Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը վերաբերող գործով ԵԽ Նախախարների կոմիտեն միջանկյալ միջոցի բանաձև է ընդունել

Հունիս 13,2025 20:07

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։ 

Նախարարների կոմիտեն ընդդեմ Ադրբեջանի մի շարք գործերով որոշումներ է կայացրել։

«Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» և «Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործերով ընդունել է միջանկյալ միջոցի վերաբերյալ բանաձևեր։

«Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:
Նախարարների կոմիտեն հիշեցնում է Ադրբեջանի իշխանություններին կատարել իրենց ստանձնած պարտականությունները՝ կատարել ՄԻԵԴ վճիռները։ Նախարարների կոմիտեն, ընդգծելով Ադրբեջանի կողմից իրականացված խախտումների լրջությունը, ափսոսանքով արձանագրում է Ադրբեջանի իշխանությունների լռությունը մի քանի նիստերի ընթացքում և ՄԻԵԴ այս վճռի կատարողականում շարունակվող առաջընթացի բացակայությունը։

Նախարարների կոմիտեն այս գործով միջանկյալ բանաձև է ընդունել ու նշել․ «Կրկին կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որ ապագայում ցանկացած գործողություն՝ ուղղված քրեական պատժից ազատվելու կամ անձին անպատժելիություն շնորհելու, իրականացվի Կոնվենցիայի պահանջներին լիովին համապատասխան, մասնավորապես՝ հաշվի առնելով մարդու իրավունքների խիստ խախտումների համար անպատժելիության դեմ պայքարի պարտականությունը, ինչպես նաև՝ երաշխավորել, որ ծանր հանցագործությունների համար դատապարտված որևէ անձ չպետք է կարողանա զբաղեցնել պետական պաշտոն։

Հիշեցնելով, որ 2023թ. իշխանությունները տեղեկացրել էին հանձնաժողովին՝ ներքին օրենսդրությամբ սահմանված երաշխիքների և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին՝ ուղղված էթնիկ ատելությամբ պայմանավորված հանցագործությունների կանխմանը և դրանց դեմ պայքարին, ինչպես նաև Ադրբեջանի համագործակցության մասին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ECRI) հետ՝ հորդորեցին իշխանություններին անհապաղ արձագանքել հորդորին՝ կատարել օրենսդրական հետագա փոփոխություններ՝ հատկապես քրեական օրենսդրության բոլոր հակառասիստական և հակախտրական դրույթներում հստակ ընդգրկելով հիմքեր, ինչպիսիք են՝ մաշկի գույնը, լեզուն, քաղաքացիությունը և էթնիկ ծագումը, ինչպես նաև խթանել հաշտեցման միջոցառումները՝ նպատակ ունենալով վերացնել թշնամությունը ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև։

Որոշմամբ ամրագրված է․ «Այս համատեքստում կրկին ընդգծում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից ECRI-ի հետ սերտ համագործակցության կարևորությունը և վերջինիս առաջարկությունների հետևելու անհրաժեշտությունը՝ էթնիկ ատելության դեմ պայքարի ուղղությամբ»։ Նախարարների կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերսկսել կառուցողական երկխոսություն Քարտուղարության հետ՝ սահմանելու ճանապարհային քարտեզ՝ այս գործով պահանջվող միջոցառումների լիարժեք իրագործման համար։ Բացի այդ պարտավորեցնում է ադրբեջանական իշխանություններին մինչև 2025թ. դեկտեմբերի 1-ը ներկայացնել թարմացված գործողությունների պլան՝ ներառյալ բոլոր չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը և որոշում վերադառնալ այս գործի քննությանը ոչ ուշ քան 2026թ. մարտին կայանալիք Մարդու իրավունքների նիստի ընթացքում։

Միջանկյալ բանաձևով  ԵԽ նախարարների կոմիտեն ափսոսանք է հայտնում, որ թեև ադրբեջանցի զինծառայողը ճանաչվել է մեղավոր բացառիկ դաժանությամբ, կանխամտածված սպանության համար, որը կատարվել է հայկական ազգային պատկանելության հիմքով, և չնայած Հանձնաժողովի՝ բազմիցս հնչեցրած կոչերին ու այն հանգամանքին, որ Մակուչյանի և Մինասյանի վերաբերյալ վերջնական վճռից անցել է արդեն չորս տարի, իշխանությունները չեն ներկայացրել որևէ տեղեկատվություն, որը կհաստատի անհատական միջոցառումների իրականացման ուղղությամբ շոշափելի առաջընթաց։

Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում անհապաղ կատարել իրենց անվերապահ պարտավորությունը՝ վճարելու դիմորդների ներկայացուցիչներին վճռով սահմանված ծախսերը և վարձատրությունը։ Կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հայտնել, թե ներում շնորհելու և հանցագործին ազատ արձակելու օգտին ներկայացված նամակները, որոնք տեղադրված էին նախագահի աշխատակազմի կայքում, հանվել են, թե՝ ոչ։

Կոչ են անում, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ապահովեն, որպեսզի այս գործով հաստատված մարդու իրավունքների խիստ խախտման հեղինակ անձն այլևս պետական պաշտոն չզբաղեցնի։ Նախարարների կոմիտեի որոշման մեջ նաև արձանագրված է․ «Նախարարների կոմիտեն խորը ափսոսանքով արձանագրում է, որ ատելության հիմքով հանցագործության կատարողին շնորհվել են արտոնություններ, որոնք, կարծես թե որևէ իրավական հիմք չեն ունեցել ներքին օրենսդրությամբ, և կոչ է Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հստակեցնել իրենց դիրքորոշումը՝ այսպես կոչված «այլ արտոնությունների» տրամադրման վերաբերյալ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30