Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱՄՆ–Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել–Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս–ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա:
Սրանք գործընթացներ են, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Դրանց վիժեցումը և դրա հետևանքով Ռուսաստանի ու Իրանի դիրքերի թուլացումը, հետևաբար՝ ազդեցության նվազումը Հարավային Կովկասում, հատկապես ԱՄՆ-ի պասիվ դիրքավորման ֆոնին, խախտում են տարածաշրջանի ուժերի առանց այդ էլ նուրբ բալանսը։ Արդյունքում Թուրքիան Հարավային Կովկասում դառնում է առավել ազդեցիկ և ուժեղ խաղացող՝ իր տարածաշրջանային շահերը նաև Ադրբեջանի միջոցով առաջ մղելու ունակությամբ։ Խոսքը վերաբերում է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», որը ոչ միայն կապում է Ադրբեջանն ու Թուրքիան, այլև՝ ողջ թյուրքական աշխարհը։
Եթե առաջիկա օրերին Թրամփը հայտարարի Իրանի դեմ որոշ գործողությունների միանալու կամ Իսրայելին ռազմական աննախադեպ օգնություն տրամադրելու մասին, ապա իրավիճակը մեզ համար առավել կբարդանա:
Կարդացեք նաև