Հակակոռուպցիոն դատարանում Նարինե Ավագյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին պատասխանող կողմի հրավիրած վկաները:
Մինչեւ նիստի սկսվելը ընթերցվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւվի՝ այսօրվա նիստը հետաձգելու խնդրանքով միջնորդությունը: Դատարանը, հաշվի առնելով, որ այլ ծանրաբեռնվածություններ ունի, արձանագրեց, որ պարոն Կոչուբաեւի միջնորդությունը չի բավարարում եւ նիստը չի հետաձգում: Դրանից հետո Վլադիմիր Գասպարյանի եւ նրա տիկնոջ՝ Սուսաննա Գասպարյանի մյուս պաշտպանները՝ Վարազդատ Ասատրյանը եւ Արմեն Հարությունյանը, դիմեցին դատարանին, որպեսզի, եթե նիստը շարունակվում է, սկզբում հարցաքննվեն արդեն տարիքն առած եւ վատառողջ վկաները, որոնք նաեւ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեն:
Բոլոր վկաները հայտնեցին այն տեղեկությունները, որ ունեին: Ոմանք հայտնեցին էական տեղեկություններ, նշեցին, որ լավ իրազեկված են, ներկայացրին գործի համար կարեւոր նշանակություն ունեցող փաստեր, թե Վլադիմիր Գասպարյանը, օրինակ, 80-90-ական թվականներին ինչով է զբաղվել կամ նրա ընտանիքի անդամները ինչ գույքեր են ձեռք բերել եւ ինչպես: Սակայն փաստաբան Վարազդատ Ասատրյանի համոզմամբ դրանք գործի ելքի վրա էական ազդեցություն ունենալ չեն կարող:
Կարդացեք նաև
Եղավ մի պահ, որ հայցվոր եւ պաշտպանական կողմերի միջեւ վկաներին հարցեր ուղղելու հետ կապված որոշակի շիկացում առաջացավ:
«Դա լարվածություն չէր: Դատավարական փուլում կարող է նման բան լինել, ինչը դատական բանավեճի արդյունք է: Ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Մասնագիտական քննարկումներ են ընթանում:
Հնարավոր է՝ դատարանը իր ձեւով ընկալի, դատախազը՝այլ կերպ: Բայց մեր հակափաստարկները եւ առարկությունները, բնականաբար, տեղին էին: Չի կարելի վկաների վրա ճնշում գործադրել: Պետք էր ճնշում չբանեցնել, պետք էր այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի վկան, հաշվի առնելով նրանց տարիքը, կարգավիճակը, առաջին անգամ դատարանում գտնվելը, չշփոթվի, վախի զգացում չունենա, որպեսզի կարողանա հստակ ցուցմունք տալ: Հայցվոր կողմը ուղղորդող հարցեր էր տալիս, խճճում էր հարցերին տրված պարզաբանումը, կրկին նույն հարցն էր տալիս, որն անթույլատրելի է: Նման խնդիրը պետք է բացառվի: Մենք ընդամենը դրա մասով առարկություններ էինք ներկայացնում: Այս վկաները հաստատ իրավաբանական բարձրագույն այդպիսի գիտելիքներ չունեին եւ, գուցե, իրավաբանական որոշ եզրույթների, հասկացությունների այլ ընկալում ունեին: Իմ խնդիրը դա էր»,-նիստի ավարտից հետո Aravot.am-ին պարզաբանեց պաշտպան Վարազդատ Ասատրյանը:
Aravot.am-ը ցանկացավ այս հարցի շուրջ լսել նաեւ հայցվոր կողմի ներկայացուցիչ Համլետ Հարությունյանին, սակայն վերջինը որեւէ դիրքորոշում չարտահայտեց, քանի որ Գլխավոր դատախազությունը նման իրավունք չի տալիս, եթե լրատվամիջոցը նախապես իր հետ չունի համապատասխան պայմանավորվածություն:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 1-ին, ժամը 15:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ