Ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովի դատավճիռը՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ճնշման դրսևորում
«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանի Հանրապետության Լենքորան քաղաքի Ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ՝ 2025 թվականի մայիսի 20-ին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր, ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովը։ Վերջինս մեղադրվել է հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և Ադրբեջանում էթնիկ ատելություն հրահրելու մեջ՝ պետական դավաճանություն, պետության դեմ հրապարակային կոչեր՝ կատարված օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ, ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում հոդվածներով։
Ո՞վ է ազգությամբ թալիշ, Ադրբեջանի քաղաքացի Իգբալ Աբիլովը։
Վաղ մանկությունից բնակվել է Բելառուսում, ավարտել է տեղի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, դասավանդել է Բելառուսի պետական համալսարանում և Բելառուսի իրավունքի ինստիտուտում: Նա նաև «թալիշների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված միջազգային գիտական առաջին հրատարակությունը» համարվող «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագրի» գլխավոր խմբագիրն է։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն Ի․ Աբիլովին ձերբակալել է 2024 թվականի հուլիսի 22-ին՝ թալիշաբնակ Բալա Քոլաթան գյուղում։ Ի սկզբանե Ի․ Աբիլովը մեղադրվել է Հայաստանի անվտանգության ծառայությունների հետ աշխատելու մեջ։ Գիտնականը թիրախավորվել է, իբրև թե, հայ մասնագետների հետ «Skype»-ի միջոցով «գաղտնի բանակցություններ և գործարքներ» վարելու պատճառով։
Կարդացեք նաև
Մինչ ձերբակալումը՝ Ի․ Աբիլովը 2024 թվականի հունիսի 22-ին հարցաքննվել է Ադրբեջանի ՊԱԾ աշխատակիցների կողմից։ Հունիսի 27-ին Բաքվի օդանավակայանում առգրավել են նրա անձնագիրն ու հեռախոսները՝ արգելելով լքել երկիրը։ 2024 թվականի հուլիսի 22-ին Ի․ Աբիլովը կրկին կանչվել է Մասալլիի շրջանի ՊԱԾ վարչություն՝ իրերը վերադարձնելու պատրվակով: Սակայն, առանց հարազատներին տեղեկացնելու, տարվել է Բաքու: Ադրբեջանի օմբուդսմենի հետ կապ հաստատելուց հետո ծնողները տեղեկացել են, որ Ի․ Աբիլովը կասկածվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։
2024 թվականի հուլիսի 24-ին, Բաքվի դատարանի որոշմամբ, Ի․ Աբիլովի նկատմամբ կիրառվել է չորսամսյա կալանք՝ հետաքննության ողջ ընթացքում առանց հարազատներին տեսակցելու հնարավորության։ Փաստաբանին արգելվել է կիսվել գործին վերաբերող որևէ փաստաթղթով։ 2024 թվականի հուլիսի 31-ին որոշման դեմ բողոքը մերժվել է, իսկ օգոստոսի 7-ին մերժվել է նաև ընտանիքի հետ հանդիպումների և հեռախոսազրույցների արգելքը վերացնելու միջնորդությունը։
Ի․ Աբիլովը դատարանում հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ ինքն զբաղվել է բացառապես գիտական գործունեությամբ, չի կատարել իրեն վերագրվող որևէ հանցագործություն, այլ ուսումնասիրել է Ադրբեջանի, ամբողջ Հարավային Կովկասի, Իրանի և Թուրքիայի ժողովուրդների էթնիկ ծագումը, պատմական արմատները։ Ի․ Աբիլովի պնդմամբ՝ քրեական գործի նյութերում չկան հանցագործություն կատարելու վերաբերյալ բավարար ապացույցներ, իսկ մեղադրանքները հիմնված են սուբյեկտիվ ենթադրությունների ու մեկնաբանությունների վրա։
Բանտից նամակ հղելով՝ գիտնականը հանդես է եկել թալիշերեն ու ադրբեջաներեն ուղերձով. «Իմ սիրտն ազատ է… Միշտ մնացե՛ք ազատ ու ժպտացող։ Գիտելիքն ու ներքին ազատությունը ցանկացած Գուլագից ավելի ուժեղ են»։ Նա իր նամակում շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին, արդարության համար պայքարողներին և նշել, որ ադրբեջանական բանտերում էթնիկ պատկանելիության ու հայացքների համար միակ դատապարտյալը չէ։
Ի․ Աբիլովի նկատմամբ քրեական հետապնդումը մեծ իրարանցում է առաջացրել նաև Ադրբեջանից դուրս: Ի աջակցություն նրա՝ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Վիլնյուսում, Հաագայում, Վարշավայում և Ստրասբուրգում։ Վերջինիս պաշտպանության օգտին հանդես են եկել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը, ադրբեջանական «Արդարության համար համերաշխության կոմիտեն», Ռուսաստանի թալիշական կազմակերպությունները։ «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունն Ի․ Աբիլովին հայտարարել է քաղբանտարկյալ։ Նրան անդրադարձել են ԵԽԽՎ-ում, Եվրոպայի խորհրդում և ԱՄՆ Կոնգրեսում։
Ի․ Աբիլովի ազատ արձակման պահանջով հասարակական տարբեր գործընթացներ են մեկնարկել։ Հարազատների խոսքով՝ նա կալանավորվել է կեղծ մեղադրանքներով, և հետապնդման իրական պատճառը ազգային տարբեր փոքրամասնությունների, այդ թվում՝ թալիշ ժողովրդի վերաբերյալ հետազոտություններն են։ Փաստաբանի վստահեցմամբ՝ Ի․ Աբիլովը հայ մասնագետների հետ այլ բնույթի զրույցներ, համաձայնություններ կամ քննարկումներ չի ունեցել։
Ակտիվիստների խոսքով՝ Ի․ Աբիլովի դեմ քրեական հետապնդումը թալիշների իրավունքների համար պայքարի վրեժխնդրությունն է, գուցե նաև՝ Արցախյան հակամարտության հարցում չեզոքություն պահպանելու և թալիշ տղամարդկանց առաջնագիծ ուղարկելուն դեմ արտահայտվելը։ Ուշագրավ է, որ առաջադրված դավաճանության մեղադրանքն Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների ակտիվ ներկայացուցիչների հետապնդման գործելաոճ է դարձել։
2025 թվականի մայիսի 23-ին ԵԽԽՎ քաղբանտարկյալների հարցերով գլխավոր զեկուցող Ազադեհ Ռոժանը դատապարտել է Ի․ Աբիլովի դատավճիռը: Նրա խոսքով՝ մեղադրանքների փաստական հիմքը կապված է հայ գիտնականների հետ նրա մասնագիտական առնչությանը։ Շեշտվել է, որ պատմաբան և ազգագրագետ Ի․ Աբիլովը հետազոտություններ է անցկացրել թալիշների պատմության և մշակույթի վերաբերյալ։ Ռոժանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ վերանայել գիտնականի դեմ առաջադրված մեղադրանքներն ու ազատ արձակել նրան։
Ի․ Աբիլովի դեպքը Ադրբեջանի իշխանությունների կողմից թալիշների և ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի և «քաղաքական որսի» վառ օրինակ է, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են ինչպես միջազգային կառույցները, այնպես էլ՝ թալիշական միավորումները։ Ադրբեջանի թալիշական հասարակական խորհրդի (ATİŞ) 2021 թվականի զեկույցում նշվել է, որ «թալիշները՝ որպես ժողովուրդ, չեն ճանաչվում Ադրբեջանի կառավարության կողմից: Վերջինս թալիշների փաստացի ձուլման քաղաքականություն է վարում»։ Խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կառավարությանը՝ թալիշերենը, թալիշների ինքնությունն ու սեփական լեզվով կրթություն ստանալու իրավունքը ոտնահարելու համար:
Ի․ Աբիլովի գիտական ղեկավարի՝ Ռոզա Տուրարբեկովայի կարծիքով՝ Իգբալի նկատմամբ Բաքվի ուշադրությունը պայմանավորված է թալիշ էթնիկ խմբի հանդեպ նրա հետաքրքրությամբ, նրանց ժառանգության պահպանման հանդեպ անհանգստությամբ, ամսագրի հրատարակմամբ, բանահյուսության հավաքմամբ, խորհրդային և անկախության տարիներին թալիշների նկատմամբ բռնաճնշումների փաստերի վերհանմամբ, դաշտային մարդաբանական և ազգագրական հետազոտություններով։
Թերևս, ավտորիտար վարչակարգի ամրապնդման միտումներով են պայմանավորված Բաքվի բռնաճնշումները երիտասարդ լրագրողների, գիտնականների, ակտիվիստների և փաստաբանների նկատմամբ։ Ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով՝ 2025 թվականի սկզբին երկրում հաշվվել է ավելի քան 350 քաղբանտարկյալ։
Ներկայումս աշխարհի շուրջ 1,5 մլն, իսկ Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 112 հազար, այլ աղբյուրների համաձայն՝ ավելի քան 400-600 հազար թալիշների իրավունքների և մշակույթի թեման տասնամյակներ շարունակ զգայուն է եղել Ադրբեջանի իշխանությունների համար։ Դեռևս 1993 թվականին Ադրբեջանի Հանրապետության հարավում ստեղծվել էր կարճատև կյանք ունեցած Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետություն։ Դրա ղեկավարների ձերբակալությունից հետո շարժումը մարել է, սակայն Բաքուն թալիշ ակտիվիստների և մշակութային գործիչների նկատմամբ ճնշումները մինչ օրս շարունակում է՝ «դավաճանության» մեղադրանքներով: 2020 թվականին թալիշ պատմաբան և ակտիվիստ Ֆահրադդին Աբբասովը նույն մեղադրանքով 16 տարի պատիժը կրելուց հետո մահացել է բանտում: 2021 թվականին թալիշ բլոգեր Ասլան Գուրբանովը դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ «ազգային ատելություն հրահրելու» մեղադրանքով։ 2024 թվականին Ադրբեջանի իշխանությունները դավաճանության մեղադրանքով ձերբակալել են նաև թալիշ գրող Բահրուզ Սամադովին, ակտիվիստ, թալիշական դպրոցական դասագրքերի ստեղծման համար պայքարող Միրհաֆիզ Ջաֆարզադեին։
Մեկ այլ ուշագրավ դեպք է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ, Երևանում և Շուշիում համաժողովների մասնակցած պատմաբան Զահիրադդին Իբրահիմովի անհետացումը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքից։ 2025 թվականի մայիսի 26-ին ադրբեջանական աղբյուրները հաղորդել են, որ 2000-ական թվականների սկզբին երկրից վտարված թալիշ գործիչն առևանգվել է Ադրբեջանի ՊԱԾ-ի կողմից, տարվել Բաքու և պահվում է Արցախի ղեկավարության հետ՝ նույն խցում։
Ի հեճուկս Իլհամ Ալիևի՝ «Ադրբեջանը հանդուրժողականության և խաղաղ համակեցության բաստիոն է» հայտարարությանը միջազգային ասպարեզում՝ ադրբեջանական իշխանությունները, փաստորեն, շարունակում են սահմանափակումների ու ճնշումների վարքագիծը թալիշ ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով նաև Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային համաձայնագիրը։