Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոռացեք Զանգեզուրի միջանցքը, լինելու են ճանապարհներ, դրա իրավական ձեւակերպումները բազմիցս տրվել ենք»․ Ալեն Սիմոնյան

Հունիս 17,2025 16:24

«Իրանի հետ կապված իրադարձություններին ուշի-ուշով հետեւում ենք, բայց այս պահի դրությամբ մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձեւով ազդեցություն ունենալ մեր հարեւանի հետ մեր հարաբերություններին, որովհետեւ դուք գիտեք, որ խոսակցությունը շարունակվում է, եւ կան կոնկրետ գործընթացներ, որոնք ընթացքի մեջ են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե իսրայելա-իրանական պատերազմի հետեւանքով Սյունիքը կարո՞ղ է վտանգի տակ հայտնվել։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները ռիսկերը գնահատել են, քննարկել են, միջազգային գործընկերների հետ կապի մեջ են։ Նա ասաց, որ ԱԳՆ հայտարարությունից բացի՝ այս պահին ավելացնելու բան չունեն։

«Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ ոչ մի հոսք չկա Իրանից, մեր սահմանը որեւիցե նման բան չի արձանագրել»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ այս պատերազմի թիվ մեկ ռիսկն այն է, որ այն կարող է շատ երկար տեւել եւ այլ բնույթի վերածվել, ինչպես նաեւ այլ երկրներ կարող են ներառվել։ «Մեզ ստաբիլ հարեւան է պետք, եւ ինչ որ տեղի է ունենում՝ մեզ համար անընդունելի է»,- ասաց նա։

Հարցին, որ Թուրքիան ու Ադրբեջանը պահանջում են բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մոռացեք Զանգեզուրի միջանցքը, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա իրավական ձեւակերպումները բազմիցս տրվել ենք։ Տեսել եք նաեւ, որ Ադրբեջանից հնչում են արտահայտություններ, օրինակ, ասում են՝ մենք կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը միջանցքի վերածվեր, եւ այլն։ Դրա հետ կապված ամեն ինչ ասվել է, հիմա նորից նույն բանը կրկնելու կարիք չկա։ Ես քաղաքական առումով եմ ասում մոռացեք, ռազմական առումով էլ արդեն ռազմական գերատեսչության ղեկավարը կպատասխանի։ Այդ խոսակցությունը փակված է, եւ այդ խոսակցությանը վերադարձ ոչ այն ժամանակ կարար լիներ, ոչ հիմա կա, ոչ էլ ապագայում կարա լինի։

Դրա հետ կապված իրենք հայտարարություն են արել, մենք մեր դիրքորոշումն ասել ենք, իրենք զարմանքով են մոտեցել, Ադրբեջանի նախագահն ասել է՝ ես զարմանում եմ ընդհանրապես՝ դուք ինչո՞ւ եք դրան վատ վերաբերվում։ Ադրբեջանի պաշտոնյան, որը զբաղվում է իրենց արտաքին քաղաքականությամբ, ասել է՝ ինչո՞ւ են հայերն այդպես ցավագին տանում, մենք կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը լիներ միջանցք։ Իսկ հայկական կողմն ասում է՝ այո, Հայաստանի Հանրապետությունով կարող են անցնել տրանսպորտային միջոցներ՝ ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Դրա հետ կապված ներկայացվել է «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, այդ ծրագիրը քննարկվում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Եվ ՀՀ-ն, այո, պատրաստ է բոլոր երկրների հետ, ինչպես Իրանի ու Վրաստանի հետ ունենք բաց սահմաններ մեր իրավազորության ներքո, դա անել։ Որեւիցե նոր բան մի փնտրեք, չփնտրեք ու մի խոսեք»։

Նա ասաց, որ «խաղաղության խաչմերուկը» հիմա է արդիական, որովհետեւ երբ մի դուռ փակվում է, մի դուռ բացվում է։ «Հիմա դուք տեսնում եք քարտեզը, թե որտեղով են ինքնաթիռներ թռնում։ Եվ ակնհայտ է, որ Հայաստանն ու մեր տարածաշրջանն այս պահի դրությամբ օդային միջանցքի են վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար։ Այո, իհարկե, արդիական է «խաղաղության խաչմերուկը»։ Նաեւ արդիական է այն առումով, որ դա ոչ միայն տնտեսական իմաստ ունի, դա նաեւ անվտանգային իմաստ ունի, որովհետեւ այդ կապը նաեւ տնտեսական շահեր է հետապնդում բոլոր երկրների համար»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30