Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխել է Գյումրու սրտում գտնվող իր տան պատշգամբի բազրիքը ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում

Հունիս 18,2025 20:45

Aravot.am-ի տեղեկություններով, օրերս Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում գտնվող իր բնակարանի պատշգամբի բազրիքը փոխելու համար տանտիրուհին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հետաքրքիրը սակայն այն է, որ նա անակնկալի է եկել՝ իմանալով, որ չի կարելի ձևափոխել Գյումրու պատմական կենտրոնում գտնվող շենքերը․ նա մտածել է, որ դա իր սեփականությունն է, ինչպես ուզի, այնպես կանի։

Մինչդեռ Գյումրու պատմական կենտրոնում գտնվող շենքերն ու տները «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում են, և քիչ չեն այն դեպքերը, երբ դրանք առանց թույլտվության թեկուզև աննշան ձևափոխելու համար քաղաքացիները հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում, քրեական վարույթներ են նախաձեռնվում։

Այս պատմության հետ կապված մենք տեղեկացանք, որ մայիսի 14-ին համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունից գրություն է ստացվել այն մասին, որ խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածների դրույթները՝ Գյումրի քաղաքի Ռիժկովի ճեմափողոցի բնակելի շենքերից մեկում առանց լիազոր մարմնի թույլտվության փոխվել է պատշգամբի բազրիքը։

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընթացքում հեռախոսազրույց են ունեցել երևանաբնակ Է․Կ․-ի հետ, ով հայտնել է, որ այդ բնակարանը պատկանում է Կ․Ն․-ին, ով ևս Երևանից է, սակայն գտնվում է ԱՄՆ-ում։  Ավագ համայնքային ոստիկան Լ․Խ․-ն «Վոսթափի» միջոցով կապ է հաստատել բնակարանի տիրոջ հետ։ Նա հայտնել է, որ ինքն է փոխել բնակարանի բազրիքը և անկեղծորեն զարմացել է, որ չի կարելի այն ձևափոխել։ Նա ասել է՝ տեղյակ չի եղել, որ շենքի հետ որևէ փոփոխություն կատարելու իրավունք չունի։ Տանտիրուհին հայտնել է, որ սեպտեմբերին կվերադառնա Հայաստան և կներկայանա համապատասխան մարմնին։
Ավագ համայնքային ոստիկանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները՝ Mediamax.am-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30