Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» խմբակցությունը նախապայմաննե՞ր է առաջ քաշում

Հունիս 12,2025 14:38

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այն կարծիքին է, որ իմպիչմենտի գործընթացի շուրջ «Հայաստան» խմբակցության հետ ընդհանուր եզրեր գտնելու հնարավորությունները դեռ սպառված չեն․ այս մասին այսօր նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ խմբակցությունում կան մարդիկ, ովքեր իրապես գիտակցում են երկրում ստեղծված ծանր իրավիճակը եւ դրանից դուրս գալու անհրաժեշտությունը։ Ըստ պատգամավորի, իրենց աշխատանքի ճակատները մի քանիսն են եւ այլ տարբերակ չկա, պետք է աշխատեն։

Տիգրան Աբրահամյանն, որը մասնակցել է երեկ «Հայաստան» խմբակցության հետ հանդիպմանը, մի փոքր տարակուսած է, քանի որ իր համար «այնքան էլ հասկանալի չէ» այն, ինչ առաջարկում են գործընկերներն, որոնց հետ իրենք տարիների պայքարի փորձ ունեն։

«Հույս ունեմ, որ ես սխալվում եմ, բայց իրենք հայտարարում էին, որ իմպիչմենտի մասով իրենց հայտարարությունն ուժի մեջ է, բայց որոշակի դիպլոմատիկ փոփոխությունների է ենթարկվել, որպեսզի որպես նախապայման չընկալվեր։ Բայց իրականության մեջ այն խոսակցությունը, որն ընթացել է, արդեն ստացվում է նախապայման»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ 2020-ից ի վեր ՀՀԿ-ն իր որեւէ գործընկերոջ նախապայմաններ չի առաջադրել, «եթե»-ներով չի խոսել։

Ամեն դեպքում, հույսը չի կորցնում, որ ինչ-որ մի փուլում կոնսենսուսը կկայանա, քանի որ ընդդիմադիր դաշտի թիրախը մեկն է՝ իշխանությունը եւ այս իշխանությունը մինչեւ 2026-ի ընտրություններ պետք է հեռացվի, քանի որ նրա մնալու ամեն օրը էլ ավելի է խորացնում խնդիրները։

Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ կան շրջանակներ, որոնք շահագրգիռ են, որ իմպիչմենտի գործընթացը հեղինակազրկվի ու նման մարդիկ առերեւույթ ընդդիմադիր դաշտում են դիրքավորված։

Ինչ վերաբերվում է «Հայաստան» խմբակցության՝ երեկ հրապարակած ստորագրություններին, Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ հանդիպման ընթացքում իրենք հավաստիացում են ստացել՝ ինչ-ինչ պայմանների առկայության պարագայում, տալ խմբակցության անդամների ստորագրությունները, բայց ձեւաթուղթը, որի տակ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներն են ստորագրել, դեռեւս չի համալրվել։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ-ականներն այսօր՝ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, այցելել էին նրա շիրիմին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30