Իրանի դեմ պայքարի հարցում Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսրայելի շահերը փաստացի համընկնում են։ Բայց առկա իրավիճակն ամենից շատ ձեռնտու է Թուրքիային։ Եվ եթե Իրանի դիրքերն ավելի թուլանան, Թուրքիան կարող է շատ ավելի համարձակ գործողությունների դիմել՝ իր պանթուրքական ծրագրերը առաջ մղելու համար։ Էրդողանի վերջին կոչը՝ ուղղված Իրանին, որ վերջինս համաձայնի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ոչ միայն քաղաքական ճնշում է, այլ նախանշում է առաջիկա քայլերի տրամաբանությունը։
Միջանցքի հարցը միայն ենթակառուցվածքային խնդիր չէ։ Այն ռազմավարական վերաձևում է տարածաշրջանում, որն անխուսափելիորեն կնշանակի Հայաստանի շուրջ շրջափակման օղակի էլ ավելի սեղմում։ Փաստացի մեր երկիրը կկորցնի իր հարավային սահմանը։ Իհարկե, հնարավոր է նաև, որ այդ միջանցքի նախագիծը հետագայում օգտագործվի հենց Իրանի դեմ նոր հարվածների համար։ Թուրքիան, օգտվելով Իրանի ներքին ճնշումներից և արտաքին մեկուսացման հնարավորությունից, ի վերջո կարող է պայմաններ ստեղծել Իրանի մասնատման ու սեփական աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնման համար։
Այս ամենի ֆոնի ներքո հատկապես ուշագրավ են ինչպես ԱՄՆ պետքարտուղարի, այնպես էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները, որոնք հստակ մատնանշում են Հայաստանի շուրջ անվտանգային լուրջ ռիսկերը։ Սակայն անգամ այսպիսի հստակ ազդակների պայմաններում Երևանը շարունակում է պահել միակողմանի «խաղաղության դարաշրջան» հռչակելու քաղաքական գիծը՝ առանց հաշվի առնելու, որ ինչքան Հայաստանում մեծանում է խաղաղություն մուրալու մոտեցումը, թուրք-ադրբեջանական տանդեմն այնքան ագրեսիվ է դառնում։ Իրավիճակը լուրջ է, քան երբևէ. Հայաստանը այսօր կանգնած է ոչ թե միայն սահմանային անվտանգության հարցի, այլ գոյաբանական սպառնալիքի առաջ։ Իսկ տարածաշրջանը վերաձևավորվում է՝ առանց հայկական սուբյեկտայնության։ Հայաստանի՝ պասիվ դիտորդի դերում մնալու պարագայում նրա տեղը նոր ձևավորվող քարտեզում կսահմանվի այլ ուժերի կողմից՝ առանց հայկական կողմի մասնակցության։ Եթե Հայաստանը չվերակառուցի իր անվտանգության կոնցեպտը, չդիմի ռազմաքաղաքական ինքնավարության ամրապնդմանը ու չվերագնահատի իր արտաքին քաղաքական մանևրների ռազմավարությունը, հնարավոր է, որ մոտ ապագայում ընդհանրապես չունենա հնարավորություն ընտրություն կատարելու։
Եվ այդ պայմաններում՝ շարունակել ներքին գզվռտոցն ու շեղող օրակարգերը՝ նշանակում է գիտակցված կերպով հանձնվել՝ չմտնելով մի խաղի մեջ, որտեղ խաղադրույքը պետական գոյությունն է։ Ու որքան էլ տարօրինակ թվա, այս ամբողջ վտանգավոր շղթայի պայմաններում Հայաստանի իշխանությունները ցուցաբերում են անլրջություն կամ ուղղակի անտարբերություն՝ գործողություններ չձեռնարկելով սպառնալիքներին արձագանքելու և հանրությանը նախապատրաստելու նպատակով։ Ու փոխանակ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ծանրանա Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրների ուղղությամբ, ամեն օր նոն ստոպ ռեժիմով Եկեղեցու վրա է հարձակվում։ Ուղղակի ցավալի է պատկերացնել, որ երկրի ղեկավարն ամեն օր գնում է աշխատանքի ու միակ գործողությունը, որ կատարում է, սոցցանցերում վիրավորական գրառումներ կատարելն է, այնինչ Հայաստանի հակառակորդներն օրուգիշեր պատրաստվում են…
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում