Հայաստանը այսօր կանգնած է խաչմերուկում՝ ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաև իր տեսլականի առումով։ Մինչ աշխարհը փնտրում է հույսի, բժշկության ու միասնության խորհրդանիշեր, Հայաստանը կանգնած է բացառիկ հնարավորության առջեւ՝ դառնալու հոգեւոր եւ միջմշակութային հաջողության փարոս։ Ցավոք, այս հնարավորությունը կարող է սահել Հայաստանի ձեռքից՝ ոչ թե արտաքին խոչընդոտների, այլ ներքին անտարբերության պատճառով։
Միջազգային կոնսորցիումը, որը հովանավորում է «Արարատի Հորիզոններ» նախաձեռնությունը, նախատեսում է կառուցել Նոյյան տապանի լիամասշտաբ պատճենը Խոր Վիրապ սրբավայրի մոտ։ Սա պարզապես զբոսաշրջային գրավչություն չէ։
Սա հոգեւոր եւ մշակութային ձեռնարկ է, որի նպատակը տարեկան մոտ 1.5 միլիոն այցելուներ ներգրավելն է, ավելի քան 700 աշխատատեղ ստեղծելը եւ տարեկան առնվազն 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում ապահովելը հայկական տնտեսության մեջ։ Մեր տեսլականն ընդգրկում է ոչ միայն տապանի կառուցումը, այլեւ երեք համաշխարհային մակարդակի թանգարանների հիմնադրումը, որոնցից մեկը կլինի աշխարհում առաջին թանգարանը՝ նվիրված համաշխարհային կրոնների բնապահպանական ուղերձների ցուցադրմանը։
Սակայն «Արարատի Հորիզոններ»-ը միայն թվերի մասին չէ։ Խոսքը համաշխարհային բեմում Հայաստանի դերի մասին է։ Կրոնական եւ քաղաքական հակասությունների աճի ժամանակաշրջանում՝ տապանը կարող է դառնալ միջկրոնական երկխոսության գլոբալ կենտրոն, մի վայր, որտեղ քրիստոնյաները, հրեաները եւ մահմեդականները կհարգեն իրենց համատեղ հիացմունքը՝ արարչագործության եւ բնության խնամքի նկատմամբ։ Արարատի փառահեղ լեռան ֆոնին այս նախագիծը կհանդիսանա Հայաստանի՝ որպես քաղաքակրթության բնօրրանի եւ հոգեւոր ապաստանի, հին ինքնության մարմնացում։ Երկրում, որտեղ արտագաղթը հաճախ պայմանավորված է տնտեսական հուսահատությամբ, այս նախաձեռնությունը կարող է առաջարկել հազվագյուտ եւ կայուն այլընտրանք՝ արժանապատիվ, ապագայամետ աշխատանք հայկական հողում։
Կարդացեք նաև
Սակայն, չնայած «Էնթերպրայզ Հայաստան»-ի հետ մանրակրկիտ ուսումնասիրված բոլոր տվյալներին եւ Փոքր Վեդիի մոտ գտնվող պետական 40 հա եզակի հարմար հողամասի հայտնաբերմանը, երկրի բարձրագույն ղեկավարությունն անտարբեր է մնացել։ Չեն արվել կոնկրետ քայլեր՝ մեզ հողատարածքի իրավունքները տրամադրելու, համագործակցությունը հեշտացնելու կամ նույնիսկ նախագիծը արժանավայել կերպով ընդունելու ուղղությամբ։ Այս լռությունը անմեղ չէ։ Այն հետեւանքներ ունի։
Անտարբերությունը չեզոք արարք չէ։ Այն ուղերձ է հղում՝ ներդրողներին, քաղաքացիներին եւ համաշխարհային հայկական սփյուռքին, որ տեսլականային նախագծերը չեն ստանա իրենց արժանի աջակցությունը։ Այն բացահայտում է ռազմավարական լրջության պակաս։ Եվ այն ճանապարհ է բացում այլ երկրների համար՝ ավելի ճկուն, հեռատես եւ «փափուկ դիվանագիտության» ուժն ըմբռնած երկրներ, որպեսզի յուրացնեն այն, ինչը իրավամբ Հայաստանին է պատկանում։
Այլ կառավարություններ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել տապանը հյուրընկալելու հարցում։ Նրանք հասկանում են, թե ինչի մասին է խոսքը՝ ոչ միայն եկամուտ եւ ճանաչում, այլեւ հնարավորությունը՝ իրենց ազգային բրենդը կապելու հավատքի, բնապահպանական կայունության եւ խաղաղության արժեքների հետ։ Հայաստանի կառավարությունը պետք է ինքը իրեն հարց տա՝ առաջնորդե՞լ, թե՞ ուրիշներին թողնել՝ քաղեն մի տեսլականի պտուղները, որը ծագել է հենց իր հողում։
Ռաֆայել Կաստրո Մարտինես
Ռաֆայել Կաստրո Մարտինեսը, միջազգային խորհրդատու և ծնունդով իտալացի, «Արարատի Հորիզոններ»-ի ներդրողների հետ կապերի ղեկավարն է։