-«Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները որոշել են արեւի տակ իրենց տեղը զբաղեցնելու, առաջին ընդդիմադիրի թագը վերցնելու գործընթաց սկսել: Այս գործընթացը որեւէ արդյունք չի ունենալու, քանի որ նրանք իրար մեղադրելու համար են այս գործընթացը սկսել, որ հետագայում կարողանան դիվիդենտ շահել ու յուրաքանչյուրն իր շուրջն ավելի հավատարիմ զանգված կոնսոլիդացնի,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի սկսած իմպիչմենթի գործընթացին:
– Այս գործընթացն ընդհանրապես կապ չունի ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու հետ: Քանի որ չունեն անկախ երկու պատգամավորի ստորագրություն, նրանք չեն կարող իմպիչմենթի գործընթաց սկսել կամ իրենց ընտրած թեկնածուն գա ԱԺ, ցավոք սրտի: Կուզենայինք լսել նրա քաղաքական մտքերն ու աշխարհաքաղաքական դատողությունները: Բայց այստեղ ոչ մի նոր բան տեղի չի ունենում, մեկ տարվա ընթացքում փորձում են իրար դեմ դիվիդենտներ հավաքել,- հավելեց պատգամավորը՝ բացառելով, որ ՔՊ-ից որեւէ պատգամավոր միանա ընդդիմության սկսած գործընթացին:
Նրա խոսքով՝ ՔՊ-ն ավելի ամրապնդվում ու համախմբվում է այն արժեքների շուրջ, որ կրում են, իրենց վարչապետի շուրջ, երբ ավելի շատ են տեսնում վտանգ, որ որոշ գործընթացներ կարող են պետության համար խնդիրներ առաջացնել. «ՔՊ-ից չեք կարող գտնել մի մարդ, որը Դավիթ Համբարձումյանին կարող է տեսնել վարչապետի թեկնածու, դա զավեշտ է»:
Հետո դիմելով ընդդիմադիր խմբակցություններին՝ Մինասյանը շարունակեց. «Այդքան երկար ժամանակ, եռանդ ու ներուժ ունե՞ք, որ կարողանաք մեկ տարվա ընթացքում այդքան մեծ պատրաստություն տեսնեք ընտրություններին: Ի՞նչ եք անում, զբաղվեք նախընտրական գործընթացներով, քաղաքական օրակարգ ստեղծեք…Դաշտում եղած ուժերից միակն ենք, որ քաղաքական օրակարգ ունի ու տեսնում է, որ քաղաքացիները որոշակի չափով աջակցում են այդ օրակարգին»:
Կարդացեք նաև
Պատասխանելով իշխանության սկսած հակաեկեղեցական պայքարի վերաբերյալ հարցերին՝ պատգամավորը նախ շտկումներ արեց. «Հակաեկեղեցական արտահայտությունը տեղին չէ, հակագարեգինյան էլ չեմ կարող ասել: Սա դեմ է եկեղեցու այն ներկայացուցիչներին, որոնք տարիներ շարունակ ուխտը դրժել եւ դրա արդյունքում այլեւս չեն կարող եկեղեցում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնել: Հարցն այն է՝ արդյոք այդ մարդիկ այնքան բարեվարքություն կունենան, որ առանց մեծ խժդժությունների թողնեն վեհարանն ու իրենց հավատքին անսալով՝ ավելի մաքուր ու ավելի բարեվարք կաթողիկոս ընտրեն»:
Անդրադառնալով հակաեկեղեցական պայքարում ադրբեջանական կամ թուրքական հետք տեսնողներին՝ Մինասյանն ասաց. «Եթե Հայաստանում հիմա խոսենք բենզինի գնաճից, ընդդիմությունը կարող է ենթադրել՝ Ադրբեջանը եսիմ ինչ արեց, որ Հայաստանը սկսեց խոսել բենզինի գներից: Օդի աղտոտվածությունից խոսենք, ընդդիմությունը կմոգոնի մի հատ թեզ, թե Ադրբեջանից եկող քամիները խանգարում են: Ըստ իրենց ՝ մենք ներքաղաքական թեմա քննարկելու իրավասություն չունենք, որովհետեւ իրենց ուղեծրում ամեն ինչ պտտվում է հակաադրբեջանական ու հակաթուրքական մտքերի ներքո: Եկեք քննարկենք իրողությունները, որ չեք հերքում: Արդյո՞ք կան եկեղեցիներ, որոնք խնդիր ունեն բարեկարգության, մաքրության, որոնց դիմաց վաճառում են բաներ, որ հենց եկեղեցականների կողմից է այդ վաճառքն իրականացվում, ինչը շատ հավատացյալների զայրույթն է առաջացնում, կա՞ կուսակրոնության խնդիր: Եկեք այդ խնդիրներից խոսենք, հետո նոր դա դարձրեք աշխարհաքաղաքական հարց»:
Պատգամավորը համոզված է՝ հենց եկեղեցու պաշտպանության համար պետք է Գարեգին Բ-ն հեռանա. «Որովհետեւ տեսնում ենք՝ նա քաղաքացիների մեծամասնության սերն ու հարգանքը չի վայելում: Իսկ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես հավատացյալ, նրա խոսքը հավատավոր հոտի հետ է, ոչ թե որպես վարչապետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ