Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քննարկվում է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը՝ «զինծառայությունից գումարով ազատվելու մասին»․ Սուրեն Պապիկյանը չի մասնակցում քննարկմանը, հիվանդ է

Հունիս 13,2025 11:55

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։

Հիմնական զեկուցողը ՔՊ-ական Հայկ Սարգսյանն է, իսկ հարակից զեկուցողը պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը։ Քննարկմանը հրավիրված էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բայց չէր մասնակցում․ ինչպես փոխանցեց փոխնախարարը՝ առողջական խնդիրների պատճառով։

Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը մայիսի 22-ի նիստում հավանության արժանացրեց փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ, կան նաև բովանդակային փոփոխություններ․ «Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի վերաբերյալ կառավարության որոշման մեջ սահմանել զորակոչին համապատասխան՝ կրճատ ժամկետով ծառայության դիմումների առավելագույն քանակը և կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը»։ Գերատեսչությունն առաջարկում է նաև «Պաշտպանության մասին» օրենքում սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է՝ արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում՝ հօգուտ պետական բյուջեի վճարման միջոցով։ Հայկ Սարգսյանը համաձայն է առաջարկվող փոփոխություններին։ Սուրեն Պապիկյանը հավելեց՝ նախագծի նպատակն է համալրել զինված ուժերը։ Ըստ նրա, նույնիսկ մեկ ամիս ծառայած երիտասարդը տիրապետելու է զենքին և ընդգրկվելու է պահեստազորում։

Պատասխանելով Գեղամ Մանուկյանի հարցին, Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագիծը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է, բայց վերջինս կարծիք չի հայտնել, ուղարկել է պատկան գերատեսչությունների քննարկմանը, արդյունքում ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով ու միայն փոխհամաձայնության արդյունքում է, որ նախագիծը շրջանառվել է։

Գեղամ Մանուկյանը նկատեց՝ պատգամավորը թվեր ներկայացրեց, մասնավորաբար, զինվորական ծառայությունը 1,5 տարի դարձնելու մասին, որոնք նախագծում չկան․ քաղաքացիները ինչպե՞ս պետք է վարվեն եւ հետաքրքրվեց՝ արդյոք ՊՆ-ն պատրաստ է զինծառայությունը կրճատելուն։ Պատգամավորն անդրադարձավ նաեւ հարցի բարոյական կողմին՝ պնդելով, որ այն անգամ ներընտանեկան վեճերի առարկա է դառնալու, եթե ընտանիքում մի քանի տղաներ կան։

«Անարդարությունը վերացնում են, ոչ թե օրինականացնում»,- ասաց պատգամավորն՝ առաջարկելով նիստի մասնակիցների շրջանում հետազոտություն անել ու հասկանալ՝ քանիսն են ծառայել եւ ի՞նչ պատճառներով չեն ծառայել։

Ներկայացնելով նախագիծը, Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 42 հազար արական սեռի քաղաքացի ստացել է ՀՀ քաղաքացիություն, նրանց ընդամենը 7 տոկոսը կամ 3000-ն են, որ դա արել են մինչեւ 27 տարին լրանալը։ Գերակշիռ մասը սպասել է, որ 27 տարին լրանա, որ պարտադիր զինծառայության չանցնեն:

Հիշեցնենք նաեւ, ըստ նախագծի, առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 32: ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է նաեւ մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Սա այն գումարն է, որը գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները այսօր էլ կարողանում են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նախաձեռնության հեղինակի խոսքով, խրախուսող կարգավորումներով ժամկետային զինծառայողներին առաջարկվում է ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը՝ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 մլն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 մլն դրամ։

Ըստ Հայկ Սարգսյանի, վերջին 20 տարիների վիճակագրությունը վկայում է, որ զորակոչի ենթակա քաղաքացիների ընդամենը 30-40 տոկոսն է անցնում զինվորական ծառայության։ Նրա խոսքով՝ քաղաքացիները հիմնականում ծառայությունից խուսափում են մի քանի եղանակով։ Առաջինը՝ մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից․ «2020-2024-ի ընթացքում արական սեռի 8,721 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից»։ Երկրորդ՝ ՀՀ-ից մեկնում են ուսման, բուժման կամ այլ պատճառներով՝ հետագայում չվերադառնալով մինչև 27 կամ 37 տարեկանը։ 37 տարին վաղեմության ժամկետն անցնելու տարիքն է։ 2010-2024-ին, զինվորական ծառայությունից խուսափելու՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով հարուցված գործերից շուրջ 2,500-ը կարճվել է հենց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Երրորդը՝ եղանակը զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման իրավունքի հիմքով փաստաթղթերի ներկայացումն է։ Պատգամավորի ներկայացմամբ՝ ազատվածների և տարկետում ստացածների ավելի քան 80 տոկոսն օգտվել է առողջական խնդիրների հիմքով տրված իրավական հնարավորությունից։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30