Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակ պատրիարքը որտե՞ղ տեսավ «վսեմաշուք» վարչապետ

Հունիս 17,2025 12:38

Շաբաթ օրը տարածվեց Սահակ արք․ Մաշալյանի խոսքը, որը մեծ ոգևորություն է առաջացրել Մայր Աթոռին ու Ամենայն հայոց հայրապետին օժանդակող մարդկանց մեջ։ Մարդիկ ասում են, որ թեև Սահակ արքեպիսկոպոսի անունն է շրջանառվում որպես ՀՀ իշխանությունների ֆավորիտ կաթողիկոսի թեկնածու, սրբազանն էլ իր աջակցությունը հայտնեց Վեհափառ հայրապետին։

Անկեղծ ասած՝ ուշադիր կարդալիս՝ սրբազան հոր խոսքը բավականին տարակուսանք է առաջացնում։

Առանց շատ մանրամասն անդրադառնալու՝ մի քանի խնդրահարույց կետեր կան, որ արժե նշել։ Սահակ սրբազանն ասում է․

«Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնույթ ունի եւ այդպէ՛ս նրբօրէն պէտք է ձեռք առնուի եթէ ոչ, կը ստանայ Եկեղեցի-Պետութիւն ընդբախումի մը վիճակ.․․»:

Այսինքն՝ արդյոք ստացվո՞ւմ է, որ սրբազանը դեմ չէ նման քննարկումներին ընդհանրապես, և միայն այդ հակաեկեղեցական արշավը սկսելու ու անցկացնելու կոշտությունն է նրան անհանգստություն պատճառել՝ «պետք է ձեռք առնվի նրբորեն, հակառակ դեպքում․․․»։

Այնուհետև սրբազանը ասում է․

«Մենք լուծումը կը տեսնենք համբերութեամբ 2026-ի Ընտրութիւնները սպասելու մէջ: Արդէն Մայր Աթոռը 2026ին Եկեղեցական Ներկայացուցչական Ժողով հրաւիրած է: Նոյնիսկ կարելի է, որ այդ վերածուի Ազգային Եկեղեցական Ժողովի»:

Սահակը սրբազանն ընդունո՞ւմ է ՀՀ իշխանությունների անընդունելի օրակարգը։ Լուծում առաջարկում՝ սպասել եկող տարվա եկեղեցական ներկայացուցչական ժողովին, որպեսզի ի՞նչ լինի։ Վեհափառը հայրապետը գահընկե՞ց արվի։

Ավելին, արդյոք նա համարո՞ւմ է, որ Փաշինյանի հավակնած մասնակցությունը ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու կամ գահընկեց անելու հարցերում լեգիտիմ է։ Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում «Նոյնիսկ կարելի է, որ այդ վերածուի Ազգային Եկեղեցական Ժողովի» նախադասությունը։ Ովքե՞ր պիտի ներգրավվեն այդ «ազգային եկեղեցական ժողովի մեջ», իրենց ինքնակենսագրականը Փաշինյանին ուղարկած «սրբե՞րը»։

Վերջապես, սրբազանը ասում է․ «Անձնապէս գիտենք, որ Վեհափառ Հայրապետն ալ շատ յոգնած է այս վիճակէն»։

Երբ մի քանի օր առաջ մարդիկ գնացել էին օդանավակայան դիմավորելու Ամենայն հայոց վեհափառ հայրապետին, նա իր խոսքն ուղղեց հասարակությանը։ Իր խոսքում Վեհափառը ոչինչ չասաց հոգնած լինելու մասին։ Որքանո՞վ է ճիշտ, որ սրբազանն իր «անձնապես իմացածը» հանրայնացնի, երբ իր հանրային խոսքում Հայոց հայրապետը նմանատիպ բաներ չի ասում։ Ի վերջո, ո՞վ չի հոգնել այս վիճակից։ Սա ի՞նչ է, առաջարկ Վեհափառին ավելի՞ «հոգնել» մինչև հաջորդ եկեղեցական ժողովը, որը կարող է և վերածվել «ազգային» եկեղեցական ժողովի և այնուհետև հրաժարվել նվիրապետական աթոռի գահակալությունից։

Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀ իշխանությունները նման խոսքը ընդունեն որպես հրավեր շարունակելու կամ ուժեղացնելու ճնշումը ամենայն հայոց հայրապետի դեմ, մինչև որ նա ավելի հոգնի այդ իրավիճակից։

Տարիների ընթացքում, երբ Պոլսո պատրիարքարանին մեղադրել են թուրքական իշխանություններին հաճոյանալու մեջ, հանրությունը շատ չի քննադատել պատրիարքին՝ հաշվի առնելով, որ բավականին բարդ է մի ամբողջ եկեղեցական կառույց ղեկավարել Թուրքիայի նման պետությունում։ Սակայն այսօր Սահակ սրբազանի խոսքը տարօրինակորեն համընկնում է ՀՀ իշխանությունների կամքի հետ և թուրք-ադրբեջանական հարձակումների ալիքի հետ։ Իհարկե, «նրբօրեն», սակայն նա, փաստացիորեն համաձայնում է ՀՀ իշխանությունների ապօրինաբար առաջ քաշած օրակարգին ու եկեղեցական հաստատության և նվիրապետական գահի հարցերում խցկվելու փորձերին։

Եվ վերջապես, այս ամբողջ ընթացքում, հայհոյախառն ստատուսների, լկտի հարձակումների, ամենայն հայոց հայրապետի հանդեպ անհարգալից վերաբերմունքի ընթացքում, որտե՞ղ սրբազանը տեսավ «վսեմաշուք» վարչապետ։ Անգամ եթե 2020 թ-ից ի վեր Հայաստանի հետ տեղի ունեցողը մոռանանք։ Սա ի՞նչ է, քծնանք, խոստում, որ ինքն ավելի հավատարիմ կաթողիկոս կլինի՞։

Լավ կլիներ, եթե լրատվամիջոցները փորձեին լրացուցիչ պարզաբանումներ ստանալ Սահակ արք․ Մաշալյանից՝ հստակ հարցադրումներ անելով։

Արման ԱՎԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30