Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցում է Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 113-րդ նստաշրջանին:
ՀՀ պատվիրակության կազմում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։
Նստաշրջանի ընթացքում նախարար Մկրտչյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ընդգծել է համաժողովի դերի կարևորությունը՝ աշխատանքային իրավունքների խթանման, արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարադատության գաղափարների տարածման գործում։ Նա շեշտել է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում է ԱՄԿ սկզբունքներին և արժեքներին՝ ուղղված լինելով արժանապատիվ աշխատանքի ապահովմանը, կայուն զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը։
Անդրադառնալով ՀՀ աշխատանքի և զբաղվածության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ Նարեկ Մկրտչյանը խոսել է ոլորտային ամենածավալուն փաստաթղթի՝ ՀՀ զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարությամբ նախատեսվող աշխատանքների մասին։ Բանախոսը նշել է, որ ռազմավարությամբ ուրվագծվում է ՀՀ աշխատաշուկայի զարգացման տեսլականը՝ ներկայացնելով ներառական և բարձր արտադրողականության աշխատատեղերի ստեղծման, տնտեսական աճի և աղքատության կրճատման ուղղությամբ առաջիկա քայլերը։ Այս տեսլականի իրականացման գործում ընդգծվել է նաև Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային ՀՀ անդամակցության և ստանձնած հանձնառությունների կարևորությունը․
Կարդացեք նաև
«2023 թ․ Հայաստանը միացավ Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային՝ միանալով ՄԱԿ-ի 2030 թ․ կայուն զարգացման նպատակներից բխող արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության ուղղությամբ ռազմավարական հանձնառությանը։ Այս ընթացքում պարբերաբար կազմակերպվել են սոցիալական արդարության արժեքների խթանմանը նվիրված միջոցառումներ, որոնք միավորել են տարբեր երկրներ ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականության մշակողների և գիտնականների։ Այս տարի ևս, արդեն երրորդ անգամ, մենք կանցկացնենք «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով միջազգային համաժողով, որը ևս մեկ հնարավորություն է քննարկելու կոալիցիայի շրջանակում ունեցած ձեռքբերումները, ոլորտային մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները»,- նշել է նախարարը։
Ամփոփելով ելույթը՝ Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության խթանման ուղղությամբ շարունակական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ