Իրավական հիմք ենք ստեղծում եւ նշում, որ մեր երկրում գործում են նաեւ թվային վարորդական վկայական եւ թվային հաշվառման վկայագիր: Մենք նշում ենք, որ այս փաստաթղթերը կարող են գոյություն ունենալ նաեւ թվային միջավայրում: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» եւ հարակից մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը:
Փոխնախարաը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ, երբ ուժի մեջ կմտնեն այդ կարգավորումները, առկա բոլոր վարորդական վկայականները կունենան նաեւ թվային տարբերակներ: Առաջին անգամ վարորդական վկայական ստացողները հնարավորություն կունենան ընտրելու՝ ստանալ թվային, թե պլաստիկ վարորդական վկայական: Զեկուցողը նաեւ նշել է, որ պլաստիկ վարորդական վկայականներն անձը կարող է կիրառել, օրինակ, ճամփորդության մեկնելու պարագայում:
Առաջարկվում է նաեւ սահմանել, եթե պարեկային ծառայության աշխատակիցը կարողանում է նույնականացնել վարորդին, ապա այդ պարագայում չի կիրառվելու վարչական այն իրավախախտումը, որը նախատեսված է օրենսգրքով, այն է՝ վարորդական վկայականն իր մոտ չունենալը: Եթե պարեկային ծառայության աշխատակիցը նույնականացնում է անձին եւ հաստատվում է, որ անձն ունի վարելու իրավունք, ապա այդ վարչական իրավախախտումը չի կիրառվում:
Փաթեթով առաջարկվում է պետական տուրքերի ավելի նվազեցված շեմ: Զեկուցողը նշել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու մեկ այլ կարգավորում եւս, որով հնարավորություն է տրվում անձին առցանց կատարել տրանսպորտային միջոցի առքուվաճառք, իրականացնել լիզինգ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկվում է նախատեսել իրավական հիմք՝ պետհամարանիշներն ու հաշվառման վկայագրերը փոստի միջոցով անձանց առաքելու համար:
Կարդացեք նաև
Առաջարկվում է սահմանել եւս մեկ կարգավորում, ըստ որի՝ անձը վճարի դիմաց կարող է ստանալ արագացված ծառայություններ: Մասնավորապես, եթե անձը վարորդական իրավունք ստանալու համար առաջին անգամ քննությունը չի հանձնում, ապա նա, 45 հազար դրամ հավելավճար կատարելով, կարող է քննություն հանձնել հաջորդ օրը, իսկ 3-րդ օրը քննությունը վերահանձնելու համար նա կարող է վճարել հավելյալ 30 հազար դրամ:
Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Առաջարկվել է նախագիծը խորհրդարանում քննարկել 24-ժամյա ռեժիմով:
Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ հունիսի 13-ի նիստում:
ՀՀ Ազգային ժողով