Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետություն-եկեղեցի» բախումը բացառելու հրամայականը երկխոսությունն է. «Բացում» նախաձեռնություն

Հունիս 12,2025 12:04
«Բացում» նախաձեռնության ուղերձները պետական և հոգևոր իշխանության ղեկավարներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափառ Տեր,

Դիմում ենք Ձեզ «Բացում» նախաձեռնության անունից՝ հաշվի առնելով այս օրերին ստեղծված ազգային և պետական խորը ճգնաժամը։

Կից ներկայացնում ենք մեր հայտարարությունը, որտեղ նկարագրել ենք արտաքին և ներքին սպառնալիքները, որոնք վտանգում են պետականության և ազգային ինքնության շարունակականությունը։ Հայտարարության մեջ նշված է, որ իրավիճակի հանգուցալուծման լավագույն ճանապարհը պետական և եկեղեցական ինստիտուտների ղեկավարների անմիջական, փակ և կառուցողական երկխոսությունն է՝ առանց հրապարակային սրացումների։ Այդ նպատակով դիմել ենք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին։

Հստակ գիտակցում ենք Ձեր, Գերագույն հոգևոր խորհրդի և եկեղեցու անդամների, ինչպես նաև հակառակ կողմի դիրքորոշումները։ Անզեն աչքով տեսանելի է, որ այդ դիրքորոշումները հանրության ներսում իրար դեմ լարում է առաջացրել։ Սակայն հավատացած ենք, որ Վեհափառի կոչումը և հոգևոր առաջնորդի բարձր դիրքը հնարավորություն են տալիս հանդես գալ իրավիճակից վեր կանգնած և հանգուցալուծել այս ճգնաժամը ի բարօրություն ապագա սերունդների, քանզի Ձեր առաքելությունն է՝ ապահովել մեր ժողովրդի և նրա հավատի հարատևությունը։

Երկխոսության կազմակերպման և հանդիպման ձևաչափի համաձայնեցման պատասխանատվությունը ամբողջությամբ Ձեր և վարչապետի վրա է։ Մեր տեսլականով՝ երկուստեք կարող եք ձևավորել բանագնացների խումբ՝ երկխոսությունը կազմակերպելու համար։ Մատենադարանը դիտարկում ենք որպես խորհրդանշական, չեզոք վայր, որը մարմնավորում է հայ ժողովրդի բարձր տոկունությունը, պատմական ու պետական ունեցվածքը և հոգևոր ներդաշնակությունը։

Ձեր համաձայնությունը նման երկխոսությանը կգնահատվի հասարակության և պատմության կողմից որպես պատասխանատու ու ապագային նայող որոշում։ Ցանկացած այլ ընտրություն՝ մերժում, ձգձգում կամ անպատասխան թողնելը, այս բարդ իրավիճակում հասարակության ընկալմամբ կհամարվի հոգևոր իշխանության Ձեր կարգավիճակից հրաժարում, որին հետևող իրադարձությունների ամբողջական հետևանքները, ինչպես մեր հայտարարության մեջ է նշված, ընկնում են Ձեր և Խորհրդի վրա։

Հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել մեր առաջարկին։

Ողջախոհ հանրությունը սպասում է Ձեր հրատապ որոշմանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պարոն վարչապետ,

Դիմում ենք Ձեզ «Բացում» նախաձեռնության անունից՝ ներկայիս խորացող ճգնաժամի պայմաններում, երբ պետականությունն ու հանրային անվտանգությունը կանգնած են ծանրագույն սպառնալիքների առջև։

Կից ներկայացնում ենք մեր հայտարարությունը, որտեղ նկարագրել ենք արտաքին և ներքին սպառնալիքները, որոնք վտանգում են պետականության և ինքնիշխանության շարունակականությունը։ Հայտարարության մեջ նշված է, որ իրավիճակի հանգուցալուծման լավագույն ճանապարհը պետական և եկեղեցական ինստիտուտների ղեկավարների անմիջական, փակ և կառուցողական երկխոսությունն է՝ առանց հրապարակային սրացումների։ Այդ նպատակով նույնաբովանդակ նամակ ենք ուղարկել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Գիտակցում ենք թե՛ Ձեր, թե՛ հակառակ կողմի դիրքորոշումները, և ակներև է, որ մեր հանրությունը միմյանց դեմ է լարվում այդ դիրքորոշումների պատճառով։ Սակայն Ձեր՝ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության ներկայիս ղեկավարի, կարգավիճակն է պարտադրում, որ ճգնաժամին հրատապ լուծում տաք։

Երկխոսության կազմակերպման և հանդիպման ձևաչափի համաձայնեցման պատասխանատվությունը ամբողջությամբ Ձեր և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա է։ Մեր տեսլականով՝ երկուստեք կարող եք ձևավորել բանագնացների խումբ՝ երկխոսությունը կազմակերպելու համար։ Մատենադարանը դիտարկում ենք որպես խորհրդանշական, չեզոք վայր, որը մարմնավորում է հայ ժողովրդի բարձր տոկունությունը, պատմական ու պետական ունեցվածքը և հոգևոր ներդաշնակությունը։

Ձեր համաձայնությունը երկխոսությանն ու խաղաղ հանգուցալուծմանը կնշանակի, որ Դուք իրականացնում եք պետության ղեկավարի Ձեր հիմնական առաքելությունը՝ ապահովել երկրի անվտանգությունն ու կայունությունը։ Իսկ երկխոսությունից հրաժարվելը, ձգձգելը կամ անպատասխան թողնելը, հատկապես այս իրավիճակում, հասարակության ընկալմամբ կդիտարկվի որպես հրաժարում Ձեր պետական իշխանության ղեկավարի կարգավիճակից, որն անխուսափելիորեն կունենա իր քաղաքական և հանրային հետևանքները։

Հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը՝ խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել մեր առաջարկին։

Ողջախոհ հանրությունը սպասում է Ձեր հրատապ որոշմանը։

«Բացում» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30