«Այսօր մաթեմատիկա առարկայից բուհի միասնական ընդունելության քննություն է հանձնել 1935թ ծնված մի դիմորդ: Քանի որ տարիքային սահմանափակում չկա, 90-ամյա պապիկն այս փուլում հայտագրել էր մեկ առարկա՝ մասնագիտություն եւ բուհ չի նշել, ասել է, որ ուզում է իր գիտելիքները ստուգել մաթեմատիկայից: Պարզվել է, որ տարիներ առաջ նա մի անգամ էլ է մաթեմատիկայից քննություն հանձնել, դրական միավոր է ստացել, սակայն արդյունքը իրեն չի բավարարել, ու մարդը որոշել է այս տարի եւս քննություն հանձնել: 90-ամյա դիմորդը բոլորի նման թեստը լրացրել ու դուրս է եկել, քննությունն ավարտվել է, քննության արդյունքները հայտնի կլինեն 5-րդ օրը» ,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:
Նրանից տեղեկացանք, որ օրերս էլ մի 54-ամյա տղամարդ քիմիայի քննություն էր հանձնում: Ասել էր, որ իր բիզնեսի համար բժշկական կրթություն է անհրաժեշտ եւ թոռների հորդորով որոշել է նորից ուսանող դառնալ ու ձեռք բերել բժշկական մասնագիտություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ