Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ժամանակ չի կորցնում որեւէ հարցի վրա. «Հայացք Երևանից»

Հունիս 15,2025 10:25

Կարծես թե Իրանը դժվար պահին ստիպված կլինի եւս մեկ փորձություն անցնել։ Օրեր առաջ ՖԲ-ում հրապարակած մի գրառմանս հետ կապված շատ հարցեր կային, ուստի կարծում եմ՝ արժե անդրադառնալ այս թեմային։

Իսկ խնդիրը հետեւյալն է. նորություն չէ, որ Թուրքիան ժամանակ չի կորցնում որեւէ հարցի վրա։ Իսկ այն, որ վերջին օրերին նկատվում է այս երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի աննախադեպ աշխուժությունը Հարավային Կովկասի խնդիրների ուղղությամբ, շատ բան է ասում մեր տարածաշրջանում միջազգային գործընթացների արագ զարգացման խնդրի մասին։

2025թ. մայիսի 21-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Թուրքիան անմիջապես սկսեց իրագործել Հարավային Կովկասում քաղաքական տարածքի «ձեւավորման» ծրագիրը։ Ըստ երեւույթին, այս ծրագիրը Ռուսաստանի հետ նախապես քննարկվել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւան այցից առաջ, քանի որ շատ շուտ՝ մայիսի 26-ին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հրավիրվեց Մոսկվա, որտեղ կողմերը քննարկեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցության համատեղ կարգավորման եւ այլ խնդիրների թեման։

Ուշագրավ էին Ֆիդանի խոսքերը Մոսկվայում, որ Թուրքիան խելամիտ է համարում նախագահ Ալիեւի վարած քաղաքականությունը եւ աջակցում է դրան։ Այսինքն՝ հայտնի դարձավ, թե Թուրքիան ինչ պայմաններում է զբաղվելու Հարավային Կովկասի հարցերով։ Իսկ Լավրովի խոսքերը հստակ ակնարկում էին բոլոր իրադարձությունների պարտադիր միասնական լինելու մասին։

Թե ով էր ավելի հավանական նախաձեռնելու հարավկովկասյան գոտում կարգավորման գործընթացի արագացումը, կարելի է միայն ենթադրել։ Սակայն անմիջապես սկսվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի ակտիվությունը։ Մայիսի 26-ին նախագահներ Ալիեւը եւ Էրդողանը ժամանեցին Լաչին՝ նոր օդանավակայանի բացման նպատակով։ Լաչին էր ժամանել նաեւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը պետք է բոլորին ցույց տար Հարավային Կովկասի հարցերի շուրջ համագործակցության իրական ձեւաչափը։

Ամենայն հավանականությամբ՝ դա առաջին հերթին վերաբերում էր Իրանին ու Հնդկաստանին, որոնց դիրքորոշումները Հայաստանի տարածքային ու հաղորդակցային խնդիրների վերաբերյալ ոչ մի կերպ չեն թաքցվում։ Պակիստանն այստեղ թուրքերին ճիշտ ժամանակին էր պետք։ Իրանի տարածքով Հայաստանից Հնդկաստան կապի կայուն գործունեության հեռանկարը չի կարող չանհանգստացնել բոլոր թուրքերին եւ պակիստանցիներին։ Այս թեմայով ինչ-որ պահի պետք է լուրջ խոսակցություն սկսվեր։

Վերջին հանգամանքն անմիջապես ի հայտ եկավ՝ Էրդողանը Լաչին այցելելուց հետո կոնկրետ հայտարարություն է արել, որն, ըստ էության, կոչ էր Իրանի ղեկավարությանը: Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն ցամաքային ճանապարհ է, այլեւ Թուրքիայի տարածքից դեպի թյուրքական աշխարհ ինտեգրման նոր գիծ։ «Այս միջանցքի բացումը ամենակարճ ժամանակում կուժեղացնի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները Հարավային Կովկասում: Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի քայլերին, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանի խաղաղությանը եւ զարգացմանը»,- նման հանդիսավորությամբ հայտարարեց Էրդողանը: Ճիշտ այնպես, ինչպես կվարվեր «միակողմանի ֆուտբոլային խաղում»:

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30