Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման կարմիր ժապավենները տեսել էին, չէին կարող չհասկանալ, որ թշնամին է. Ջալալ Հարությունյան

Հունիս 16,2025 22:52

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը այսօր Վերաքննիչ դատարանում պահանջեց բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը ու Ջալալ Հարությունյանին նշված մեղադրանքում ճանաչել անմեղ:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ պաշտպանի ներկայացրած բողոքից հետո Ջալալ Հարությունյանը հարկ համարեց անդրադառնալ ադրբեջանական խմբավորմանը, որի ձեռքներին եղել է կարմիր ժապավեններ: Հարությունյանը պնդում էր, որ այդ ժապավենները տեսնելը միայն հերիք էր հասկանալու, որ եկողները յուրային չեն, թշնամին է:

-Հեռվից՝ երկու գյուղ հեռավորությունից դիտարկել է կարմիր ժապավենները, որոնք կապված են վերեւից ներքեւ: Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների նկարները նայեք, կարմիր ժապավեններով են: Այս նկարներից պարզ երեւում է, որ Մխիթար Բադալյանն ու մնացածները հնարավոր չէր, որ չնկատեին այդ կարմիր ժապավենները: Էդ տղան դիտարկելիս հստակ նշել է, որ սովորական լենտի նման չէ, տարօրինակ է վերեւից ներքեւ,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով զինվորների պահեստատուփերը նույնիսկ լիցքավորված չեն եղել. «Մարտկոցի ավագ սպան հարցին՝ ինչու լիցքավորված չեն եղել, պատասխանել է՝ հրաման չի եղել: Ինչ հրամանի մասին է խոսքը: Առավել քան համոզված եմ, որ զինամթերքի մեծ մասն էլ իրենց մոտ չի եղել, որ կարողանան համարժեք պատասխան տան: Սրա մասին վկայել է Արմեն Ասրյանը: Նա՝ տեղանքը ուսումնասիրելով, հստակ ներկայացրել է, որ կրակած փամփուշտներ չեն եղել: Մնացածի հետ համամիտ եմ, ինչ հնչեցվել է»:

Նիստը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը հարց ուղղեց Հարությունյանին՝ եթե դիվիզիոնի հրամանատարի տված հետ նահանջի հրամանը գործեր, պայմանականորեն ասենք, եթե չկապվեին հրամանատարական կետի հետ ու գործեր նահանջի հրամանը, զոհվածներն ու զրահատեխնիկան այդ պարագայում կփրկվե՞ին: Ի պատասխան Հարությունյանն ասաց՝ չեմ կարող պատասխանել.հնարավոր է լիներ, հնարավոր է չլիներ: Դատարանին ակնհայտ դուր չեկավ այս պատասխանը,երբ հարցին փորձեց պատասխանել պաշտպանը, դատարանը թույլ չտվեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է «Ցորի» դիվիզիոնի անձնակազմին, իսկ մոտեցող խմբավորումն իրականում եղել է ադրբեջանական ստորաբաժանում։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30