Լույս է տեսել «Գիտական Արցախ» պարբերականի այս տարվա անդրանիկ համարը 1(24)2025: Շնորհանդեսը նախորդ օրն էր, ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր համարի շնորհանդեսին հավաքվում են հեղինակները, եւ ներկայացնում իրենց հրապարակումները, մասնագիտական հոդվածներն ու ուսումնասիրությունները:
Գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ պարբերականում տեղ է գտել 24 հոդված՝ 27 հեղինակներով, 3-ը համահեղինակներ են, 1-ը՝ գիտությունների դոկտոր է, 7-ը գիտությունների թեկնածու, 19-ը՝ ասպրիրանտ կամ հայցորդ:
Հերթական ուշագրավ այս համարում տեղ են գտել Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի եւ հաղորդակցության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Մկրտիչյանի «Հայաստանյան մամուլի բովանդակային շեշտադրումները եւ դերը հանրության արժեքային-գաղափարական դաշտի ձեւավորման մեջ՝ Ղարաբաղյան շարժման համատեքստում» (1988-1991թթ.), Խ.Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Մ. Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի հայցորդ Մերի Ղազարյանի «Հուզական ինտելեկտի խթանման ազդեցությունը մանկավարժների սոցիալական կարծրատիպային պատկերացումների դրսեւորման վրա», տնտեսագիտության թեկնածու Տիգրան Միքայելյանի «Միգրացիայի հիմնախնդիրը ՀՀ-ում, մասնավորապես՝ «սահմանազատված» Տավուշի մարզում», ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի հայցորդ, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ (2002- 2007թթ.), ԼՂՀ վաստակավոր իրավաբան Վոլոդյա Հովսեփյանի «Հայոց Արեւելից կողմանց վարչաքաղաքական կացությունը 5-13-րդ դարերում», ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ, դասախոս Գեւորգ Բարսեղյանի «Օպերատիվ-հետախուզական գործունեության քրեաիրավական ապահովման միջազգային եւ այլ պետությունների փորձը», Դիանա Սարգսյանի, Սաթենիկ Արշակյանի «Ծնողների արժեհամակարգի եւ երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքի միջեւ կապի ուսումնասիրություն» հրապարակումները… Պարբերականի տպագրությանն աջակցել է «Լույս» հիմնադրամը:
Կարդացեք նաև
Ձեզ ենք ներկայացնում Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի եւ հաղորդակցության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Մկրտիչյանի «Հայաստանյան մամուլի բովանդակային շեշտադրումները եւ դերը հանրության արժեքային-գաղափարական դաշտի ձեւավորման մեջ՝ Ղարաբաղյան շարժման համատեքստում» (1988-1991թթ.) ուսումնասիրությունից մի հատված.
Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ վերակառուցման անվան տակ եւ հրապարակայնության սկզբունքով
«Սկզբնական շրջանում Ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացվում էր վերակառուցման քողի ներքո, ինչն արտահայտվում էր պաշտոնական լրահոսում, խորհրդային իշխանության ուղերձներում, կենտրոնական մամուլից արված արտատպումներում եւ այլն: «ՏԱՍՍ», «Նովոստի» եւ «Արմենպրես» լրատվական գործակալությունների հաղորդագրությունները մամուլի համար տեղեկատվության հիմնական աղբյուրներն էին: Խորհրդային Հայաստանի գրեթե բոլոր թերթերը («Գրական թերթ» 04.03.1988, «Հայրենիքի ձայն» 02.03.1988) տպագրում էին «ԼՂ-ի եւ նրա շուրջ ստեղծված իրադարձությունների կապակցությամբ» իշխանությունների ուղերձները, իսկ լրահոսը հաշվետվության էր նման եւ չէր արտացոլում իրական տրամադրությունները ստեղծված իրավիճակում։ Այդուհանդերձ, ներկայացվող հրապարակումների կողքին մամուլը ժամանակ առ ժամանակ հարց էր բարձրացնում, թե ի վերջո` «Ո՞վ է խաղում կրակի հետ. Լեռնային Ղարաբաղի հայ ժողովո՞ւրդը, որ պահանջում է իր պրոբլեմի արդարացի լուծում, թե՞…» («Խորհրդային Հայաստան» 21.07.1989) ու նաեւ նկատում. «Եկեք բարեկամություն անենք, կոչը հիմա պարզապես միամիտ է հնչում» (նույն տեղում), քանի որ «ազգային հարցում մակերես բարձրացած խորքային հարցերը պահանջում են շատ շրջահայաց, հեռատես, մտածված, նրբանկատ ու լուրջ մոտեցում» («Երեկոյան Երեւան» 15.04.1989), անգամ ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար՝ ի թիվս այլ կետերի՝ առաջարկելով «ազգային հարցի հիմքում դնել ազգերի ինքնորոշման իրավունքը» («Երեկոյան Երեւան» 13.04.1989):
Հուսահատություն եւ հոգեբանական անկում
Զարգացող իրադարձությունները նոր փորձություն էին ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ հայաստանյան մամուլի համար: 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացվեց հայերի ջարդը, ինչը մամուլը «գաղտնի» պահեց ժողովրդից: Միայն ջարդերի երրորդ օրը ԽՍՀՄ պետական ռադիոյով եւ հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը եւ հայտնեց զանգվածային անկարգությունների մասին եւ ադրբեջանական ժողովրդին հանգստության կոչ արեց: Հայաստանում կատարվածի մասին տեղեկացան «ՏԱՍՍ»-ի մի քանի տողանոց հաղորդագրությունից («Գրական թերթ». 04.03.1988): Ամիսներ անց` հուլիսին, Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին տեղեկություններ հայտնվեցին ամերիկյան եւ եվրոպական մամուլում: Անգլիական հեղինակավոր «Գարդիան»-ը գրեց. «26 հայ է սպանվել, իսկ ադրբեջանական ոստիկանությունն այս ամենի համար ոչինչ չի արել»: Ֆրանսիական գրեթե բոլոր թերթերը նույնպես անդրադարձան Սումգայիթի իրադարձություններին եւ Երեւանի փետրվարյան ցույցերին` նշելով վերջիններիս բացառիկ կիրթ բնույթը («Անկախություն». 1988): «Ծայրաստիճան լարված եւ վերջին ժամանակներս խիստ սրվող» («Երեկոյան Երեւան». 24.05.1989) հարցի` Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս Հայաստանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Ս. Հարությունյանը ընդգծեց, որ «ԼՂԻՄ-ի պրոբլեմը տարածքային վեճ չէ, այն այսօր դարձել է համազգային գաղափար» («Խորհրդային Հայաստան». 24.05.1989)՝ հիշեցնելով, որ Սումգայիթի ողբերգությունը մի վերք էլ ավելացրեց 1915թ. ցեղասպանության մասին հայ ժողովրդի պատմական հիշողությանը: Մամուլում սկսեցին հայտնվել հուսալքության նշաններ: Հոգեբանական անկումը հատկապես արտացոլվեց Սումգայիթյան ջարդերի («Հայաստան» 05-07.09.1990) ու դրան հաջորդած դատավարության, Սպիտակի երկրաշարժի, շարունակվող գործադուլների ու դասադուլների, հայտարարված պարետային ժամի, Արցախի շուրջ սեղմվող օղակի, քաղաքական հացադուլավորների եւ այլնի մասին հրապարակումներում: Մամուլը շարունակում էր գրել ԼՂ-ի իրադրության մասին. հետաքրքրական մի առանձնահատկություն էր նկատվում, որ նախկինում չկար. Ստեփանակերտում փետրվարի 5-ի լարված դրության մասին տեղեկատվությունը հայտնվեց հաջորդ օրվա համարում: Նման օպերատիվությունը նորություն էր ժամանակի մամուլի համար («Խորհրդային Հայաստան». 06.02.1990):
Թղթակցությունների կողքին գրեթե հավասարապես հայտնվեցին ռեպորտաժներ ոչ միայն Արցախից: Երեւանի հիվանդանոցներում բուժվող բռնագաղթածների մասին ռեպորտաժները հետաքրքիր էին դարձնում թերթերի միապաղաղ ոճը: Թերթերում սկսում էին գործել հետեւողականության եւ շարունակականության սկզբունքները: Ավելին` Արցախում եւ նրա շուրջը տիրող իրավիճակի մասին մտորումներ էին գրում ոչ միայն հայաստանյան («Ավանգարդ» 02.02.1990) եւ այլն), այլեւ օտարերկրյա լրագրողները («Ավանգարդ» 07.02.1990 ուկրաինացի լրագրող Վ. Դոլգանով):
Ազգային ինքնության վերարժեւորում
…Ազգայինն աստիճանաբար գերիշխող է դառնում կյանքի տարբեր ոլորտներում` սկսած մշակութապահպանումից մինչեւ պետական տոների եւ խորհրդանիշների վերականգնում, անցյալի հերոսների արժեւորում, անգամ՝ հայոց լեզվի անաղարտության համար պայքար եւ այլն: 1989-ի ապրիլին արձանագրվեց առաջին զիջումը իշխանությունների կողմից` պայմանավորված Խորհրդային Միությունում ծայր առած ժողովրդական շարժման ալիքի ճնշման հետ: Իշխանությունները տեղի տվեցին եւ հանուն հայոց լեզվի անաղարտության եւ հայախոսության` շարժման մարտիկներն անդրանիկ հաղթանակն արձանագրեցին, երբ «սովետ» բառը փոխարինվեց «խորհուրդ» բառով (Եազըճեան): «Սովետ» ու նրանից կազմված «սովետական» եւ այլ բառերի փոխարեն սկսեցին գործածվել խորհուրդ, խորհրդային եւ այլ բառերը («Երեկոյան Երեւան». 12.04.1989): Ուշագրավ էր այն փաստը, որ համազգային զարթոնքն ուղեկցվում էր մի հոսանքով` այն է՝ վերադարձ դասական ուղղագրությանը:
Մամուլում հայտնվեցին հրապարակումներ Արամ Մանուկյանի («Խորհրդային Հայաստան». 09.08.1989), Գարեգին Նժդեհի, Եղիշե Չարենցի, Արամ Երկանյանի, Հայոց ցեղասպանության («Խորհրդային Հայաստան». 15.04.1990), անգամ՝ 1920թ. ստորագրված Սեւրի պայմանագրի մասին («Ավանգարդ». 03.12.1989): Որ պայքարը վճռական փուլ էր թեւակոխել, շարժումն անշրջելի էր, իսկ մամուլի դերը բացառիկ կարեւոր, վկայում էին ժանրային բազմազանությամբ եւ ինքնատիպ լուսանկարներով աչքի ընկնող համարները. բռունցքված ձեռքն ամենահաճախ հանդիպող լուսանկարներից էր («Ավանգարդ». 19.11.1989):
Իրավական պայքարի գործընթաց
Դեպքերի աննախադեպ սրընթաց զարգացումները փոխեցին նաեւ պայքարի ուղղությունը` այն է՝ խնդրի լուծմանը հասնել իրավական ճանապարհով: Արցախում կազմակերպվեց հանրաքվե, անցկացվեցին ընտրություններ, մարզը հռչակվեց հանրապետություն, ու մեկնարկեց անկախության երթը: Ավելին` պատերազմական գործողություններին զուգահեռ սկսվեց ԼՂՀ-ի` իբրեւ առանձին պետության ձեւավորման եւ կայացման գործընթացը: Այս ժամանակաշրջանում Ղարաբաղ էին գալիս տարբեր պատվիրակություններ: Հարցին իրավական լուծում գտնելու նպատակով Ստեփանակերտ ժամանեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնաժողովի անդամները, ովքեր հանդիպումների ընթացքում լսեցին Լեռնային Ղարաբաղի խնդրի ակունքների, 1988-ի փետրվարի 20-ին ընդունված որոշման մասին («Խորհրդային Հայաստան». 23.07.1989): Իրավական առումով կարեւոր քայլ էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ նիստում ընդունած որոշումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը վերամիավորվում էր Հայկական ԽՍՀ-ի հետ («Ավանգարդ» 03.12.1989): 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) («Ավանգարդ». 05.09.1991) ստեղծումով արցախահայության ազգային-ազատագրական պայքարը թեւակոխեց նոր փուլ: Ի պատասխան արցախցիների դրսեւորած կամքի` ազերիները զանգվածային հարձակումներ իրականացրին: Ստեղծված նոր պայմաններում Ժելեզնովոդսկում ընդունվեց հայտարարություն, որով, ստորեւ, դրվեց Արցախի հիմնահարցը բանակցությունների միջոցով լուծելու գործընթացի սկիզբը:
Դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության օրը, արցախահայությունը համաժողովրդական քվեով հաստատեց 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակված ԼՂՀ անկախությունը: Դեկտեմբերի 28-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցան Ադրբեջանի պարտադրած պատերազմական գործողությունների պայմաններում: Փաստորեն, ավարտվեց եւս մեկ տարի, փլուզվեց խորհրդային իշխանությունը, բայց Ղարաբաղի հիմնախնդիրը չլուծվեց: Միայն 1988թ. փետրվարից մինչեւ 1990-ի վերջը Արցախի խնդրի առնչությամբ ընդունվեց 7 միութենական որոշում (չհաշված այն բազմաթիվ իրավական ակտերը, որոնք ընդունվել են Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ եւ ԼՂԻՄ-ի պետական իշխանության ու կառավարման մարմինների կողմից), սակայն, «Ինքնավար մարզում եւ նրա շուրջը տիրող իրադրությունը ոչ միայն չնորմալացավ, այլեւ շարունակում էր վատանալ» («կՐՈՉՊՈ» 15.01.1990)…»:
Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.06.2025