Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը նշում է հիմնադրման 45-ամյակը

Հունիս 16,2025 17:16

Սույն թվականի հունիսի 17-ին ժամը՝ 15։00-ին, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում (ՖԿՊԻ) (ք. Երևան, Հր․ Ներսիսյան 25) տեղի կունենա ինստիտուտի հիմնադրման 45-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի տնօրեն Վահան Քոչարյանը, Իտալիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտ – Ֆրասկատիի ազգային լաբորատորիաների գիտական գծով փոխտնօրեն պրոֆեսոր Սուլթան Դաբագովը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիական պրոբլեմների և հատուկ մաքրությամբ նյութերի ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Դմիտրի Ռոշչուպկինը, ՌԴ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Գոգոլև Ալեքսեյը։ Այնուհետև տեղի կունենա ՖԿՊԻ-ի վաստակաշատ գիտաշխատողների պարգևատրման արարողություն։

ՖԿՊԻ հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 16-ին մեկնարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը, որին մասնակցում են հայտնի գիտնականներ, երիտասարդ գիտաշխատողներ և ուսանողներ Անգլիայից, Իտալիայից, Հայաստանից, Մալազիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից։ Դպրոցի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 21-ը։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի և իր սաների ջանքերով հիմնադրված ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտն այսօր ունի ձևավորված գիտական ավանդույթներ և կայացած գիտական դպրոց, 9 գիտական լաբորատորիա, շուրջ 200 աշխատակից, այդ թվում՝ 3 ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 18 գիտության դոկտոր, 47 գիտության թեկնածու։

ՀՍՍՀ ԳԱԱ-ում ՖԿՊԻ-ին հիմնադրվել է 1980թ․՝ որպես Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների բաժին՝ ինստիտուտի կարգավիճակով։ 1984թ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի հրամանով վերանվանվել է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ։ Սկզբում գիտական հետազոտությունները հիմնականում ուղղված էին գամմա ռեզոնանսային (Մյոսբաուէրյան) սպեկտրոսկոպիայի, ռենտգենյան ու օպտիկական փնջերի մոդուլացիոն սպեկտրոսկոպիայի, բյուրեղների աճեցման և ակուստիկայի բնագավառներին, ինչպես նաև գիտատար սարքաշինությանը։ Տարիների ընթացքում ինստիտուտն արագ զարգացել և ընդլայնել է գիտական ուղղությունները։ 1980-ականների վերջերին և 90-ականներին կառուցվել է նոր մասնաշենքը։ Բացվել են նոր լաբորատորիաներ։ Այժմ ինստիտուտն իրականացնում է հիմնարար և կիրառական հետազոտություններ կոնդենսացված վիճակի ֆիզիկայի, ակուստիկայի, ակուստաֆիզիկայի, ցածրջերմաստիճանային պլազմայի ֆիզիկայի, նյութագիտության, նանո և մեզո համակարգերի ֆիզիկայի, ֆիզիկական բժշկության, այլընտրանքային էներգետիկայի և գիտատար սարքաշինության բնագավառներում։ Պահպանվում և ընդլայնվում են ինստիտուտում ձևավորված գիտական դպրոցը և առկա գիտական ներուժը` համալրվելով երիտասարդ մասնագետներով:

Ինստիտուտում գործում է «Կոնդենսացված վիճակի ֆիզիկա» և «Կիսահաղորդչային ֆիզիկա» մասնագիտություններով թեկնածուական ու դոկտորական թեզերի պաշտպանության 053 մասնագիտական խորհուրդը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30