Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց գործով հերթական դատական նիստը:
Հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը շարունակեց հրապարակել ապացույցների հետազոտման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը ներկայացնում էր պաշտպանական կողմի մեկնաբանությունները:
Կարդացեք նաև
Երկու ժամ աշխատելուց հետո դատարանը նիստը հետաձգեց: Հաջորդը կկայանա հուլիսի 15-ին, ժամը 10:00-ին:
Դատական նիստի ավարտին Վարդան Ղուկասյանը Aravot.am-ին ցանկություն հայտնեց խոսել ոչ թե իր դատի, այլ ճանաչված գործարար եւ մեծ բարերար Սամվել Կարապետյանի հետ նախորդ գիշեր կատարվածի մասին: «Միանշանակ պաշտպանում եմ Սամվել Կարապետյանին: Նման մարդուն մեղադրանք առաջադրել, ձերբակալել, խայտառակություն է: Ամբողջ հայոց ազգի մեջ այսօրվա դրությամբ այդքան մեծ ներդրում անող, ազգի յուրաքանչյուր հարցին իր մասնակցությունն ունեցող մարդուն ուզենալ կալանավորել միայն թուրքերը կցանկանան:
Մի բան կարող եմ ասել: Եթե ամբողջ ՔՊ-ին դնես կշեռքի մի նժարին, կշռես ու լինի, ասենք, 10 տոննա, Սամվել Կարապետյանը 20 տոննա փող է դրել հայոց ազգի համար: Խայտառակություն է սա: Ով իմանում՝ ծիծաղում է, ով իմանում՝ հայհոյում է: Ուղղակի ամոթ է»,-ասաց Գյումրիի քաղաքապետը:
Հարցին, թե որոշ տեղեկություններով Ադրբեջանը Սամվել Կարապետյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ադրբեջանը միանշանակ այդպիսի բան կանի: Որ ժողովուրդն անսում է՝ Ալիեւի կամակատարներն են, ամեն րոպե տեսնում ենք այդ ամեն ինչը»:
Հետաքրքրվեցինք, թե Սամվել Կարապետյանը Գյումրիում ներդրումներ անո՞ւմ է: «Սամվել Կարապետյանն այս պահին «Վառեմ-մարեմի» շենքն է վերականգնելու: Սամվել Կարապետյանը ուզում է Գյումրիում հսկայական թաղամաս կառուցել: Ցավոք սրտի, նախկինները մինչեւ այսօր շինթույլտվություն չեն տվել: Հիմա այդ հարցերը արագացնում եմ: «Վառեմ-մարեմի» թույլտվությունը տվել ենք: Մնացել է թաղամասը: Այդ էլ արագ կարգով կտանք: Մարդը հսկայական ներդրումներ է անում:
Մենք իրար չենք ճանաչում: Ես նրա եղբոր՝ Կարեն Կարապետյանի հետ եմ աշխատել եւ հարգում եմ իրեն: Սամվել Կարապետյանին էլ յուրաքանչյուր հայ ճանաչում, հարգում է՝ կատարած գործերի համար»,-ասաց պարոն Ղուկասյանը:
Դիտարկմանը, թե Սամվել Կարապետյանին քննադատողները որպես վատ օրինակ բերում են, որ նրա ու նրա տիկնոջ նկարը կախված է իր նորոգած եկեղեցու պատին, Վարդան Ղուկասյանը հակադարձեց. «Շատ լավ է: Այդ ամեն ինչը Սամվել Կարապետյանն է արել, նրա նկարն էլ այդտեղ փակցված է: Նախանձությո՞ւն է: Դրանք կարող են համեմատվել Սամվել Կարապետյանի հե՞տ: Ես զարմանում եմ: Սամվել Կարապետյանին ով այդպիսի բան է ասում, նա ուրեմն վերջին մարդն է հայոց ազգի մեջ: Սամվելի պես տղերքին միայն պետք է գլխին դնել ու պտտեցնել: Սամվել Կարապետյանի պես քանի՞ տղա կա: Թող մատների վրա հաշվեն, որ ամեն ինչին մասնակցել է, մասնակից եղել հայոց երկրի զարգացման, շենացման, «Համահայկական» հիմնադրամի բոլոր մարաթոներին մասնակցել է: Հապա նայեք՝ դրանց անուն-ազգանունները կա՞ն, թեկուզ հազար դրամով մասնակից եղե՞լ են, որ ելել ու այսօր Սամվել Կարապետյանին քննադատում են:
Մի խոսքով, Սամվելին հարգում ենք: Սամվել, կողքդ կանգնած ենք, հեչ չմտածես, Աստված մեզ հետ է»,-եզրափակեց Գյումրիի քաղաքապետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն է Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում: Մինչև 2020 թ.-ն նրա նվիրատվությունների գումարային չափն արդեն գերազանցել էր 25 միլիոն դոլարը: Կարապետյանը նաև Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի և բազմաթիվ այլ ենթակառուցվածքային ծրագրերի մեկենասն է:
Շատ ավելի ազնիվ ու իրատեսկան կհնչեր, եթե ասեր. «կողքդ նստած կլինենք»։