«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վերապահումներ ունի՝ մեկ ամսվա ընթացքում մարդուն մարտական զինծառայության պատրաստելու մասով․ այս առնչությամբ իր նաեւ այլ վերապահումները նա արտահայտեց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:
Հայկ Սարգսյանը պարզաբանեց՝ արդեն ունենք քաղաքացիներ, որոնք մեկ ամսվա ընթացքում անցել են արագացված ծառայություն՝ ուսումնական զորամասում՝ տիրապետելով զինատեսակներից օգտվելու հմտությունների, ԶՈՒ-ում ծառայելու կանոններին՝ մտնելով ռեզերվ։ Ասաց՝ այսօր էլ 25-օրյա հավաքներն այդ տրամաբանությամբ են կազմակերպվում, նման փորձ էլ աշխարհում կա՝ Թուրքիայում, Հունաստանում, Ղազախստանում։
Հիշեցնենք, կառավարության նիստում այս հարցի վերաբերյալ նաեւ պաշտպանության նախարարն էր դրական արտահայտվել։
Կարդացեք նաև
Տիգրան Աբրահամյանը հիմնավոր չի համարում նման մոտեցումը, քանի որ խտացված պլանով կարելի է 3,5-4 ամսում ապահովել անհրաժեշտ բավարարը, բայց ոչ մեկ ամսում։ Իսկ օրինակները, որոնք բերում է Հայկ Սարգսյանը, անհամեմատելի են Հայաստանի հետ՝ նշված երկրների թե ժողովրդագրական, թե հզորությունների ու սպառնալիքների մասով։ Տիգրան Աբրահամյանը նկատեց նաեւ, որ հեղինակը կոռուպցիոն ռիսկերը փակելու մասին էական հիմնավորումներ չի բերում, բացի նրանից, որ կոռուպցիոն գումարներն օրինականացվում են։ Նա կարծում է, որ «սեւ շուկայի զարգացման» համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում, քանի որ այդպիսով նաեւ հետագա զինծառայությունից խուսափելու մասով են ապահովագրվելու։
Իր եվրոպացի ընկերներից Հայկ Սարգսյանը լսել է, որ Թուրքիայի՝ 19 տարին լրացած քաղաքացիները վերադառնում են իրենց երկիր, վճարում, մեկ ամիս ծառայում եւ հպարտ վերադառնում եվրոպական բնակավայրեր՝ ասելով, որ իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ կատարել են ու հետագայում էլ իրենց կապը երկրի հետ չի կտրվում։ Մինչդեռ, Հայաստանի պարագայում, ՀՀ քաղաքացիները մինչեւ 27 տարին Հայաստանի մասին չեն հիշում, դրանից հետո էլ՝ էլ իրենց պետք չի Հայաստանը։
Անդրանիկ Քոչարյանն էլ միջամտեց՝ ասելով՝ «Երբ ձրի էր, չեկան, ամնիստիա առաջարկել ենք, հիմա գումարի մոգական ուժը պետք է օգտագործել»։
Վերապահումներ ունեն նաեւ ՔՊ-ականները․ օրինակ, Սերգեյ Բագրատյանը հարցնում է՝ եթե մարդը չի ցանկանում 24 ամիս ծառայել ՀՀ-ին, ինչո՞ւ պիտի հետագայում հնարավորություն ունենա ՀՀ-ում նախարար աշխատելու-ծառայելու։ Նա առաջարկում է այս պարագայում սահմանափակումներ մտցնել՝ հետագայում բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնելու մասով։
ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն էլ կտրականապես դեմ է կառավարության քվոտավորման առաջարկին, նաեւ կիսում է ընդդիմադիրների մտահոգությունները՝ բնակչությանը դասակարգելու մասով։
Քննարկումների ընթացքում Հայկ Սարգսյանը բորբոքվեց․ «46 տոկոսից զորակոչի թիվն իջավ 31-ի՝ վերջին հինգ տարիների ընթացքում, երբ մենք գոռում էինք՝ բոլորը պիտի ծառայեն․ նաեւ ԱԺ-ում կային մարդիկ, որոնց տղաներն ազատվեցին բանակից՝ առողջական խնդիրների պատճառով՝ լինելով շատ պինդ տղերք։ Սա վերաբերվում է եւ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներին»։
Անդրանիկ Քոչարյանն էլ քննադատեց՝ տեսական ենթադրություններ են նախագծում, հստակ թվեր չկան, որպեսզի կողմնորոշվեն պատգամավորները։ Նա նաեւ դժգոհ է, որ փաթեթը կազմվել է միայն Հայկ Սարգսյանի աշխատանքի արդյունքում, ոչ թե բազմակողմանի եւ համապարփակ քննարկումների։ Անդրանիկ Քոչարյանը դիտողություն արեց հարցի հարակից զեկուցողին, որ կառավարության նիստում հարցի քննարկումից առաջ, վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը ընդամենը երկու նիստ էր գումարել, ԱԺ-ում գոնե լսումներ չէին անցկացվել եւ առկա է միայն ԱԺ իրավաբանական վարչության տեղեկանքը նախագծի վերաբերյալ, կան նաեւ միջանկյալ եզրակացություններ կառավարության այլ գերատեսչություններից, այդ թվում՝ նաեւ բացասական։ Նա ցանկանում է փաթեթի հիմքում մեծ կատարված աշխատանք տեսնել՝ դրականի եւ բացասականի մասով։
Հայկ Սարգսյանը թվարկեց թե որտեղ եւ ի՞նչ քննարկումներ են եղել, ավելին, նախագիծը 2019-ից է քննարկվում։ Ասաց՝ նաեւ Անդրանիկ Քոչարյանին է ուղարկվել նախագիծը՝ նկատելով, որ եթե այլ կարծիք չեն ստանում, նշանակում է, որ նախագիծն ի գիտություն է ընդունվել։ Անդրանիկ Քոչարյանը թվային տվյալների հետ է խնդիր տեսնում եւ ձայնը բարձրացնելով Հայկ Սարգսյանի վրա՝ ասաց, որ նիստի հեռարձակումը կանջատի, որ ավելի բաց ու պարզ խոսեն․ առաջարկեց, որ Հայկ Սարգսյանն իր փոխարեն խոսի։
Իր ելույթում նաեւ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության նիստում ոչ մի նախարար փաթեթին դեմ չի քվեարկել, հետեւաբար, որեւէ գերատեսչություն բացասական կարծիք չունի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը ։
Հիմնական զեկուցողը ՔՊ-ական Հայկ Սարգսյանն է, իսկ հարակից զեկուցողը պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը։ Քննարկմանը հրավիրված էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բայց չէր մասնակցում․ ինչպես փոխանցեց փոխնախարարը՝ առողջական խնդիրների պատճառով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ