Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա, այո, հաստատում եմ»․ Ալեն Սիմոնյան

Հունիս 17,2025 15:53

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա։ 

«Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, եւ մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք։ Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում։ Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա։ Այո, հաստատում եմ այդ այցը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե Էրդողանի հրավերո՞վ է Փաշինյանը մեկնում Թուրքիա, Ալեն Սիմոնյանն ասաց՝ այո, հրավերի հիման վրա է այցը կայանալու։ «Տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են, եւ ես կարծում եմ, որ այդ այցը պատմական է, որովհետեւ ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Ես հիմա դժվարանում եմ անունն ասել՝ պաշտոնական է, թե աշխատանքային, բայց որ դա երկկողմ այց է, եւ հրավեր է արվել նախագահի կողմից ու հենց այդ ֆորմատով է լինելու, այո»,- հավելեց նա։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ բոլոր հնարավոր հարցերին անդրադարձ է կատարվելու այդ հանդիպման ժամանակ։ «Ոչ մի արտառոց բան այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որովհետեւ չենք բացառում որեւիցե քննարկում»,- նշեց նա։

Հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիան ստանձնում է հայ-ադրբեջանական երկխոսության միջնորդի դերը, Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ նման գնահատականներ տալը ճիշտ է։ Ինչպես տեսաք, խաղաղության պայմանագիրը Հայաստանն ու Ադրբեջանը ավարտին հասցրեցին միասնական, եւ երկու կողմը կորոշեն, երբ դրա ժամանակը գա, թե որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի, կլինի՞ միջնորդություն, թե՞ ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի, թե՞ այլ ֆորմատ կլինի։ Դիվանագիտական դաշտում տարբեր ֆորմատներ գոյություն ունեն, եւ ես չեմ բացառում, որ այլ ֆորմատների քննարկում եւս տեղի կունենա, եւ կընտրվի ինչ-որ մի ֆորմատ»։

Անդրադառնալով այն տեսակետներին, որ այս այցի ընթացքում Էրդողանը Փաշինյանի առաջ կարող է պահանջներ դնել, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Չգիտեմ՝ ինչ եք հարցնում, անկեղծ ասած։ Իսկ որ Փարիզ է գնում կամ Վաշինգտոն, կամ Մոսկվա, կամ ինչ-որ ուրիշ երկրի ղեկավար է գալիս․․․ Մեր ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է քաղաքականապես եւ քաղաքականությունից շատ հեռու է, իրենք նոր են սովորում՝ քաղաքականությունն ինչ է, որովհետեւ իրենց ժամանակ քաղաքականություն չի եղել, եղել է մեկ անձի հրամայական եւ խաղի կանոններ։ Ես քաղաքագիտություն դասավանդելով չեմ զբաղվում, թող գնան պարապեն, ասելիք ձեւավորեն, գան հետներս բանավիճեն»։

Հարցին, թե Սյունիքով ճանապարհի հարցը կարո՞ղ է քննարկվել այդ հանդիպման ժամանակ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Կարող է այդ հարցը դրվի, իսկ կարող է մեծ նվերներ տա, իսկ կարող է Փաշինյանը նվերներ տա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30