2018թ. հոկտեմբերին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունը հաստատեց Կ. Ա.-ի մեղադրական եզրակացությունն, այն ուղարկելով դատարան: Նրան մեկ տարի առաջ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «նա գործով չպարզված անձից եւ հանգամանքներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի` 4.91 գրամ քաշով թմրամիջոց եւ պահել իր ներքնակի տակ»:
2021 թվականին, այսինքն երեք տարի հետո, դատական առաջին ատյանը կայացրեց դատավճիռ, իսկ երկու օր առաջ՝ Վճռաբեկ դատարանը կայացրեց որոշում:
Նշեմ, որ բարձրագույն կրթությամբ, մանկաբույժի նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Կ. Ա.-ն ցուցմունք էր տվել, որ. «Ինքը կյանքում թմրանյութ չի օգտագործել, որեւէ մեկից չի գնել ու որեւէ մեկին չի վաճառել: Մասնագիտությամբ մանկաբույժ է, շփվում է երեխաների եւ նրանց ծնողների ու այլ հարազատների հետ: Եթե ինքը լիներ թմրանյութ օգտագործող, ապա իրեն որեւէ մեկը չէր վստահի: Չի ընդունում թմրամիջոցների օգտագործումն ընդհանրապես, քանի որ դրանք վնասակար են առողջությանը: Բացի այդ, ունի առողջական խնդիրներ, ուստի չէր կարող օգտագործել: Աշխատավայրում եւ շրջապատում բոլորն իրենից գոհ են եւ հարգում են: Ունի երեխաներ, թոռնիկներ:
Կարդացեք նաև
Երեք օր իրեն ՁՊՎ-ում պահելուց հետո, առանց զգուշացնելու, առանց փաստաբանի եւ քննիչի ներկայության, իրենից անալիզ են վերցրել, կատարել փորձաքննություն: Իրավունք է ունեցել հրաժարվելու անալիզ հանձնելուց, սակայն քանի որ առանց փաստաբանի է եղել այդ ամենը, չի իմացել հրաժարվելու հնարավորության մասին:
Իր կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ եզրակացությունը սխալ է: Մեզի մեջ թմրամիջոցը պահպանվում է 21 օր, ուստի այդ ընթացքում պետք է պատասխան տան, սակայն եզրակացությունը ստացվել է երկու ամիս անց»:
Նա նաեւ հայտնել էր, որ չեն պահել նմուշների օրինակները, քանի որ եթե կա անհամաձայնություն, դրանք պետք է ուղարկվեն կրկնակի փորձաքննության:
Բողոք է ներկայացրել, որ եզրակացությունը սխալ է, ուստի այլ փորձագիտական հիմնարկում եւս անալիզ է հանձնել:
Ըստ գործի նյութերի, առաջին փորձագետը հարցաքննության ընթացքում նշել է, որ մազի մեջ թմրամիջոցները չեն վերանում, դրանց քանակությունը միայն կարող է նվազել, սակայն երկրորդ փորձաքննության ընթացքում իր մազի մեջ թմրամիջոց չի հայտնաբերվել:
Այս գործով կար մեկ վկա:
Ընդամենը այս մեկ վկան է պատմել «թմրանյութի» մասին»: Խուզարկության համար ոստիկանները խմբով եկել են իրենց բնակարան, ծեծել են դուռը, այնուհետեւ վկայի հետ բարձրացել են երկրորդ հարկ: Երբ իմացել են, որ վկան երրորդ հարկում է ապրում, նրան առաջարկել են ներկայացնել թմրանյութը, իսկ վկան էլ ներկայացրել է իր օգտագործման համար պահվող թմրանյութը: Դրանից հետո խուզարկություն չի եղել: Հաջորդ խուզարկության դուռը չեն թակել, պատուհաններով մտել են տուն. Հայտնաբերվածից ինքն ընդհանրապես տեղյակ չէ, չի կարող ասել, թե որտեղից է հայտնվել իր անկողնու տակ…
Առաջին ատյանի դատավճռով Կ. Ա.-ն արդարացվել է, նրա խափանման միջոցը վերացվել:
Հինգ հատորանոց գործով բողոք է բերել դատախազը, նա, ով պահանջել էր 8 տարվա ազատազրկում: ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի վերաքննիչ բողոքը դատարանը բավարարել է մասնակիորեն, վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը, եւ Կ. Ա.-ին դատապարտել 6 տարի 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողել է անփոփոխ:
Հունիսի 6-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշեց վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Կ. Ա.-ի վերաբերյալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դատավճիռը եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թ. մայիսի 23-ի որոշումը բեկանել եւ փոփոխել։ Նրան ճանաչել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով եւ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով:
«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ ազատել պատժից: Վերաքննիչ դատարանի դատական ակտը մնացած մասերով թողնել անփոփոխ։
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի «գործողություններում իրացման նպատակի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետեւությունները հիմնավորված չեն: Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան չի հիմնավորվում այն հանգամանքը, որ նա իրացնելու նպատակով է ապօրինի ձեռք բերել եւ իր ննջասենյակի մահճակալի տակ պահել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը առավելապես հիմնվել է ենթադրական բնույթի դատողությունների վրա»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2025