Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր չունենք խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ վարում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն. Փաշինյան

Հունիս 13,2025 18:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում մասնակցել է «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը:

Վերջինիս մասնակցել են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ավստրիայի նախկին կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախկին նախարար Միրոսլավ Լայչակը:

Վարչապետը, պատասխանելով քննարկման մոդերատորի` ԵՄ-ին անդամակցության մասին հարցին, հիշեցրել է, որ ՀՀ-ում ընդունվել է օրենք` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ ՀՀ-ն սերտ համագործակցություն ունի Եվրամիության հետ: «Բայց մյուս կողմից, մենք խնդիր չունենք խզելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ վարում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և դա մեր ռազմավարությունն է»,– ասել է վարչապետը։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ Կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի և այդ հարցում կարևորել ԵՄ հետևողական ու շարունակական աջակցությունը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ի նպատակն է տարածաշրջանային երկրների հետ միասին կայուն և երկարատև խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։

«Եվ գիտեք, որ այս տարի կարողացանք Ադրբեջանի հետ դրական արդյունքներով ավարտել մեր երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այսինքն՝ այդ նախագիծը համաձայնեցվել է երկկողմանիորեն, և հիմա ժամանակն է ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ այդ կետին հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30