«Կողբ» հիմնադրամը մի կողմից, Կոմիտաս թանգարան-ինստիտուտը՝ մյուս կողմից, կարեւորելով Հայաստանում ազգային, գիտամշակութային եւ կոմիտասագիտական ժառանգության պահպանումը, հանրայնացումը եւ նորահայտ նյութերի հրապարակմանը զարկ տալը՝ ստորագրել են հուշագիր, ըստ որի Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ձեռնամուխ է լինում հրատարակել Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները եւ երաժշտագետ, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի անտիպ, արխիվային նյութերի շարունակությունը» ,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը:
«Կոմիտասի դաշնամուրային պարերի հրապարակումը QR կոդերով, անգլերեն մեկնաբանություններով եւ ծանոթագրություններով հնարավորություն կտա առավելագույնս հանրահռչակել Կոմիտասի երաժշտության ճանաչողական եւ գործնական նշանակությունը: Աթայանի նյութերի հետազոտությունը, ուսումնասիրությունը եւ հրապարակումը հնարավորություն կտա նոր փաստեր գտնել Կոմիտասի կյանքի եւ գործունեության վերաբերյալ, ինչը Կոմիտաս թանգարան –ինստիտուտի առաքելություններից մեկն է՝ այսինքն Կոմիտասագիտության զարգացումը, նոր նյութերի ձեռքբերումը, արխիվի համալրումը եւ թարմացումը»,-հավելեց Կոմիտաս-թանգարան ինստիտուտի տնօրենը:
Նա տեղեկացրեց, որ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ այցելում են աշխարհի բոլոր երկրներից կամ այն մարդիկ, որոնք առհասարակ ոտք են դնում Հայաստան՝ Երեւան: «Քանի որ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը, բացի ցուցադրական բաժնից, գիտական բաղադրիչից ունի նաեւ երաժշտական հանգույց, հետեւապես այն հետաքրքրում է ոչ միայն գիտնականներին, այլեւ կատարող երաժիշտներին:
Կարդացեք նաև
Կոմիտաս թանգարան-ինստիտուտի դերը շատ մեծ է երեխաների, մանուկ սերնդի դաստիարակության հարցսում՝ դպրոցականների աբոնեմենտներով մեծ թվով կա թանգարան, երաժշտական դպրոցների մրցույթ-փառատոներից շատերն իրականացվում են Կոմիտաս-թանգարան ինստիտուտում:
Ինչ վերաբերվում է գիտնական հետազոտողներին, նրանք հիմնականում Գերմանիայից են, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից»,-նշեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ