«Քրեակատարողական ծառայությունը, համակարգը ունի ցանկություն, որ ազատությունից զրկված մարդիկ աշխատեն»,- Մեդիա կենտրոնում կայացած՝ «Ազատազրկվածները ցանկանում են աշխատել. ո՞րն է համակարգի արձագանքը» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով. «Ծառայությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում՝ արդյունավետացնելու նրանց աշխատելու հնարավորությունները: Ինչ վերաբերվում է աշխատանքի եւ զբաղվածության վերաբերյալ վիճակագրությանը, նշեմ, որ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավված են եղել եւ այս պահին էլ ներգրավված են ազատությունից զրկված 230 անձինք: Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում, որոնք վարձատրվող են, ներգրավված է 117 անձ, այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր ունեն եւ աշխատում են 23 անձ, եւ իրենց համաձայնությամբ ոչ վճարովի աշխատանքներում ընդգրկված են 90 դատապարտյալներ»:
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի ձեւակերպմամբ, բացի բուն աշխատանքային գործունեությունից՝ զբաղվածությունը կարեւոր նշանակություն ունի դատապարտված անձանց վրա, նրանք նաեւ կարող են խցերում զբաղվել ստեղծագործական աշխատանքներով. «2025թ 5 ամիսների ընթացքում ազատությունից զրկված շուրջ 100՝ ազատությունից զրկված անձ ներգրավել է նմանատիպ ստեղծագործական աշխատանքներում»: Նա հավելեց, որ փորձում են գտնել համագործակցողներ, որ հնարավոր լինի ազատությունից զրկված անձանց ստեղծագործական աշխատանքների վաճառքը կազմակերպել:
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Մարիամ Անտոնյանը փաստեց, որ դատապարտված անձանց ներգրավվածությունը վարձատրվող աշխատանքներում բավականին ցածր ցուցանիշ ունի: «Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել, որ հիմնականում ազատությունից զրկված անձինք ներգրավված են չվարձատրվող աշխատանքներում եւ կոչ է արել գործուն քայլեր ձեռնարկել՝ մասնավորապես արտախցային պայմաններում զբաղվածությունն ապահովելու համար: Շատ կարեւոր է, որ տարանջատենք զբաղվածությունն ու աշխատանքը:
Կարդացեք նաև
Միջազգային չափանիշների համաձայն՝ շատ կարեւոր է, որպեսզի ազատությունից զրկված անձինք այնպիսի աշխատանքով ապահովվեն, որը հնարավորություն կտա զարգացնելու անձի կարողությունը, որպեսզի պատիժը կրելուց հետո հետագայում ազատության մեջ անձը կարողանա իր ապրուստը վաստակել»:
Մարիամ Անտոնյանն ընդգծեց. «Ներկայումս քրեակատարողական հիմնարկներում շատ քիչ հնարավորություններ կան, որպեսզի անձինք զբաղվեն այնպիսի աշխատանքներով, որը թույլ կտա հետագայում ապահովել իրենց ապրուստը»:
Միեւնույն ժամանակ նա նաեւ որոշ դրական միտումներ արձանագրեց. «Սեւան քրեակատարողական հիմնարկում կա կահույքագործության արտադրաուսումնական տարածք, որտեղ անձինք սովորում են կահույք պատրաստել, նաեւ ծրագրեր կան, որ նրանք հետագայում ներգրավվեն վարձատրվող աշխատանքներում»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի