Այս օրերին գործող իշխանություն-Հայ-առաքելական եկեղեցի ակտիվ հակամարտության ընթացքում շատ հոգևորականներ իրենց հարցազրույցներում բարձրացնում են կառավարության ղեկավարին, նրա կնոջը և իշխանության տարբեր ներկայացուցիչներին բանադրանքի կամ անեծքի ու նզովքի ենթարկելու հարցը։ Բագրատ Գալստանյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ «Մայր Աթոռը նրան (Փաշինյանին-խմբ․) բանադրանքի պետք է ենթարկեր վաղուց, իսկ հոգևորականներից մեկն էլ իր հարցազրույցում նշել էր․ «Մայր Աթոռը դիտարկում է բանադրանքի հարցը։ Որևէ կերպ չեմ կասկածում Մայր Աթոռի խորագիտության, իմաստնության վրա»։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել Մայր Աթոռ սբ․ Էջմիածին՝ փորձելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանը՝ ի՞նչ է ենթադրում Հայաստանում Հայ-առաքելական եկեղեցու կողմից բանադրանքի կիրառումը, ի՞նչ է հետևում դրան, ի՞նչ նախադեպեր են եղել՝ ե՞րբ և ո՞ւմ նկատմամբ է ՀԱԵ-ն բանադրանք կիրառել և վերջապես՝ արդյո՞ք հնարավոր է նոր ժամանակներում ՀԱԵ-ն կիրառի պատժի այդ գործիքը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից FIP.am-ին ուղարկել են Շահե վարդապետ Անանյանի և պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանի հոդվածը՝ «Նզովե՞ս․․․»։ «Ձեր հարցերի պատասխանները կարող եք գտնել կցված ֆայլում»,- պատասխանել են Մայր Աթոռից։
Այս հոդվածը եկեղեցական բարձրագույն պատիժների կանոնագիտական վերլուծություն է ըստ Հայ եկեղեցական իրավունքի ավանդության։ Այս աշխատության մեջ անդրադարձ է կատարվում եկեղեցական բարձրագույն պատիժների իմաստային, կանոնական և պատմական առանձնահատկություններին։
Կարդացեք նաև
Հոդվածում, որպես եկեղեցական բարձրագույն պատժաձևեր, ներկայացվում են նզովքը, անեծքը, բանադրանքն ու կապանքը։
Նշվում է, որ այս պատիժներից ազատվելու միակ միջոցն ուղղափառ հավատով և հոգևոր սիրով դարձն է։ Պատիժների ժամկետը հստակեցված չէ, ինչը հիմք է տալիս հեղինակներին եզրակացնելու՝ մեղավորին թողություն տրվում է միայն մահվան մահճում։ Այդուհանդերձ, որոշ կանոնների համաձայն, կախված մեղքի ծանրությունից, պատիժն անմիջապես դադարում է մեղավորի դարձով։
Այսպես, նզովքը, բանադրանքը և կապանքը, չնայած իմաստային նույնությանը, հայոց լեզվում և եկեղեցական կանոնական ավանդության մեջ ունեն կիրառման տարբեր ձևեր։ Ըստ այդմ, քրիստոնեական հնագույն ավանդության համաձայն, կապանքն ու բանադրանքը ունեին ժամանակավոր բնույթ, սահմանվում էին եպիսկոպոսի, վարդապետի կամ քահանայի կողմից՝ իբրև պատիժ գործած ծանր մեղքերի համար։ Դրանք ունեին ժամանակավոր բնույթ, նախատեսում էին եկեղեցու խորհուրդներին և աղոթական կյանքին մասնակցելու ժամանակավոր արգելանք։ Իսկ եթե անձը չի զղջում, մեղսագործը մնում է առանց հուղարկավորության կարգի։ Ըստ այս աշխատության, եկեղեցագիտական բառարանում այն հաճախ կոչվում է նաև «փոքր նզովք, հեռացում եկեղեցուց և ժամանակավոր զրկում Սուրբ Հաղորդությունից»։
Նզովքը եկեղեցու բարձրագույն պատիժն է, որը «տրվում է սովորաբար ուղղափառ հավատից հեռացածներին և հերձվածի (աղանդավորություն–խմբ․) մեջ ընկածներին, և հրապարակվում է հասարակական մակարդակով՝ ժողովի կամ եկեղեցապետի (Կաթողիկոս–խմբ․) կողմից»։
Նզովքը կամ այս դեպքում արդեն՝ բարձրագույն պատիժը, տրվում է հրապարակայնորեն՝ ժողովի և եկեղեցապետի համատեղ հայտարարությամբ։ Այն կարող է լինել ինչպես ցկյանս, հետմահու, այնպես էլ՝ ժամանակավոր, մինչև մեղավորի դարձն ու զղջումը։ Ընդ որում, ըստ հոդվածի, նզովքն առավելագույն պատիժն է, որով մեղավորն այլևս երբեք չի հիշատակվում նույնիսկ մահվանից հետո՝ հոգեհանգստյան կարգի ժամանակ։
Հայ կանոնական մտքի ավանդույթի համաձայն՝ մեծ նզովքը նույնպես կարող է վերացվել, եթե մեղավորը հրապարակայնորեն զղջա և անցնի ապաշխարության սահմանված ժամկետը։
Հայկական թագավորներից եկեղեցու կողմից նզովքի է ենթարկվել Պապ թագավորը, որը ըստ եկեղեցական աղբյուրների, փորձել է միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Արշակունիների արքայական ընտանիքին պատկանող Պապ թագավորը, ըստ որոշ պատմական աղբյուրների, հակամարտության մեջ է եղել այդ ժամանակի Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Մեծի հետ, քանի որ որոշ բարեփոխումներ էր իրականացնում՝ վերցնելով եկեղեցապատկան հողերը և եկեղեցուն տրվող հարկերը։
Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»