Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ մի անգամ է ապրում, բա մի անգամ իր մտածածը չասի՞. Լեւոն Ջավախյան

Հունիս 18,2025 17:41

«Մեր Ալավերդիում մի դհոլչի կար ժամանակին, ու նա ընդամենը մի երգ ուներ, որը համ հարսանիքներին էր երգում, համ էլ տխուր արարողությունների ժամանակ…Դհոլը ականջի մոտ պահում էր…հո ձեն չունե՜ր ու երգում էր. «Ուզում եմ ասեմ՝ աշխարհն իմանա»…Մեծ խորհուրդ կա էդ «ուզում եմ ասեմ»-ի մեջ…Երբ մարդը շատ տխուր է լինում, այդ տխրությունը կիսում է ընկերոջ, ընկերուհու, ընտանիքի, բարեկամի հետ, ու նաեւ եթե լավ խոսք է ունենում, մի բանով երջանիկ է լինում, հիացքի մեջ է լինում, էլի կիսվում է, ինչպես հիմա մարդիկ ֆեյսբուքում են կիսվում: Իմ գրելն էլ դրա նման է, ես ուզում եմ կիսվել մարդկանց մեջ, ինչպես քեզ հետ եմ կիսվում, որ էդ ուրախությունը, հաճույքը միայն իմը չլինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց սիրված գրող ու հայրենատեր քաղաքացի Լեւոն Ջավախյանը, որի համար այս տարին հոբելյանական է: Նա հունիսի 19-ին դառնում է 75 տարեկան:

Խոսելով որոշ գրողների՝ միմյանց նախանձելու մասին՝ Ջավախյանը նշում է. «Դա խիստ մարդկային է, 5 քեռի ունեի, 5-ն էլ իրար նախանձում էին, էն մեկը տուն էր շինում, մտածում էր մի պատ, մի ծառ ինքը ավել դնի…Եսիմ…Ես շատ երկար ապրեցի՝ շատ ուշ ջոկելով, որ նախանձի նկատմամբ չպիտի չարանաս, ուղղակի պիտի կարեկցես, չէ՞ որ նախանձությունը մարդուն ներսից ուտում է, կարող է մարդու մեջ քաղցկեղ առաջացնել…Նախանձողին պետք է կարեկցես, ու ինչքան նախանձողներ շատ ունես էդքան դու մարդ ես:

Սեւակն էլ ասում էր՝ կտրելուց հետո է ջոկվում ծառի մեծությունը, ես էլ որ մեռնեմ, ինչքան մարդ գա հետեւիցս, երկնքում կզգացվի, թե ինչ ձեւի մարդ եմ եղել էս աշխարհում…Ես նորմալ եմ վերաբերվում մահվանը: Երեխա ժամանակ այնքան էի վախենում, հիմի վախ չունեմ, որովհետեւ բնության դրվածքն է, ո՞նց կարելի է բնության դեմ ընդվզել, պարզապես պետք է հաշտ ու խաղաղ ապրես, հաշտ ու խաղաղ էլ գնաս դեպի ավարտ, իսկ Նիկոլ Փաշինյանը հաշտ չի, խաղաղ չի…Մի անգամ ինձ մի հայտնի մարդ ասաց՝ Լեւոն ես աշխարհի ամենադժբախտ մարդը կլինեմ, եթե մեռնեմ եւ սա դեռ վարչապետ լինի…Ես էլ պիտի չմեռնեմ ու իր գնալը տեսնեմ»:

Թե ինչու են մշակույթի ու արվեստի ոլորտների մարդիկ հարմարվում ներկա իրավիճակին, այս մասին էլ Լեւոն Ջավախյանը նշում է. «Շատերը իրենց շատ մեծ համարելով՝ շատ ողորմելի են, մարդ մի անգամ է ապրում, բա մի անգամ իր մտածածը չասի՞…Հաճախ ասում են՝ եթե արվեստագետը աշխատասիրություն, տաղանդ ունենա, կկայանա…Քիչ է դա, շատ քիչ է… արվեստագետի կայացման 50 տոկոսը ռիսկն է, համարձակությունը, արդարամիտ լինելը… Օրինակ, ես միշտ էլ ունեցել եմ էդ ռիսկը, եւ իմ մտածածը համեմված է եղել անկեղծությամբ…Նաեւ պիտի սիրով ասես ամեն ինչը, սերը գիտե՞ս ինչ է, որ քարին սիրես, անգամ քարը մեջտեղից ճոթ կլինի, մնում է՝դու քո զգացումներում արդար լինես եւ շիտակ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լեւոն Ջավախյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30