Սամվել Կարապետյանը տանն է,- լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով եղբոր ձերբակալության մասին լուրերին:
Այս պահին էլ Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվում: Իսկ թե ում են ձերբակալել խուզարկության ընթացքում, Կարապետյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, հենց նոր իմացա: Բնականաբար, մեր բարեկամներն են»:
Կարդացեք նաև
Անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի գրառմանը` Կարապետյաններին ուղղված, թե «սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։
Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»: Կարեն Կարապետյանն այսպես արձագանքեց. «Փողոցում մեծացել եմ, բայց մանկավարժի տղա եմ, իրավունք չունեմ փողոցային լեքսիկոնով խոսել: Ես իրեն ո՛չ լսում եմ, ո՛չ տեսնում եմ ու ընդհանրապես մոռացել եմ, իմ գործերով եմ զբաղված, թոռներիս եմ մեծացնում… եւ ի՞նչ է նշանակում պետության համը կմնա մեր բերաններում, այսինքն՝ էլ պետություն չի՞ լինելու»:
Սամվել Կարապետյանի տան դիմաց հավաքվել են բազմաթիվ բարեկամներ, ընկերներ բոլորին պարոն Կարապետյանը հորդորեց չմեկնաբանել,գործողություններ չանել. «Մեր ընտանիքը բազմիցս է թիրախավորվել եւ ինչպես տեսնում եք ոտքի վրա կանգնած ենք: Մենք ոչ մի բանից չենք վախենում: Մենք մշեցի ենք» :
Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմն էլ է դեպքի վայրում, փաստաբանները հրաժարվեցին դեպքի վերաբերյալ մեկնաբանություն տալ:
Կարեն Կարապետյանը անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ գրառմանը՝«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել» եւ ասաց.
«Այդ բառը օգտագործողը պետք է ամաչի, որ օգտագործել է այդ բառը: Ես իր մակարդակին չեմ իջնում, չակերտավոր բարեգործ ասողը գոնե ամաչի ՝ ինչ բառ է օգտագործել: Ես իր մակարդակի մարդ չեմ, որ իր լեզվով խոսեմ: Ես դասատուի տղա եմ»:
Հիշեցնեինք, որ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունը սկսվեց վերջինիս եկեղեցու դեմ սկսված արշավի դեմ հայտարարությունից հետո: Կարեն Կարապետյանը լրագրողներին ասաց, որ եղբայրը շատ ճիշտ է ասել, դեռ մի բան էլ քիչ է ասել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ