալ Հարությունյանի պատասխանով: Ինչո՞ւ:

Ունենք իրավիճակ, հաստատված հանգամանք. մինչեւ Դ 20 դիվիզիոնի կրակային դիրքից զորամասի հրետանու պետ Հայրապետյանի կողմից խորացված հրամանատարական կետ՝ բանակի հրետանու պետին կապի միջոցով այդ մասին հայտնելը, արդեն իսկ երկու անգամ տարբեր ստորաբաժանումներ, մի դեպքում 18-րդ դիվիզիայի հրետանու շտաբի պետ Աշոտ Սողոմոնյանը, մեկ այլ դեպքում «Արա Լեռ» կոչվող զորամասի հրամանատար Աշոտ Ղուլյանը արդեն իսկ տեղյակ էին պահել Նորայր Հայրապետյանին, որ մոտեցող խմբավորումը միանշանակ  հակառակորդի խմբավորում է: Եվ ինչո՞վ են պատճառաբանել: «Նրանք հարձակվեցին մեզ վրա, եկան մեր ուղղությամբ, մենք նրանց վրա կրակեցինք, այդ խմբավորումը թեքեց ուղղությունը եւ շարժվում է ձեր ուղղությամբ: Անցեք շրջանաձեւ պաշտպանության եւ դիմակայեք այդ հարձակմանը:

Այսինքն, արդեն իսկ Նորայր Հայրապետյանը ուներ հստակ տեղեկատվություն, որ մոտեցող խմբավորումը հակառակորդի խմբավորում է:

Բացի այդ, ունենք մի կոնկրետ իրավիճակ, որ նույն Դ 20 դիվիզիոնի դիտորդը զեկուցում է եւ Հայրապետյանին եւ դիվիզիոնի հրամանատարին, որ մոտավորապես երկու կիլոմետրից դիտարկում է խմբավորում: Խոսքը  մի պարագայում գնում է 40 հոգու վերաբերյալ, մեկ այլ պարագայում՝ 60, 100, եւ այլն եւ միաժամանակ նշում է, որ այդ խմբավորումը հակառակորդի խմբավորում է, ասում է՝ թուրքեր են եւ ինչու: Ասում է՝ դրանք չադրաներով են, ուսապարկերով, մեջները կան եւ հայկական համազգեստով անձինք: Դրանց մեջ կա անձ, որը ձեռքի շարժումից հետեւում է, որ ԱԹՍ է կառավարում:

Եվ այս պարագայում տրված տեղեկատվությունը միանշանակ բավարար էր դիվիզիոնի հրամանատարության համար, որպեսզի վերջնականապես գար այն համոզմունքին, որ դա հակառակորդի խմբավորում է, եւ միջոցներ ձեռնարկեր ինքնապաշտպանության կամ հակառակորդին խոսելու ուղղությամբ:

Եվ ինչ է անում: Նորայր Հայրապետյանը փորձում է զանգել խորացված հրամանատարական կետ եւ այնտեղից պատասխան է ստանում: Աշոտ Սողոմոնյանը եւ Աշոտ Ղուլյանը նորից կապվում են Նորայր Հայրապետյանի հետ եւ ասում. «Նորիկ, էլ ինչի՞ ես զանգում: Մենք քեզ ասում ենք՝ հաստատ թուրքեր են ու դու նորից զանգում ես հրամանատարական կե՞տ: Անցեք պաշտպանության»:

Եվ այս պարագայում մեղադրել, որ Ջալալ Հարությունյանի գործողությունները կամ նրա ասած կարծիքը, դիրքորոշումը պատճառ է հանդիսացել, որ հակառակորդը դրանից հետո մոտավորապես 1,5 կմ առաջ գա ու ոչնչացնի անձնակազմը, աբսուրդի տրամաբանության մեջ է»,-ասաց փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30