Աղետների ռիսկի կառավարման միջազգային փորձագետ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Սպիտակի երկրաշարժից հետո, անկախության, անիշխանության, պատերազմի ու հաղթանակի միջով անցնելով, ստեղծեցի ՆԳՆ, ԱԻՎ-ԱԻՆ լրատվական ծառայությունները, մասնակցեցի ՊՆ-ի ստեղծմանը, ձևավորեցի ՀՀ միասնական միջգերատեսչական լրատվական կենտրոնը, հիմնադրեցի թիվիններ, շաբաթաթերթեր, կայքեր, վարեցի հաղորդումներ, գրեցի գրքեր։ Դասավանդեցի Երևանի պետական ու մանկավարժական համալսարաններում։ Գնացի սահմանամերձ Տավուշ։
Այս բոլորի հիմքում մեր երկրի անվտանգությունն էր, դիմակայունությունը, ամենատարբեր ռիսկերից մեր խոցելիության նվազեցումը, բնակչության իրազեկումն էր ու պատրաստվածության բարձրացումը։
Առաջինն ուսումնասիրել եմ մեր փորձը։ Փառք Աստծո, Մատենադարանում երկու հազար տարուց ավելի գրավոր հիշատակություններ ունենք, հիմնականում՝ պատերազմների, աղետների, համաճարակների, մորեխների արշավանքների, մահ տարաժամերի, քաղպաշտպանական միջոցառումների մասին։ Մեր վանքերն ու եկեղեցիներն աղետներից՝ երկրաշարժ, սողանք․․․ ավելի շատ են խոնարհվել, քան թշնամիների ասպատակություններից։ Մեր տասներկու մայրաքաղաքներն էլ մասամբ կամ ամբողջովին ավերվել են երկրաշարժերից։ Շատ արժեքավոր էին Սպիտակի երկրաշարժի դասերը․ աշխարհի ամենաուսումնասիրված երկրաշարժերից է, որից հետո մոլորակի վրա շատ բան փոխվեց։
Կարդացեք նաև
Ծանոթացել եմ աշխարհի բազմաթիվ երկրների փորձին՝ ԱՄՆ-ից Ճապոնիա, Չիլիից ու Բրազիլիայից՝ մինչև Չինաստան ու Կորեա։ Ամբողջ Եվրոպան, նաև՝ Ֆինլանդիա, Շվեյցարիա ու Իսրայել, Թուրքիա ու Ադրբեջան։
Շյուղ առ շյուղ քաղած դաս ու լավագույն փորձ եմ ամբարել։ Լավ, ոնց են այս երկրները դիմագրավում, հետևանքները նվազեցնում, իսկ մեզ պատուհասած յուրաքանչյուր փորձություն փորձանքի պես փլվում է մեր գլխին, ավերում ու կոտորում, երկար ժամանակ, ծուռ մեջքով, ոտքի չենք կանգնում։
ԱՂԵՏՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՑ ԴԵՊԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնի գաղափարն ապահովում էր, որ ճգնաժամերի ժամանակ երկիրը կխոսի մեկ ձայնով, ներդաշնակ․ համագործակցված։ /Ոչ թե ամեն գերատեսչության ղեկավար կհակասի մյուսին/։
Դիմակայունության լուրջ հայտ էր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը դիմակայունության օր դարձնելը։ Ճապոնիայի ու Չիլիի օրինակն աչքի առաջ ունենալով՝ սկսեցի մշակել Դեկտեմբերի 7-ը հիշատակի և դիմակայունության օր դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը, որի ընդունումը տարիներ տևեց։
Տասնյակ տարիներ մենք հարգանքի ու խոնարհումի տուրք ենք մատուցել Սպիտակի երկրաշարժի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակին, հուշաքարեր ու հուշարձաններ ենք կառուցել, սգացել, խնկարկել ու ծաղկեպսակներ խոնարհել:
Սակայն, երկրաշարժի զոհերի լավագույն հիշատակը նրանց երկիրը սեյսմակայուն ու աղետակայուն կերտել-դարձնելն է, հարազատների կյանքն ու առողջությունը պահպանելը, երկիրն ու մարդկանց դիմակայուն դարձնելը:
Երկրաշարժի զոհերի հիշատակին սգալուց բացի՝ մենք պարտավոր ենք այդ օրը դարձնել գործողության, պատրաստվածության և դիմակայունության սիմվոլ, բարձրաձայնել, որ դիմակայունությունը պետք է դառնա ազգային ռազմավարություն՝ կրթության, մշակույթի, կառավարման, մեդիայի, տնտեսության բոլոր մակարդակներում։
ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ, ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՅՈԹԻՑ՝ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ
Հենց այդ տրամաբանությամբ էլ առաջ ենք բերում մեկ այլ՝ շատ ավելի խորքային և արժեքային արմատներ ունեցող նախաձեռնություն՝ Սասունցի Դավթի էպոսի օրը դարձնել պետական տոն։
Մեր էպոսը մեր այբբենարանն է, Մատենադարանը, մեր Կաթնաղբյուրն է, մեր ինքնությունն է, մեր հոգու հայելին։ էպոսը մենք ենք՝ երեկ, այսօր ու վաղը։
Նախ նշեմ, որ բացի ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման միջազգային փորձագետ, լրագրող և փրկարար ծառայության գեներալ-մայոր լինելուց, մասնագիտությամբ բանասեր եմ՝ գրականագետ, և ավելի քան քառասուն տարի ուսումնասիրում եմ մեր էպոսը, ընթերցել եմ բանահավաք բոլոր տեքստերը, բոլոր մշակումները, կարդացել ու համեմատել եմ աշխարհի քառասունից ավելի էպոսների հետ, գտել ընդհանրություններն ու ընդգծել մեր էպոսի առանձնահատկությունները։
Երեխաների համար հիմա հեքիաթ եմ գրում ՍՈՒՊԵՐ ԴԱՎԻԹԻ /ՍԱՍՆԱ ԴԱՎԻԹ/ մասին․ Ասք-դյուցազնապատում ամենակարող ու հարեհաս, լույսի մարտիկ հերոսի և անվտանգության մշակույթի մասին / Հայկական ժողովրդական հերոսավեպ- դյուցազնավեպ-դյուցազներգության-էպոսի մոտիվներով /։
Անկեղծ ասած, հիմա այնքան չեմ գրում, ինչքան նորից կարդում եմ, վերընթերցում, նոր բաներ գտնում։ Ամենազարմանալին այն էր, որ դիմակայունության ազգային ծրագիր մշակելիս, ամենաօրինակելի փորձը Ֆինլանդիայինն էր, Շվեյցիարիան կլասիկա էր։
Ու հանկարծ աչքովս ընկավ, թե Ֆիններն ինչպես ոտքի կանգնեցին, միավորվեցին, իրենց ինքնությանը տեր կանգնեցին ու դիմակայուն դարձան իրենց Կալեվալա էպոսով դեռ տասնիններորդ դարում, երբ պայքարում էին իրենց ազատության, ինքնության ու լեզվի համար, և էպոսի տպագրման օրը դարձրին ազգային տոն՝ ազգային երգ ու պարերով, հանդերձներով, մշակութային բազմաբնույթ միջոցառումներով ու կրթական ծրագրերով։
Չերկարացնեմ ՝ օրենքի նախագիծն ու ամեն ինչ մեր էպոսի մասին։ Գիտեմ, որ ճանապարհ ունենք անցնելու, բայց միասին սահուն ու սրընթաց կանցնենք (շատ են էպոսագետները, գրողներն ու մշակութաբանները, շահագրգիռներն ու աշխարհ տեսած ազգասերները)։
Կարծիքների ու առաջարկների համար՝ [email protected]: