Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։
«Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործով կոմիտեն ընդունել է միջանկյալ բանաձև, որում մասնավորապես ամրագրված է. «Նախարարների կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում այն մասին, որ այս գործերով վերջնական դատավճիռներից հինգ տարի անց և չնայած Կոմիտեի նախորդ կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել դիմորդներ Նամազովի և Բագիրովի վերաբերյալ ձեռք բերված շոշափելի առաջընթացը ցույց տվող անհատական միջոցառումների վերաբերյալ։ Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերջ դնել այս իրավիճակին՝ ապահովելով, որ այս երկու դիմումատուների վերաբերյալ հարցերն արագ լուծվեն՝ համաձայն Գերագույն դատարանի նախկին որոշման՝ Ասլան Իսմայիլովի նմանօրինակ գործով, եթե այդ ընթացքում Ադրբեջանի փաստաբանների միությունը չվերականգնի նրանց անդամակցությունը կառույցին»։
Հիշեցնելով, որ ադրբեջանցի իրավապաշտպան Բագիրովի գործում Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն նշել է, որ նրա մասնագիտական գործունեությունը վերականգնելուն ուղղված միջոցառումների ընդունումը, ի թիվս այլոց, պետք է լինի իրագործելի, ժամանակին, համարժեք և բավարար, կարևորել է Դատարանի կողմից հայտնաբերված խախտման համար առավելագույն հնարավոր փոխհատուցումն ապահովելու հարցը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ