33 տարի առաջ, 1992 թվականի հունիսի 13-ին, խորհրդային բանակի և ադրբեջանական ուժերի աջակցությամբ, ծանր զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի կիրառմամբ սկսվեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի հայաթափումը։
Կենդանի ուժով և զինտեխնիկայով բազմակի գերազանցող ադրբեջանական զինված կազմավորումներին հաջողվեց գրավել Շահումյանի շրջանը։ Խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականության և մի քանի օր շարունակված բռնությունների հետևանքով շուրջ 20 հազար հայ բռնի տեղահանվեց, ևս 700 սպանվեց կամ անհետ կորավ, ավելի քան մեկ տասնյակ հայկական բնակավայրեր անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հարկ է նշել, որ Շահումյանի հայաթափումը սկսվել էր դեռևս 1990 թ․-ից։ 1991 թ․-ին ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության անմիջական կազմակերպմամբ և համակարգմամբ իրականացված «Օղակ» գործողության հետևանքով արդեն իսկ հայաթափվել էին Շահումյանի մի շարք գյուղեր, իսկ հայաթափման ծրագրի ավարտը, փաստորեն, հենց 1992 թ․ հունիսն էր։
Շահումյանի շրջանի բնակիչների վկայությունների համաձայն՝ խաղաղ բնակիչների տեղահանության շարասյունը գնդակոծման էր ենթարկվում, այդ թվում՝ մարտական ուղղաթիռներից։
Կարդացեք նաև
Խախտելով պատերազմների և զինված բախումների ժամանակ կիրառվող Հաագայի և Ժնևի սկզբունքները, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս էլ շարունակում են անօրինական գործողությունները․ թիրախավորում են խաղաղ բնակիչներին, ոչնչացնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, բռնազավթված հայկական տարածքներում ադրբեջանցիներով բնակեցնում են հայկական բնակավայրերը՝ անխնա ոչնչացնելով բնիկ հայ ժողովրդի պատմական ներկայության ապացույցները։
Պատմական փաստերն ապացուցում են, որ Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը հետևողականորեն ոտնահարվել է թե՛ խորհրդային, և թե՛ անկախ Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Արցախահայության՝ իր ինքնորոշման անբեկանելի իրավունքի իրացման օրինական պահանջներին ի պատասխան, Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար իրականացրել են հայության դեմ ուղղված բռնաճնշումներ։
Շահումյանի շրջանի գրավմանը Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում հաջորդել են հայ ժողովրդի սպանություններն ու բռնի տեղահանությունները։ Ադրբեջանական ագրեսիան նոր ուժով վերսկսվեց 2016 թ․ ապրիլին և վերաճեց լայնածավալ պատերազմական գործողությունների՝ 2020-2023 թվականներին։
2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Արցախի ամբողջական հայաթափման ծրագրային քաղաքականության իրականացումից հետո ավելի քան 120․000 մարդ, ինչպես նաև ավելի վաղ բռնության ենթարկված և շատ հաճախ կրկնակի տեղահանված մարդիկ շարունակում են ապրել իրենց հիմնարար իրավունքների խախտման պայմաններում։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, Արցախի հայության շարունակվող բռնի տեղահանությունները, նրանց ինքնորոշման իրավունքից զրկումը, ինչպես նաև այդ հանցագործությունների անպատժելիությունը խթան են մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացման և դրանց շարունակականության համար։
Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին, պետական և միջպետական դերակատարներին՝ ճանաչել և դատապարտել Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները և բռնի տեղահանումները՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ և միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, որոնք սկսվելով նախորդ դարից չեն դադարել մինչ օրս և յուրաքանչյուր փուլում ստանում են նոր ուղղություններ։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն