Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը 20-ից ավելի նվերներ է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ գնահատման

Հունիս 12,2025 13:12

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ներկայացրեց հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Ըստ նրա՝ 2024-ի ընթացքում ուսումնասիրել են 120 պաշտոնատար անձի բարեվարքությունը, 2023-ի 54 դեպքի ուսումնասիրության փոխարեն: Նրա խոսքով, թվի նման աննախադեպ աճը հիմնականում կապված է պաշտոնատար անձանց կողմից թույլ տված առերեւույթ շահերի բախման դեպքերի աճի հետ:

Հաշվետու ժամանակահատվածում պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտման 5 դեպքով վարույթ է հարուցվել, երկու դեպքով հանձնաժողովն արձանագրել է խախտում, երեք վարույթ կասեցվել է, որովհետեւ այդ դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել:

Հանձնաժողովն իրականացրել է նաեւ 40 ուսումնասիրություն պաշտոնյաների՝ պաշտոնի հետ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ, ապա կատարել է մշտադիտարկում՝ սուբյեկտ վերցնելով մարզպետներին ու նրանց տեղակալներին՝ 105 պաշտոնյայի: Նրանցից 40-ի ընտանիքի անդամները, ըստ հանձնաժողովի, զբաղվելիս են եղել ձեռնարկատիրական գործունեությամբ, 9 դեպքով պաշտոնյային փոխկապակցված անձինք՝ առևտրային կազմակերպություններ կամ անհատ ձեռներեցներ են մասնակցել եւ հաղթող ճանաչվել համայնքային գնումներին, 7 դեպքով փոխկապակցված անձինք հաղթող են ճանաչվել հենց նույն համայնքում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել:

Ըստ Գալստյանի 2023-ի հետ համեմատած՝ 2024-ին 6 անգամ աճել են շահերի բախման դեպքերը, 51 դեպք է ուսումնասիրվել, հիմնական խնդիրները գնումների գործընթացների հետ են կապված: 2 դեպքով հանձնաժողովը դիմել է գլխավոր դատախազություն: Մեկ դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, մյուս դեպքով օպերատիվ կերպով ստուգվել է:

Գալստյանի խոսքով, մեկ դեպք են ունեցել, երբ պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնի առերեւույթ խախտում են արձանագրել: Կոնկրետ դեպքը վերաբերել է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն. «Դիմել էինք իրավապահներին, սակայն դիտավորության բացակայության հիմքով քրեական վարույթը կարճվել էր: Բայց շահերի բախում կար, ընտանիքի անդամի հետ խոշոր պայմանագիր էր կնքել խախտումով, քանի որ նախանշված գնից ավելի բարձր գին սահմանած անձ էր եղել, այդ պայմաններում իրավունք չունեին ընտանիքի անդամի հետ պայմանագիր կնքել: Դրանից հետո ընթացքում պայմանագրի պայմաններ էին փոխվել… »:

Անդրադառնալով պաշտոնյաների՝ թույլատրելի ու անթույլատրելի նվերներ ստանալու դեպքերին, նվերների հաշվառմանը՝ Գալստյանն ասաց, որ 2024-ին հաստատել են ստացված նվերների 72 ձեւաթուղթ, դա վերաբերում է թույլատրելի նվերներին, որոնք պետք է հաշվառվեն:

Ըստ Գալստյանի՝ նույն ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանը, 20-ից ավելի նվերներ է ներկայացրել հանձնաժողով՝ գնահատման: Հանձնաժողովն էլ բաց աղբյուրների կիրառմամբ՝ փորձել է բոլոր նվերների առնչությամբ տալ ֆինանսական գնահատական, ըստ դրա առաջարկել հաշվառել կամ չհաշվառել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30