Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին եւ Վեհափառ հայրապետին, նա որոշել է նոր կաթողիկոս ընտրել։ Եվ սա այն դեպքում, երբ Սահմանադրությամբ Հայաստանում եկեղեցին, տարանջատված է պետությունից, եւ աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի միջամտելու նրա գործերին։
Զուգահեռաբար ՀՀԿ-ն հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հանդեպ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին եւ առաջադրել է վարչապետի իր թեկնածուին, սակայն հիմա էլ տարաձայնություններ կան խորհրդարանի ընդդիմադիր ուժերի միջեւ:
«Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն այնպես է ձեւակերպված Սահմանադրության մեջ եւ օրենքներում, որ կարեւորը ոչ թե սկսվելն է, այլ արդյունքի հասնելը: Այսինքն՝ կարեւորը ոչ թե 36 ստորագրությամբ գործընթացը սկսելն է, այլ 54 ստորագրությամբ ավարտին հասցնելը: Ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետեւ, եթե դու սկսում ես այդ գործընթացը, բայց հաջողության չես հասնում, ուրեմն 6 ամսվա ընթացքում այլեւս չես կարող կրկնել անվստահության գործընթացը : Արդյունքում գործող վարչապետը ստանում է այսպես կոչված անվտանգության բարձիկ եւ կարող է հանգիստ իրականացնել իր գործողությունները»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Նայեք, թե ինչ է տեղի ունենում: «Պատիվ ունեմը» նախաձեռնել է անվստահության գործընթաց, «Հայաստան» դաշինքն ասել է, որ տալիս է իր 28 ստորագրությունը, ասում է՝ համարեք ձեր գրպանում դրած է, մյուսների վրա աշխատեք, բայց «Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա։ Ասում է՝ չհասկացանք ստորագրել է, թե չի ստորագրել, խնդիրն ի՞նչ է: Նրանց խնդիրն է ցույց տալ, թե իբր «Հայաստան» դաշինքը դեմ է վարչապետի հեռացնելուն, եւ դա իրականացնում է հաջորդ տարվա ընտրությունները հաշվի առնելով»,-հավելում է քաղտեխնոլոգը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով. «Սխալ հաշվարկ է արված… ընտրությունների ժամանակ նշանակություն չունի՝ դու թունդ ընդդիմադիր ես, թե թույլ ընդդիմադիր, որովհետեւ քեզ ձայն չեն տալու միայն նրա համար, որ արմատական կամ ոչ արմատական ընդդիմություն ես, քվեարկության մոտիվացիան ուրիշ սկզբունքով է իրականացվում: Բայց քանի որ սրա մասին չգիտեն, սկսում են «Հայաստան» դաշինքի դեմ հակաPR իրականացնել: Այսօր չկա որեւէ գործընթաց, որ դու կարողանաս 18-20 հոգու ՔՊ-ից բերել, եթե կարող ես, առաջինը նրանց ստորագրությունը բեր: Իմպիչմենտն ուղղված է ոչ այնքան վարչապետին հեռացնելու համար, այլ մի ընդդիմադիր մի խմբավորում անուղղակի թիրախավորել է մյուս խմբավորմանը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի