«Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամ Նարեկ Մալյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված այսօր գնացել էր ԱԺ: Նա այս քայլը մեկնաբանեց այսպես. «Մենք գտնվում ենք անվստահության գործընթացի հերթական փուլերից մեկում՝ ընդդիմության դիմադրության պատը հաղթահարելու փուլում: Այս պահի դրությամբ անվստահության գործընթացին դեմ է Ռոբերտ Քոչարյանը, եւ նա իր այդ կարծիքը պարտադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին:
Այս պահին տարօրինակ իրավիճակ է, հանրությունը տեսնում եւ զարմանում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն խանգարում են, խոչընդոտում են ընդդիմադիրները: Այսինքն` մարդիկ, որոնք համենայն դեպս, վերջին տարիներին ընդդիմության դաշտում են աշխատել: Ավելին ասեմ, նրանք 2021 թվականին ընտրողի ձայնը խնդրել են՝ խոստանալով, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու են: Ես դեռ չեմ անդրադառնում նրան, որ խոստացել են, որ կրելու են, բայց չեն կրել: Կետերին դեռ չեմ անդրադառնում: Ես խոսում եմ պարզ այն մասին, որ մարդիկ խոստացել են, որ իրենք հեռացնելու են Նիկոլ Փաշինյանին: Չորս տարի այդ ուղղությամբ բացարձակ ոչ մի բան չեն արել: Իսկ այդ ուղղությամբ պառլամենտի այս շենքում անելու մեկ բան կար ՝ անվստահության գործընթաց սկսելը:
Մենք պառլամենտական երկիր ենք: Նիկոլ Փաշինյանի իշխանության գտնվելն այս շենքում է: Կառավարության շենքում չի, Բաղրամյան 26-ում չի: Այս շենքում է: Մենք այս շենքում ունենք, չէ՞, մարդիկ, որոնց գործուղել ենք այստեղ, որպեսզի նրանք Նիկոլ Փաշինյանին հեռացնեն իշխանությունից: Այդ մարդիկ չորս տարի ոչինչ չեն արել եւ հիմա էլ հանրությանը համոզում եւ պարտադրում են, ասում են. դե որ չորս տարի ոչինչ չենք արել, եկեք մի տարի էլ ոչինչ չանենք, 2026-ի ընտրություններին կգանք, էլի ինչ-որ բաներ կասենք, ինչ-որ խոստումներ կտանք:
Ընդդիմությունն այսօր երկու անհավասար մասերի է բաժանված: Մեծ մասը անվստահության գործընթացի օգտին է հանդես գալիս, նախաձեռնության սատարմամբ է հանդես գալիս: Եվ ընդդիմության մի փոքրիկ հատված կա, որը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական «կապրիզի», խմբային շահերի, 2026-ին 10 հատ մանդատ ունենալու եւ դրանով իր քաղաքական ներկայությունն ապահովելու նպատակի պատճառով անընդհատ տորպեդահարում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ օրակարգը»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ստորագրություններ էին հրապարակել եւ ասում էին, թե միանալն էլ ինչպե՞ս է լինում, Նարեկ Մալյանը պատասխանեց. «Այս պահին գոյություն ունի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն, թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է եւ այդ նախաձեռնության տակ կա ընդամենը վեց պատգամավորի ստորագրություն: Հետեւաբար, ես այստեղ եմ, որովհետեւ կան պատգամավորներ «Հայաստան» խմբակցությունից, որոնք իրենց հրապարակային խոսքում խոստացել են, որ եթե նախաձեռնություն, թեկնածություն լինի, իրենք կստորագրեն:
Հիմա ես այստեղ եմ, որպեսզի «Պատիվ ունեմ» խմբակցության գրասենյակից վերցնեմ այդ ձեւաթուղթը, գնամ եւ պատգամավորներ Արթուր Խաչատրյանին, Աղվան Վարդանյանին եւ Ագնեսա Խամոյանին ասեմ, որ իրենք իրենց խոստումը կատարեն: Գուցե, դիսկոմունիկացիա կա այդ խմբակցությունների մեջ, գուցե, ամբիցիաների խնդիր կա: Ես ամբիցիաներ չունեմ: Ես կգնամ, կվերցնեմ այդ թուղթը եւ միասին կայցելենք այդ պատգամավորներին: Եվ հուսով եմ, որ այդ պատգամավորները անպայման կստորագրեն, որովհետեւ նախ՝ խոստացել են, երկրորդ՝ իրենց գործունեությունը ամբողջությամբ միտված է ընդդիմադիր դաշտում աշխատելու համար: Նաեւ ուզում եմ ասել, որ երեք պատգամավորներն էլ, ըստ էության, դրական են արտահայտվել թեկնածուի՝ Դավիթ Համբարձումյանի, մասով: Հետեւաբար, չեմ կարծում, որ որեւէ խոչընդոտ, որեւէ խնդիր կլինի: Իմ կարծիքով խնդիրը տեխնիկական է: Եկել եմ այստեղ եւ այդ խնդիրը կլուծեմ:
Այսօր եկել եմ մենակ: Նաեւ լսել եմ, որ մեր ընդդիմադիրները առաջադրում են որպես պայման, որ եկեք, փողոց գեներացրեք, տեսնենք, որ փողոց կա, նոր կմիանանք:
Հարգելի ընդդիմադիրներ, ովքեր փորձում են այդ պայմանն առաջադրել: Եթե փողոցը գեներացվի մինչեւ այդ ընդդիմադիրների միանալը նախաձեռնությանը, ես ձեզ խոստանում եմ, այդ փողոցը կլինի նաեւ էն ընդդիմադիրների դեմ, որոնք չեն միացել: Այսինքն, երկու առանձին փողոց չի լինելու՝ մեկը որոշ ընդդիմադիրների կապրիզները բավարարի, մյուսը՝ համազգային շարժման տեսանկյունով ազդեցություն ունենա: Այն ընդդիմադիրները, որոնք այսօր հայտարարում են, որ փողոց չկա, այդ ընդդիմադիրները իրականում հայտարարում են, որ իրենք փողոցում չունեն վստահություն: Որովհետեւ փողոցը կա, տասնյակ հազարավոր այն մարդիկ, որոնք 2024 թվականին «Սրբազան շարժման», 2022 թվականին՝ «Դիմադրության», դրանից առաջ՝ «Հայրենիքի փրկության» շարժման մասնակիցներ էին, հո չե՞ն արտագաղթել, հո չե՞ն դարձել նիկոլական: Այդ մարդիկ կան: Բայց այդ մարդկանց փողոց հանողներն այլեւս վստահություն չունեն նրանց մոտ: Հետեւաբար, այն ընդդիմադիրը, որը խոսում է փողոցի, ժողովրդական աջակցության բացակայությունից, այդ խոսքը վերաբերում է ուղիղ իրեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ