Փոթորիկը մեծ վնասներ է պատճառել Գյումրիին, Արթիկին՝ իր գյուղերով և Ախուրյանին։ Վնասի չափը դեռ ճշտվում է, Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից մասնագիտական խմբեր են ձևավորված, որոնք տեղում ուսումնասիրում, գույքագրում ու հաշվարկում են պատճառած վնասները։
Գյումրիում վնասվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի տանիքից են թիթեղներ պոկվել, մեծ վնասներ են հասցվել թիվ 27 դպրոցին․ փոթորիկը թռցրել է դպրոցի տանիքը, որի պատճառով ջուրը լցվել է սպորտդահլիճը։ Գյումրիում վնասվել է նաև քրեական ոստիկանության շենքը, թատերական հրապարակի եղևնիներն են շուռ եկել։
Բարեբախտաբար փոթորկի պատճառով շտապօգնություն կանչած կամ հիվանդանոցներ դիմած անձինք չեն եղել։ Գազատար խողովակները չեն վնասվել, սակայն հոսանքազրկվել էր Գյումրին, Արթիկ համայնքի գյուղական բնակավայրերը։
Կարդացեք նաև
Իսկ գյուղական համայնքներում վնասվել են ցորենի, գարու ցանքատարածքներ, պտղատու այգիներ։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Ըստ նրա, հակակարկտային կայանները գործել են, կրակել են, բայց այս դեպքում կարկուտը տեղացել է, քանի որ հակակարկտային կայանները փոքր ամպերի դեպքում են օգտակար։
Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչու են ՔՊ-ականները նեղվել այն փաստից, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գեներալ- մայոր Ալեքսանդր Բեզբորոդովը Գյումրու քաղաքային իշխանություններին առաջարկել է ռազմաբազայի աջակցությունը տեխնիկայի և մարդկային ռեսուրսների տեսքով՝ վնասների վերացման և մաքրման աշխատանքների նպատակով, Դավիթ Առուշանյանն ասաց․ «Ես այդ տեղեկատվությանը ծանոթացել եմ համացանցից, միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, Շիրակի մարզը, մեր համայնքները ի զորու են միայնակ լուծել իրենց առջև ծառացած խնդիրները, մանավանդ որ երկրաշարժ չէ, որ մեր հարևաններից ու բարեկամներից օգնության կարիք ունենաք։ Միաժամանակ շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ փորձել են աջակցել, բայց վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է իր առջև դրված խնդիրները, թեկուզ անսպասելի բնակլիմայական պայմաններից ելած, ինքնուրույն լուծելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ