«Իրանն այսօր». Գիշերը շարունակվել են Իրանի պատասխան գործողությունները։ Թիրախում են եղել Թել Ավիվը, Հայֆայի էներգետիկ ենթակառուցվածքները։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ այս գիշեր հարվածային ամենաուժեղ ալիքն է եղել։
Հասցված վնասի պատկերն առայժմ պարզ չէ։
Իրանի զոհերի թիվը հասել է 224-ի, հոսպիտալացվել է 1277 մարդ։ Իսրայելական կողմից հայտնի է 13 զոհի մասին։
Ի թիվս այլ գործոնների՝ զոհերի նման անհամաչափության պատճառներից մեկն էլ կարելի է համարել երկու երկրներում ապաստարանների առկայության և բնակչությանը կազմակերպելու մակարդակի տարբերությունը։
Կարդացեք նաև
Համացանցում հայտնված տեսանյութերից տպավորություն է, որ իրանցիներն ապաստարաններում չեն լինում։ Եվ, օրինակ, միայն երեկ՝ հարձակման մեկնարկից 2 օր անց է հայտարարվել, որ մարդկանց ապաստանելու համար մետրոները բաց կլինեն 24 ժամ։ Մասնավոր զրույցները ևս փաստում են խնդրի առկայությունը։
Այս պայմաններում, Թեհրանից շատերը պարզապես նախընտրում են հեռանալ շրջաններ։ Դա էլ իր հերթին առաջացրել է խցանումներ քաղաքի ելքերի մոտ, հերթեր բենզալցակայաններում, որտեղ էլ բենզինը տալիս են սահմանափակ քանակությամբ։