Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով. ՀԱԿ

Հունիս 13,2025 18:14

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ տարածաշրջանում, ինչն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության եւ կայունության վրա։

Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք դիմագրավելու համար պահանջվում են համազգային համախմբվածություն և սթափ իրատեսական մոտեցում:

Իրանի հետ մեր երկրի հարևանությունը և պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական շահերը, պարտադրում են մեզ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է ներքաշել Հայաստանը տարածաշրջանային հակամարտության մեջ:

Ելնելով վերը շարադրվածից, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝

– ակտիվացնել դիվանագիտական ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով

– միանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու դիմումին՝ հակամարտության էսկալացիան կանխելու համար:

– ուժեղացնել սահմանային անվտանգությունը և պատրաստվել հնարավոր հումանիտար մարտահրավերներին, ներառյալ Իրանից փախստականների հնարավոր հոսքին:

– անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալած ապօրինի հարձակումները: Նման քայլերը ոչ միայն խաթարում են հասարակության միասնությունը, այլև վտանգի տակ են դնում մեր ազգային արժեքները:

Այս ճգնաժամային պահին նաեւ կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները, միառժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից՝ երթերից, ցույցերից ու հանրահավաքներից, և համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը: Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30