1.ՀԳՄ գրողների տունը
Ծաղկաձորը վառ դեղին ծաղիկների հրացոլքի օղակում է հայտնվել։ Ասես արեւը հազարավոր մասերի է բաժանվել ու հաշվի առնելով բնակավայրի անունը, լցվել նրա հնարավոր կանաչ գոտիները, անտառի բացատները։
Հինգերորդ տարին է, ինչ այստեղ չեմ եղել։
«Հացատան» փոխարեն բուսնել է բազմահարկ մի շինություն։ Աջ կողմում անճոռնի ու բարձր, Ծաղկաձորին անհարիր պարիսպներ են գոյացել, փորձելով ինչ-որ բան թաքցնել օտար հայացքից։ Թե ինչ կա ներսում, անհայտ է։
Կարդացեք նաև
Իսկ այնտեղ խորհրդային տարիներին ամռանը լցվում էր աշխույժով, եռուզեռով։ Այստեղ Պիոներական ճամբարներն էին։ Ուղեկիցս հայտնեց, որ մեծահարուստ, Ազգային ժողովի պատգամավորն անտառից հարյուրավոր ծառերի հատելու գնով տասը հարկանի 12 շենք է կառուցում այս տարածքում։ Չգիտեմ, իմաստ ունի՞ այդ օլիգարխին հանդիպել ու պարզաբանել նրա ծրագրերը։ Հիշում եմ հարց տվող լրագրողներին նրա կոպիտ, անհանդուրժող պատասխանները։ Եթե հանդիպեմ, անպայման կհարցնեմ ճամբարների, «Նաիրի» հանգստյան տան ճակատագրերի մասին, որոնք այժմ նրա սեփականությունն էին։
Ծաղկաձորը լցվել է խաղատներով։ Խաղամոլները իրենց ամենագնաց մեքենաները փորձում են թաքցնել կողմնակի հայացքներից։ Ծաղկաձորը հայկական «Լաս Վեգաս» են ուզում դարձնել։ Դա ժամանակի հրամայակա՞նն է։ Եթե կան խաղամոլները, կան իրենց եկամուտների մի մասը խաղատներում թողնել ցանկացողները, ապա պետք է խաղատներ հիմնել։ Այստեղ մեծ գումարներ շահողները իրենց գումարները կարող էին հանրօգուտ բնագավառներում ներդնել։
Միհարկանի Ծաղկաձորն աստիճանաբար կորցնում է իր դեմքը։ Սակայն նոր բազմահարկերն ամենեւին էլ ներդաշնակ չեն անտառի, բնական միջավայրի հետ։ Ծաղկաձորում շուտ-շուտ փոխվում են քաղաքապետները, որոնցից յուրաքանչյուրը չգտնելով իր կարեւոր դերը քաղաքի ձեւավորման ճակատագրում, իրենց զիջումներով լուրջ սպի են թողնում այս գողտրիկ բնակավայրում։
Չնայած հեղափոխական ու հետհեղափոխական վայրիվերումներին ու տնտեսական ցնցումներին, Ծաղկաձորի Գրողների տունը, տնօրեն Մովսես Մանուկյանի ու Հայաստանի գրողների միության ջանքերով հաղթահարեց տնտեսական ու բարոյական դժվարությունները։ Սակայն նոր տիպի խնդիրներ են առաջանում։ Այսօր էլ իրավական մարմիններում գործընթացներ են շարունակվում ստեղծագործական միությունների գույքերը օտարելու եւ դրանք «ընտրյալ» վերնախավի սեփականատերերին զիջելու ուղղությամբ։
Տեղավորվելուց հետո պտտվեցի հարազատ Գրողների տան շուրջը։ Ես սիրում եմ ծառերի կոճղերին առանձին ծավալային ու արտահայտիչ, մարդկանց համար աննկատելի փոքր հատվածներ լուսանկարել։ Պրոֆեսիոնալ լուսանկարչական խցիկ չունենալու պատճառով իմ հին չինական բջջային հեռախոսով էի լուսանկարում, որը բավարար որակ չի ապահովում։
Ես հետաքրքիր ծավալներ ու որակներ եմ տեսնում լոգասենյակում՝ խոնավությունը կլանելու նպատակով հատակին փռած հին շորերի ծալքերում նկատում դրանք եւ լուսանկարում։ Հնարավորություն ունենալու դեպքում դրանք կցուցադրեմ հանրությանը։
Սենյակ վերադարձա։ Թոռս՝ 10-ամյա Ռոբերտը պլաստիլինե փոքրիկ քանդակներ էր պատրաստում։ Նա գեղանկարչական դասընթացների էր գնում ու գունային հետաքրքիր ընկալում ուներ, բայց ծավալների ու պլաստիկայի զգացումը պակաս չէր։ Լուսանկարեցի նրա պատրաստած մանր քանդակները։
Ծաղկաձորում սովորաբար հիշատակում են լեռնադահուկային սպորտի, ճոպանուղու, հյուրանոցների համբավի մասին, սակայն երբեք ոչինչ չեն ասում նրա եզակի բուսաշխարհի, ծաղիկների հմուտ օգտագործման միջոցով մարդկանց առողջության վերականգնման մասին։ Հայաստանի Գրողների միության ծաղկաձորյան տան տնօրեն Մովսես Մանուկյանը նկատի ունենալով ծաղկաձորյան այս հնարավորությունները, ընդգրկելով երկրի լավագույն մասնագետների, հիմնել է Ապաքինող- վերականգնող «Հույս» կենտրոնը։
Ակուպունկտուրան եւ մանուալ թերապիան կգլխավորի Հայաստանի եւ Սիրիայի վաստակավոր բժիշկ Պետրոս Քեշիշօղլյանը։ Կենտրոնի աշխատանքները համակարգում է մանկավարժության եւ առողջ ապրելակերպի մասնագետ, հատուկ բուսայուղերի օգտագործմամբ համալիր մերսումների արդյունավետ մեթոդի հողինակ, պրոֆեսոր Աշոտ Օհանյանը։ Կենտրոնում ընդգրկված են նաեւ մասաժի եւ մանուալ բուժման, սիբիրյան տայգայի ավանդական բուժման հայտնի մասնագետ Հրաչ Զաքիյանը, հոգեբուժության մասնագետ, Հանրապետության վաստակավոր արտիստ, Պանտոմիմայի պետական թատրոնի տնօրեն, պրոֆեսոր Յուրի Կոստանյանը։ ՍՊԱ կենտրոնի աղային լճակն ու տուրմալինային եւ ուլտրաձայնային բուժական կարգավորումները մերսումների հետ արագ ապաքինման լավ հնարավորություններ են տալիս։ Հենց ավարտվեն ՀԳՄ գույքի նկատմամբ նկրտումներն ու դատական գարծընթացը, «Հույս» ապաքինող-վերականգնողական կենտրոնը կսկսի իր աշխատանքը։ Այն կօգնի շատ շատերին վերականգնելու իրենց առողջությունը, հասնելու առողջ ապրելակերպին։
Ծաղկաձորյան գրողների տանն էլ հանդիպեցի Արցախի գրողների միության անդամ, լրագրող Կիմ Գաբրիելյանին, որը հայտնի էր «Ազդ» թերթի իր արցախյան ռեպորտաժներով։ Խոսում էինք այն թերացումների մասին, որոնք խանգարեցին Արցախի փրկության գործին։ Քաղաքակիրթ աշխարհը անտարբեր գտնվեց Արցախի շուրջը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Բաքուն ու Անկարան ամեն ինչ անում էին միջազգային հասարակական կարծիքը իրենց կողմը թեքելու համար։ Իսկ բացարձակ ճշմարտությունը չէինք կարողանում հասցնել աշխարհին, որովհետեւ մեր երկու պետությունների ղեկավարները, քաղաքական վերնախավը արհամարհում էիին հասարակական կարծիքի ուժը։ Մյուս կարեւոր թերությունը հանրության անտարբերությունն էր ընտրությունների նկատմամբ։ Երկրի ղեկավար կարող են ընտրել իրենց ունակություններով միջին մակարդակի մարդիկ, որոնց գլխավոր նպատակը ցանկացած ձեւով, նույնիսկ պետության թուլացման հաշվին հարստանալն էր։ Իսկ հանրությունը այդպես էլ չհասկացավ եւ չընդունեց, որ յուրաքանչյուրիս շահը համընդհանուր շահի մեջ է։
Կիմ Գաբրիելյանին ես պատմեցի, որ 1992 թ. սկսած, ՀՀ Հատուկ ծրագրերի վարչությունում աշխատելու տարիներին տեղեկություն ունեի, որ հայ բնակչության բռնագաղթից հետո Նախիջեւանի Հանրապետության հայկական Բիստ գյուղում թուրքերը ահաբեկչական դպրոց էին հիմնել՝ հավաքագրելով ՀՀ-ից եւ ԱՀ-ից հեռացած հայերեն իմացող ադրբեջանցիների։ Գետակի երկու կողմերում տեղադրել էին 200 վրան, յուրաքանչյուրում երկու հոգի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում քայքայիչ աշխատանք տանելու համար։ Տարեկան 400 հոգի մտցնում էին հայկական տարածքներ՝ իրենց առաջադրանքներով։ Հարցը քննարկվել էր Անվտանգության խորհրդում, սակայն հրաժարվել են որեւէ քայլ ձեռնարկել, գերադասելով չեզոքությունը։ Տեղեկանալով բացահայտման մասին, թուրքերը դպրոցը տեղափոխել են Արարատ լեռան հարավակողմը։ Հինգերորդ շարասյան աշխատանքով է բացատրվում, թե արցախյան այս դաժան պարտությունն ու բռնագաղթը, թե Հայաստանի Հանրապետության ծանր վիճակում հայտնվելը։
– Այս պայմաններում, երբ թշնամու հետախուզության հազարավոր ներկայացուցիչներ լցվել են մեր երկիրը, մենք պետք է ավելի կուռ, միասնական դառնանք, -ասացի ես, -իսկ հակառակը, ավելի ենք թուլացել, ասպարեզը թշնամու ուժերին թողել։
– Դե գայիր Հայրենի եզերք, օգնեիր…
– Այո, իհարկե, սակայն հինգ անգամ, սկսած 1988-ի փետրվարից, առաջարկեցի աշխատել նոր հիմնած հեռուստատեսությունում, հետո որպես «Արցախ» պարբերականի խմբագիր եւ այլն, հենց իմ արցախյան ընկերները խոչընդոտում էին…
Հայաստանի գրողների ծաղկաձորյան տունը լցվել էր աշխույժով։ Բակում վրաններ էին տեղադրում։ Նկարահանող խումբը մեկ օրով վարձակալել էր բակն ու առաջին հարկի դահլիճներն ու ճեմասրահը՝ փախստականների մասին ֆիլմ նկարահանելու համար։ Ավտոբուսներով մասսայական նկարահանումների համար երիտասարդների, մեծահասակ կանանց ու տղամարդկանց էին բերել։ Դահլիճում հանդիպեցի ռեժիսորին։ Նա զբաղված էր ու զրուցելու ժամանակ չուներ։ Ամեն վայրկյանը թանկ էր։
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.06.2025