Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւան Իրանին պարտադրված պատերազմն ու վտանգը Սյունիքի շուրջ

Հունիս 18,2025 12:00

«Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է»

Ուրբաթ՝ հունիսի 13-ը, Մերձավոր Արեւելքի պատմության եւ ողջ աշխարհի համար կմնա որպես անկյունաքարային իրադարձության օր: «Ուժն է ծնում իրավունքը» սկզբունքն այժմ էլ հարեւան Իրանի նկատմամբ կիրառվեց:

Առաջին իսկ օրը պաշտոնական Երեւանը դատապարտեց Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, կոչ անելով` «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»: «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»,- հայտարարեց Հայաստանի ԱԳՆ-ն:

Հունիսի 14-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի իր գործընկերոջ` Աբբաս Արաղչիի հետ։ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրել էր. «Իրանի իմ գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք վերջին զարգացումները եւ մտքեր փոխանակեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համահունչ՝ ընդգծեցինք տարածաշրջանում ռիսկերի կառավարման եւ սրացումից խուսափելու կարեւորությունը։ Մենք շարունակում ենք սերտ կապի մեջ մնալ, ներառյալ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ կապված քննարկումները»։

Իսրայելի հարձակման օրը Նիկոլ Փաշինյանը Պրահայում անցկացվող միջազգային ֆորումի հարթակն օգտագործեց՝ դատապարտելով Իրանի դեմ իսրայելական հարձակումը. «Դա հարցականի տակ է դնում փխրուն կայունությունը, որն ունենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք»:

Իսկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համաժողովի շրջանակներում անդրադարձավ ստեղծված իրավիճակին. «Այսօր Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արեւելքի համար է սպառնալիք, այլեւ Հայաստանի համար խնդիր է։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերելու»։

Սակայն հետաքրքրական էր նույն օրը Արմեն Գրիգորյանի գնահատականը, թե Երեւանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ հարձակվել Հայաստանի վրա…

Պաշտոնական Բաքուն, ինչպես նաեւ Անկարան, «Զանգեզուրի միջանցք» բացելու թեմայից ոչ մի կերպ չեն հրաժարվում: Այս պահանջի ամենագլխավոր եւ հրապարակային ընդդիմախոսը հենց պաշտոնական Թեհրանն է: Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է:

Մինչդեռ Ադրբեջանի եւ Թուրքիայի զինվորականները մոտ երեք շաբաթ Հայաստանին սահմանակից Նախիջեւանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Մինչեւ հունիսի 30-ը ծրագրված երկփուլ վարժանքների մեկնարկն արդեն տրված է:

«Ազատության» հարցին` «տեղաշարժեր չկա՞ն սահմաններին», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է. «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետեւ, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»:

Անվտանգության խորհրդի քարտուղարը Իսրայելի գործողությանը կոնկրետ գնահատական էր տվել. «Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում, եւ էսկալացիան ոչ մի օգուտ, բնականաբար, տարածաշրջանի երկրներին չի բերելու: Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել նաեւ հարցը»:

Սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիքը, ըստ Արմեն Գրիգորյանի, խաղաղության օրակարգն է: Չնայած սահմանամերձ Սյունիքում չդադարող կրակոցներին, Գրիգորյանը կարծում է՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կարողացել են որոշակի կայունության հասնել:

Ինչո՞վ են պայմանավորված կրակոցները, իր ղեկավարած կառույցը ունի՞ ուսումնասիրություն, հարց էին ուղղել նրան: «Հնարավոր նպատակներից մեկը նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ ունեցած հաջողություններից միջազգային հանրության կարող է շեղո՞ւմն է: Կարող է այլ նպատակներ էլ ունենալ: Իհարկե, մենք շարունակում ենք հետեւել եւ փորձել հասկանալ, թե որոնք են այդպիսի քայլերի նպատակը», – նկատել էր ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանն, ի դեպ, չի հերքել շրջանառվող տեղեկությունները, որ առաջիկայում Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, Գրիգորյանը չի բացահայտել:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կայացել էր Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը: Կառավարությունը փոխանցեց, որ նրանք քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թե ի՞նչ հարցեր էին շեշտադրվել, եւ որոնք էին կողմերի դիրքորոշումները, պաշտոնական հաղորդագրության մեջ չնշվեց:

Իսկ Թուրքիայի նախագահի գրասենյակից փոխանցել էին. «Ընդգծելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների կարեւորությունը՝ նախագահ Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շփումների կապակցությամբ»: Նկատենք, որ Անկարան շեշտել էր, որ զրույցը կայացել է Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ:

Բաքուն Երեւանին դարձյալ հիշեցրեց «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հունիսի 14-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում դարձյալ խոսեց Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքից»՝ պատասխանելով Երեւանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» մասին հարցին։

Հաջիեւը մեծահոգաբար համաձայնել է, որ Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների քննարկումներին, բայց դարձյալ շեշտել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարեւորությունը։ «Դա հնարավոր է։ Մենք քննարկում ենք… Մեր նպատակը չէ տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալիզացում տարածաշրջանում, բայց միեւնույն ժամանակ մենք եւս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Ինչու ասացի, որ մի փոքր ուշացած է («Խաղաղության խաչմերուկի» գաղափարը)։ 30 տարի Հայաստանն Ադրբեջանի Նախիջեւան տարածքը մեկուսացման մեջ է պահել, մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարեւոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լավ, այն անվանեք անցուղի, մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջեւանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված են եղել այդ հնարավորությունից: Հենց որ լինի Նախիջեւանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար եւս։ Բայց մենք եւս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Նկատենք, որ «անցուղի» բառը վերջերս օգտագործեց նաեւ Էրդողանը: Այսինքն, հայկական կողմին «չզայրացնելու» նպատակով, հնարավոր է, որ Անկարան ու Բաքուն սկսեն կիրառել հենց այդ բառը:

Իսրայելի հարձակումից 3 օր առաջ Թեհրանից արձանագրել էին, որ խափանել են «Զանգեզուրի միջանցքի» բացումը

Հատկանշական է, որ Իրանի նկատմամբ Իսրայելի հարձակումից 3 օր առաջ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին մի ուշագրավ հայտարարություն էր արել, նշելով, որ Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Նրա փոխանցմամբ` Իրանի հեղինակության նշաններից մեկը` Թեհրանի արագ եւ վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի ճգնաժամին։ «Երբ որոշ երկրներ փորձեցին կապ հաստատել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ, մի ծրագիր, որն իրականում նպատակ ուներ մասնատել Հայաստանը եւ կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ եւ հեղինակությամբ ընդդիմացավ դրան եւ խափանեց այս դավադրությունը»,- նշել էր Վելայաթին։ Նա հավելել էր, որ «ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ամեն ինչ պատրաստ էր այդ միջանցքը գործարկելու համար, բայց Իրանը թույլ չի տվել, որ այն իրականացվի»։ «Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունը իմաստուն քաղաքականության միջոցով եւ կանխել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում»,- նշել էր Վելայաթին։ Ըստ նրա՝ «Զանգեզուրի միջանցքի» նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլեւ հարավից Ռուսաստանը շրջափակելը։ Ուշագրավն այն է, որ Վելայաթին չի խոսել «Զանգեզուրյան» հարցում Մոսկվայի շահագրգռվածության մասին:

Նկատենք, որ մայիսի վերջին, պաշտոնական Անկարան, Էրդողանի մակարդակով դարձյալ հիշեցրեց «Զանգեզուրի» թեման: Թուրքիայի նախագահը Լաչինից վերադարձի ճանապարհին օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձել էր նաեւ Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ հայտարարելով, որ ակնկալում են Իրանի աջակցությունը։ «Ինչ վերաբերում է Զանգեզուրի հարցին… Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջեւանի հետ, այլեւ նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով: Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաեւ կամրապնդի Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները», – ասել էր Էրդողանն ու հավելել. «Մենք ակնկալում ենք, որ մեր հարեւան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը»։

Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա հունվարի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Բաքուն գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ:

Այսինքն, արձանագրենք, որ Բաքուն ու Անկարան հետեւողականորեն մինչ այժմ անտեսել են Թեհրանի հստակ դիրքորոշումը, որ` «Զանգեզուրի միջանցքը» վնաս է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Իրանին: Այս մասին Ալիեւի նշյալ` հունվարյան հայտարարությունից մեկ շաբաթ անց լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: «Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին: Մենք Հայաստանի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք ու միատեսակ ենք մտածում», – նշել էր դեսպանը: Դեսպան Սոբհանին այդ օրը մի քանի անգամ շեշտել էր՝ ճանապարհների ապաշրջափակմանը դեմ չեն, բայց դրանք պետք է բացվեն պետության ինքնիշխանության ներքո:

Իրանի դեսպանը մի քանի ժամ տեւած ասուլիսում շեշտեց՝ խիստ դեմ են այն ամենին, ինչը կբերի Հայաստան-Իրան սահմանի փոփոխության: Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանը զիջումների ու գործարքի չի գնա ինչ երկիր էլ որ լինի, քանի որ սա Իրանի անվտանգության հարցն է:

Իսկ Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունե՞ն այս հարցում, հետաքրքրվել էին լրագրողները: «Մենք հստակորեն ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ մյուս երկրներին հայտնել ենք մեր հստակ դիրքորոշումը: Մենք դեմ ենք այն ճանապարհին, որը կլինի միջազգային վերահսկողության ներքո, մենք դեմ ենք այն ամենին, ինչը կբերի սահմանների փոփոխության: Մենք խիստ դեմ ենք այն ամեն ինչին, որը կհանգեցնի աշխարհաքաղաքական փոփոխության: Հստակ այդ մասին արտահայտվել ենք: Եվ այս հարցի առումով որեւէ երկրի նկատառումները հաշվի չենք առնում: Որոշ երկրներ փորձում են նման կասկած առաջացնել, որ Իրանը Զանգեզուրի հարցում իր դիրքորոշումները զիջել է, Զանգեզուրի հարցը մեր անվտանգության հետ է շաղկապված»,-պատասխանել էր Սոբհանին:

Իսկ ի՞նչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը որոշի ուժով բացել ճանապարհը, հարձակվել Հայաստանի վրա: Դեմ են ուժի կիրառմանը, ընդգծել էր Իրանի դեսպանը, դիվանագիտական ճանապարհով ջանքեր կգործադրեն, որ չլարվի իրավիճակը տարածաշրջանում: «Ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որեւէ բացատրություն չունի: Ես չեմ ցանկանում հիմա խոսել այն մասին, թե ինչ է հնարավոր ապագայում տեղի ունենա ու հավանականությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտեմ: Բնականաբար, Հայաստանի դիրքորոշումը, որ իր տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է լինի իր ինքնիշխանության ներքո, միջազգայնորեն ընդունված իրավունք է: Եթե ուղղորդվենք այս տրամաբանությամբ, ուստի նոր հակամարտություն պետք է տեղի չունենա եւ մեր ողջ ջանքերը կգործադրենք, որ նոր հակամարտությունը կանխենք: Եթե հիմա հարձակում լինի, կարծում եմ Հայաստանն ունի պաշտպանական հզորություն ու հնարավորություն, պաշտպանելու իր երկիրը: Ձեր երկրի պաշտպանության կարողությունները մի թերագնահատեք», – ընդգծել էր Մեհդի Սոբհանին:

Թուրք-ադրբեջանական տանդեմի «Զանգեզուրյան» պահանջը հստակորեն զսպող Իրանի նկատմամբ Իսրայելի հարձակման տարածաշրջանային հետեւանքների վերլուծություն, իհարկե, մերձավորարեւլյան խնդիրներով զբաղվող փորձագետների գործն է: Սակայն մի բան փաստ է. Հայաստանին անհրաժեշտ է ամուր հարեւան ու բարեկամ Իրան: Կայունությունը Իրանում բխում է Հայաստանի շահերից: Ավելին, պարտադրված պատերազմի արդյունքում Իրանի էլ ավելի ամրապնդումը հավասարազոր է Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, ինչպես նաեւ Էրդողանի եւ Ալիեւի «ախորժակի» զսպմանը:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30