Վարիկոզը երակների հիվանդություն է, որի ժամանակ երակները մեծանում են, կորցնում առաձգականությունը, բարակում և ձևավորում են հանգույցներ։ Այն հաճախ զարգանում է, երբ խանգարվում է արյան բնական հոսքը ստորին վերջույթներից դեպի սիրտ։
Հիմնական պատճառները`
🔵 ժառանգական նախատրամադրվածություն,
🔵 երկարատև կանգնած կամ նստած աշխատանք,
🔵 ճարպակալում,
🔵 հղիություն,
🔵 ֆիզիկական ակտիվության պակաս,
🔵 հորմոնալ փոփոխություններ:
Հիմնական ախտանիշները`
🔵 ծանրության զգացողություն ոտքերում,
🔵 երակների ուռուցք,
🔵 կապտավուն երակների տեսանելիություն,
🔵 ցավ, այտուց, այրման զգացողություն,
🔵 երեկոյան ուժգնացող հոգնածություն ոտքերում,
🔵 մաշկի գունափոխություն:
Եթե վարիկոզը չբուժվի ժամանակին, այն կարող է հանգեցնել մի շարք լուրջ բարդությունների։
Վարիկոզը չբուժելու հետևանքները`
1. Թրոմբոֆլեբիտ` երակներում կարող են առաջանալ արյան մակարդուկներ (թրոմբներ), ինչը հանգեցնում է երակների բորբոքման։
2. Թրոմբոէմբոլիա` երբ թրոմբը պոկվում և անցնում է արյան հոսքի մեջ և կարող է փակել կարևոր անոթներ։
3. Քրոնիկական վենոզ անբավարարություն` երբ արյունը ճիշտ չի հոսում վեր, այն կանգ է առնում ոտքերում՝ առաջացնելով այտուց, մաշկի փոփոխություններ և զգալի անհարմարություններ։
4. Տրոֆիկ խոցեր (վերքեր)` երկարատև արյան կանգի պատճառով մաշկը կարող է թուլանալ, վերքոտել: Այս խոցերը դժվար են բուժվում։
5.Արյունահոսություն` լայնացած երակները կարող են պատռվել նույնիսկ թեթև հարվածից, առաջացնելով արտաքին կամ ներքին արյունահոսություն։
6. Մաշկի գունափոխություն և պիգմենտացիա` մաշկը կարող է մգանալ, դառնալ կոշտ և չոր շարունակական այտուցների պատճառով։
7. Լիպոդերմատոսկլերոզ` երկարատև բորբոքային պրոցեսների հետևանքով մաշկի տակ ճարպային հյուսվածքները կարծրանում են։
Կարդացեք նաև
Ամռանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել վարիկոզ հիվանդությանը, քանի որ բարձր ջերմաստիճանը կարող է խթանել երակների լայնացումը և այտուցները:
Ինչպե՞ս կանխարգելել հիվանդության խորացումը.
1. Խուսափե՛ք երկարատև ջերմային ազդեցությունից. չպետք է երկար մնալ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Խուսափե՛ք շոգ ջրով լոգանքներից կամ շոգեբաղնիքներից։
2. Կրե՛ք կոմպրեսիոն գուլպաներ. բժշկական կոմպրեսիոն գուլպաները օգնում են կանխել այտուցը և նպաստում արյան ճիշտ շրջանառությանը։ Ամռանը օգտագործե՛ք թեթև կոմպրեսիոն գուլպաներ՝ հատուկ նախատեսված տաք եղանակի համար։
3. Պահպանե՛ք ֆիզիկական ակտիվություն: Հաճախ քայլե՛ք, լողացե՛ք կամ զբաղվե՛ք ցածր ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվությամբ։ Խուսափե՛ք երկար նստած կամ կանգնած դիրքում մնալուց։
4. Սառը ջրով լվացե՛ք ոտքերը՝ այտուցը նվազեցնելու և երակների տոնուսը բարձրացնելու համար։
5. Օրվա ընթացքում պարբերաբար պառկե՛ք ու ոտքերը բարձրացրե՛ք սրտի մակարդակից վեր՝ 15-20 րոպեով։ Դա օգնում է վերադառնալ արյան հոսքին և նվազեցնում ճնշումը երակներում։
6. Խմե՛ք շատ ջուր։ Ջրազրկումը կարող է ավելացնել արյան խտությունը և վատթարացնել վիճակը։
7. Հետևե՛ք սննդակարգին: Սնվե՛ք թարմ մթերքներով՝ մրգեր, բանջարեղեն հացահատիկ։ Խուսափե՛ք աղ և շատ շաքար պարունակող սննդից, քանի որ դրանք կարող են առաջացնել ջրի պահպանում։
8. Կրե՛ք թեթև, ազատ հագուստ, որպեսզի խուսափեք ազդրերի և ծնկների շրջանում արյան հոսքի խանգարումից։
Եվ ամենակարևորը՝ խորհրդակցե՛ք բժշկի հետ հետագա բարդություններից խուսափելու համար։
ՀՀ առողջապահության նախարարություն