Հունիսի 14-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացած «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հաղթող է դարձել Մոլդովայի թիմը, որը հաղթել է բոլոր իր մրցակիցներին եւ վաստակել 18 միավոր։
Արծաթե մեդալներին արժանացել է Ղազախստանի թիմը՝ 13 միավորով։ Իսկ Հայաստանի հավաքականը վաստակել է 12 միավոր եւ դարձել 3-րդը։ 4-րդ տեղը 9 միավորով զբաղեցրել է Հունգարիան։ Հաղթող թիմերը ստացել են գավաթ եւ մեդալներ։
Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Սերգեյ Ուրսուլը Մոլդովայի թիմից, լավագույն ռմբարկու 13 գոլով դարձել է Սերգեյ Նադտոչնին Ղազախստանից, իսկ լավագույն դարպասապահ ճանաչվել է Խորեն Մանուկյանը Հայաստանի հավաքականից։
Կարդացեք նաև
«Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիայի հատուկ մրցանակին արժանացել է Հունգարիայի թիմը, իսկ YoHealth հավելվածը մրցանակ է հանձնել մրցաշարի ամենատարեց մասնակցին՝ Ռոմեո Չիրիակին Ռումինիայից։ Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունն իր հերթին հուշանվերներ է հանձնել բոլոր ավագներին։
Հիշեցնենք, որ մրցաշարի կազմակերպիչները «Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիան եւ Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունն էին, գլխավոր հովանավորը՝ YoHealth հավելվածը։ Միջոցառման անցկացմանը համակողմանի աջակցել են «Շիրակ» եւ «Նոա» ֆուտբոլային ակումբները։
Այս տարի մրցաշարին մասնակցել են լրագրողների 7 թիմեր. ուժերը շրջանաձեւ ձեւաչափով չափել են Վրաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները, ինչպես նաեւ Գյումրի թիմը։ Մեկնարկած ռազմական գործողությունների պատճառով Իսրայելի թիմը չի կարողացել ժամանել մրցավայր։
Մամուլի հաղորդագրություն