«Այն դրսեւորումները, որոնք երեկ հասանելի են դարձել համացանցային տիրույթում, դեռ նախորդ տարի երկու տարբեր դրվագներով եւս դրսեւորվել են։ Եվ մենք ստիպված ենք եղել այդ հաղորդումը արգելափակել»,- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով ռուսական հեռուստաալիքներով ՀՀ իշխանությունների դեմ հայտարարություններին։ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ինչ վերաբերում է մալուխային հեռուստատեսությանը, ՀՀ կառավարությունը հաջորդ նստաշրջանում ԱԺ կբերի Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նոր փաթեթը, որը պարտադիր կդարձնի հեռուստաբովանդակության նկատմամբ իրենց ակնկալիքներն ու պահանջները։
«Եվ կա երրորդ շերտ՝ դա համացանցն է։ Այն, ինչ երեկվանից այսօր տարածվում է տարբեր սոցհարթակներում օգտատերերի կողմից, որոնք նաեւ առանձին դեպքերում յուրօրինակ ցնծությամբ եւ էյֆորիայով տարածվում են արդեն հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, վերաբերում է այն հաղորդմանը, որը հասանելի է եղել ռուսաստանյան լսարանի համար։
Ընդ որում, հիմնական մասը ֆեյքեր չեն, մեր հայրենակիցներն են, մեծ ցնծությամբ են տարածել եւ քաջալերող խոսքերով են հանդես եկել՝ հօգուտ այդ հաղորդաշարի։ ԲՏԱ նախարարն իր տնային աշխատանքը դեռեւս նախորդ տարի կատարել է հանրային մուլտիպլեքսի համար, առաջիկայում ձեր օգնությամբ, հարգելի պատգամավորներ, հույս ունենք, որ նաեւ ցանցային օպերատորների համար կսահմանենք հեռուստաբովանդակության կոնտենտի համար այն բոլոր կարգավորումները, որոնք գործում են հանրային մուլտիպլեքսի համար։ Իսկ ինչ վերաբերում է համացանցին, դա արդեն կոմպլեքս խնդիր է, որի համար համապատասխան ռեսուրսների ու գործառույթների ներգրավման պայմաններում այդ հատվածին եւս կանդրադառնանք առաջիկայում»,- նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ անդրադարձավ ռուսական ԶԼՄ-ներին։ «Իսկապես, երեկ ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում այդ տխրահռչակ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական բնույթի, այդ թվում՝ եւ ՀՀ ղեկավարության նկատմամբ։
Դրանից անմիջապես հետ նմանաբովանդակ դրսեւորումներ, արտահայտություններ եղել են նաեւ ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից։ Մենք՝ ՀՀ-ն սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը, այլեւ ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին եւ ոտնձգություն մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ»,- ասաց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց, որ այս մասին հայկական կողմը տեղեկացրել է ռուսաստանյան գործընկերներին․ «Կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ