«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ մասնակցել եմ «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ին, որտեղ «Հայաստան-Ադրբեջան բանակցություններ. առաջընթացի հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ներկայացրել եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում եղած իրական խոչընդոտները։
Խոսել եմ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի ինստիտուցիոնալիզացման մասին, փաստերով ներկայացրել եմ, թե ինչպես է այն շրջանառության մեջ դրվել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, խոսել եմ ադրբեջանական հանրակրթական դպրոցների պատմության դասագրքերում քարոզվող ատելության, Հայաստանի հանդեպ զավթողական ծրագրերի ուսուցման և դրանից բխող ռիսկերի մասին։ Կրկին համոզմունք եմ հայտնել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ ոչ մի թուղթ չի ստորագրելու, հակառակը՝ որքան արագ է հայկական կողմը կատարում Ադրբեջանի պահանջները, այնքան ավելի ագրեսիվ ու պահանջկոտ է Բաքուն դառնում։ Կա պարզ տրամաբանություն, եթե խաղի ընթացքում դու քո խաղաքարտերից հերթով հրաժարվում ես՝ դիմացը չստանալով ոչինչ, ապա նշանակում է, որ հակառակորդ կողմը ձեռք է բերում նոր խաղաքարտեր, իսկ դու մնում ես ձեռնունայն։
Մի հարցում վստահ եմ՝ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը խելացի դիվանագիտական ու քաղաքական աշխատանքի դեպքում կարելի է դարձնել ՀՀ անվտանգության պաշտպանության կարևոր գործիք միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։ Դրա համար ունենք փաստական նյութ, մնում է աշխատել՝ խելացի ու կազմակերպված։
«ԱՊՐԻ Արմենիա»-ին շնորհակալ եմ հրավերի և հետաքրքիր քննարկումների հարթակ տրամադրելու համար։ «ԱՊՐԻ»-ն Հայաստանում գործող կարևոր վերլուծական կենտրոններից է, որը կարողանում է նույն հարթակում լսելի դարձնել տարբերվող, երբեմն հակասող կարծիքներ՝ առավել ընկալելի ու բալանսավորված լուծումներ գտնելու նպատակով։
Կարդացեք նաև