«Իմ մտահոգությունն առավել պետական ինստիտուտների բացարձակ եւ ամբողջական կոլապսն է։ Աստված մի արասցե, որ անվերադարձ լինի։ Այսինքն` վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մտել է մի տարածք, որն իրենը չի, ոչ մի իրավունք չունի ոչ որպես վարչապետ, ոչ որպես քաղաքացի, բայց մտել է, պետական ինստիտուտներն իրեն չեն ասում՝ սա մի արա։ Չկա ԱԱԾ, որ ասի՝ ազգային անվտանգության սպառնալիք է փորձել եկեղեցին քայքայել ներսից։ Չկա, փաստացի, ազգային անվտանգություն։ Չկան ուժային կառույցներ, արդարադատության նախարարություն, որոնք ասեն՝ դու օրենք ես խախտում, Սահմանադրություն, իրավական նորմեր ես խախտում, մտնում ես մի տարածք, որտեղ իրավունք չունես։ Ոչ միայն եկեղեցի ու պետություն հարաբերությունների, այլ նաեւ մարդու անձնական կյանքի»,- «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով իրավաբանների կազմակերպած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա հայտարարեց՝ ոչ մի կառույց մարդկանց անձնական կյանքից այդքան գաղտնիքների եւ գիտելիքների չի տիրապետում, որքան եկեղեցականները, բայց ոչ մի հոգեւորական դրանք չի օգտագործում շանտաժի համար։
«Այս մարդը պետական շանտաժով է զբաղված եւ արդարադատության նախարարությունը չի ասում՝ օրենք ես խախտում, հանցագործություն ես կատարում, ՔԿ-ները քրեական գործեր չեն հարուցում։ Առաջին տիկին համարվողը մանկապղծության մեղադրանք է ներկայացնում՝ անորոշ, անդեմ, հոգեւորականների նկատմամբ եւ քրեական գործ հարուցված չէ։ Առողջապահության նախարարությունը չի տեսնում, որ առաջին անձը, որը զբաղեցնում է այդ աթոռը, հոգեկան լուրջ խնդիրներ ունի»,-ասաց սրբազանը։
Մինչ այդ նա մի դրվագ էր հիշել՝ դեռ իր սարկավագ եղած տարիներից, երբ Կաթողիկոսի հետ մասնակցել էր մի հանդիպման եւ եզրակացրել․ «Նույնիսկ Խորհրդային Հայաստանում, գոնե 70-80-ական թվականներին, պետական ինստիտուտները շատ ավելի կարևորում էին եկեղեցու դերն ու նշանակությունը, քան անում են Հայաստանի այսօրվա իշխանությունը»։
Կարդացեք նաև
Որպես հոգևորական, իր համար ցավալի է, որ անկախ Հայաստանի պայմաններում պետք է վերադառնալ 1920-30-ական թվականների ժամանակներ, երբ որ մասսայական հարձակումներ էին տեղի ունենում հայ եկեղեցու ու եկեղեցականության նկատմամբ․«Սա կարող է թուլացնել եկեղեցին, բայց ավելի ողբերգական հետեւանքներ է ունենալու պետության եւ պետականության վրա։
Ես այնքան մտահոգված չեմ այդ հարձակումներից իբրեւ եկեղեցական, որքան մտահոգված եմ այդ հարձակումներից որպես Հայաստանի լիիրավ քաղաքացի։
Եթե մենք նույնիսկ «ընդհարման մեջ» ենք պետականության հետ, պետականության հետ չէ, որ հակամարտության մեջ ենք, այլ այսօրվա իշխանության հետ։
Երբ որ ասում են՝ մենք զբաղվում ենք քաղաքականությամբ… Այսինքն` մի իշխանություն, որ կարող է հազարամյա, երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, եւ մենք պետք է ծափահարե՞նք, ասենք՝ մեզ չի վերաբերո՞ւմ, սա քաղաքական հա՞րց է։ Երբ որ մի իշխանություն հարյուրներով, հազարներով եկեղեցիներ ու վանքեր հանձնում է թշնամուն ու այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվե՞լ է։ Ուրեմն մենք, որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, ցանկացած իրավունքից կարող ենք օգտվել, որից օգտվում է ցանկացած քաղաքացի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական քննարկումը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ