«Արցախ բառի հետ կապված ցանկացած հարց ՀՀ իշխանությունների մոտ որևէ դրական բան չի առաջացնում»,- Հայ Ազգային Կոնգրեսի դահլիճում «Արցախահայության սոցիալ-տնտեսական ինտեգրման կարևորությունը և առկա խնդիրները թեմայով» բանախոսության ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Բանախոսության մասնակիցները խնդրեցին տեղեկություններ ներկայացնել Բաքվի հայ ռազմագերիների դատավարության ընթացքի վերաբերյալ։ Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Բոլորս էլ ականատես ենք լինում այն դատական գործընթացներին, որոնք տեղի են ունենում Բաքվում։ Դատավարության ընթացքը բերում է նրան, որ մառազմ է․ այնպիսի փաստեր են առաջ բերում, որ բացառապես վերաբերում են ՀՀ-ին։ Այդ մարդկանց անձնական մեղավորությունը չկա։ Նույնիսկ մի դատական նիստի ժամանակ ներկայացրել էին, որ 2020-ի պատերազմի ժամանակ ինչ-որ ընտանիքներ են զոհվել Աղդամում, երբ Աղդամը մենք 2020-ի նոյեմբերի 20-ին ենք տվել Ադրբեջանին։ Այսինքն՝ պատերազմի ժամանակ Աղդամը եղել է ՀՀ-ինը մինչև վերջին օրերը, բայց այնքան են կեղծում, որ Ռուբեն Վարդանյանի դատական նիստի ժամանակ մարդիկ գալիս, ասում են՝ մեր բարեկամները Աղդամում մահացել են»։
Մեսրոպ Առաքելյանը փաստեց՝ ակնհայտ է, որ այդ դատավարությունը քաղաքական է՝ ՀՀ-ի դեմ․ «Հույս ունենք, որ մինչև տարեվերջ այս դատական նիստերը պետք է որ ավարտվեն։ Դա լավ է։ Միջազգային հանրության տեսանկյունից կա իրավիճակ, որ Ադրբեջանն ասում է՝ այս մարդիկ ներքին հանցագործներ են, մենք դատում ենք։ Վատ ձևակերպում եմ անում, որ եթե այդ մարդիկ դատապարտված լինեն, այդ դատավարության փուլը դուրս կգա։ Լավ, դատվել, դատվել են իրենց դատավարությամբ, միջազգային հանրությունն ավելի մեծ շանսեր ունի այդ մարդկանց պահանջելու և ասելու՝ ներում շնորհվի։ Այդ մասով էլ ՀՀ կառավարության կողմից քայլեր չկան։ Մեր ունեցած տեղեկություններով՝ միջազգային այն կառույցները, երկրները, որոնք այս հարցում նախաձեռնողականություն են ցուցաբերում, ՀՀ իշխանությունները հորդորում են նման հարցեր չարծարծել, չխաթարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և չազդեն այս հարցերով, քանի որ խաղաղության պայմանագրի խանգարող կետ է։ Կուզենամ գոնե այս հարցով սխալվեմ․ օր առաջ ցանկանում ենք բոլորս այս մարդկանց վերադարձնել, առնվազն այս իշխանության օրոք այս հարցի լուծումը ձգտում է զրոյի՝ քաղաքական, նաև այլ պատճառներով»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ